Հյուրանոցը չեղարկել է ամրագրումը՝ եռակի թանկացնելով գինը. ինչ է կատարվում Գյումրիում համահայկական խաղերին ընդառաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում օգոստոսի 5-19-ը կայանալիք Համահայկական ամառային խաղերի պատճառով հյուրանոցներում ազատ համար դժվար է գտնել: Ավելին՝ մեր խմբագրությունը ահազանգ է ստացել քաղաքացուց, ով պատմել է, որ դեռեւս շաբաթներ առաջ «Գյումրի» հյուրանոցում սենյակ էր ամրագրել, իսկ օրերս հյուրանոցը որոշել է չեղարկել ամրագրումը եւ դա պատճառաբանել «տեխնիկական խնդիրներով»:

Քաղաքացին նկատել է, որ նույն հյուրանոցում սենյակի գինը երեք անգամ թանկացել է, եթե ինքը ամրագրել էր 28 հազար դրամով, չեղարկումից հետո այն արժե 70 հազար դրամ, այսօր արդեն որեւէ ազատ սենյակ այդ հյուրանոցը չունի, մյուս հյուրանոցներում եւս դժվար է գտնել ազատ սենյակ:


«Սա առնվազն անհարգալից վերաբերմունք է, այսինքն՝ շաբաթներ առաջ մեր ամրագրումը չեղարկել՝ առանց ներողություն խնդրելու, փոխհատուցում առաջարկելու, առանց որեւէ քայլ ձեռնարկելու մեզ տեղավորելու համար….իսկ հետո այդ սենյակը եռակի թանկացնել, գումար շորթելը ուրիշ ո՞նց է լինում»,-ասաց վրդովված քաղաքացին։

Ուշագրավ է, որ հյուրանոցի հետ ունեցած նամակագրությունից հետո արտասահմանյան համարից քաղաքացին զանգ է ստանում, ռուսախոս աղջիկը ներկայանում է booking համակարգից եւ հայտնում ամրագրման չեղարկման մասին, մինչդեռ հյուրանոցային բիզնեսին առնչված անձինք գիտեն, որ booking-ը հեռախոսահամար չունի, չի զանգում քաղաքացիներին, ավելին՝ համակարգից որեւէ հեռախոսահամար գտնելը անգամ տնտեսվարողների համար շատ բարդ է։

Հիմնավոր կասկածներ կան, որ «booking»-ից զանգը կազմակերպվել է հենց հյուրանոցի կողմից՝ լեգիտիմացնելու «տեխնիկական պատճառներով չեղարկումը»։

Ք․ Մ․




Լրահոս