Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը շարունակում է մեկը մյուսի հետևից զավեշտալի որոշումներ կայացնել:
ArmLur.am-ը նկատեց, որ Երևանի կենտրոնում գտնվող մի քանի շենքերի վրա տեղեկատվական թռուցիկներ են փակցվել, որ օդային տագնապի դեպքում բնակիչները պետք է ապաստանեն Մաշտոց-Լուսավորիչ-Պարոնյան խաչմերուկի ստորգետնյա գետնանցումի տարածքում:
ArmLur.am-ն ընդամենը մեկ ամիս առաջ էր արձանագրել, թե ինչ անմխիթար վիճակում է գտնվում այդ անցումը, ու մեկ ամիս անց էլ որևէ փոփոխություն չկա: Ամենուր թափված են փլուզված պատերի քարեր, անպիտան երկաթներ, մեծ արկղերով աղբեր են դրված, լուսավորություն ընդհանրապես չկա, կեղտաջրերի վրայով մարդիկ ցատկելով են փորձում անցնել, իսկ խորհրդային տարիներից առկա գարշահոտությունը տարածված է ամբողջ տարածքում:
Հետաքրքիր է, թե Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ինչ տրամաբանությամբ է շարժվել, որ որոշել է վտանգի դեպքում մարդկանց տեղավորել այդ անմիխիթար, քարուքանդ եղած ու գարշահոտ գետնանցումում: Փոխանակ նախ բարեկարգեն գետնանցումը, հետո նոր անհրաժեշտության դեպքում որպես պատսպարման վայր առաջարկեն բնակիչներին:
Թերևս, սա մեկ անգամ ևս վկայում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանի անհետևողական և անպատասխանատո աշխատանքի մասին:
Հետաքրքիր է ինքը՝ թաղապետը, քանի րոպե կարող է մնալ այդ գետնանցումի տարածքում, որ առաջարկում է բնակիչներին։
Քրիստինա Մուշեղյան