ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐԻՑ ԽՈԻՍԱՓՈՂ ԱՆՁԻՆՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ իրավապահները շարունակում են պատասխանատվության կանչել բոլոր այն անձանց, որոնք խուսափում են վարժական հավաքներին մասնակցելուց: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

 

Մեզ հայտնի դարձավ, որ Սաշա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ եւ 59-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 02.02.2023 թվականի թիվ 122-Ն եւ 03.02.2023 թվականի թիվ 039 որոշումների հիման վրա, ենթակա է եղել զորակոչման 04.04.2023 թվականից մինչեւ 29.04.2023 թվականն անցկացվող վարժական հավաքին, սակայն 2023 թվականի մարտի 07-ին ՀՀ ՊՆ եւ ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում հրաժարվել է վարժական հավաքին մասնակցելուց, վերոնշյալ վարժական հավաքին չի ներկայացել Արարատի մարզի տարածքային ստորաբաժանում, որպիսի պայմաններում խուսափել է 04.04.2023 թվականից մինչեւ 29.04.2023 թվականը պահեստազորայինների պատրաստության շրջանում հայտարարված վարժական հավաքից՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սամանված հիմքերի բացակայության դեպքում:

Գեղամ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ եւ 59-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 02.02.2023 թվականի թիվ 122-Ն եւ 03.02.2023 թվականի թիվ 039 որոշումների հիման վրա, ենթակա է եղել զորակոչման 10.05.2023 թվականից մինչեւ 05.06.2023 թվականն անցկացվող վարժական հավաքին, սակայն 2023 թվականի մարտի 16-ին ՀՀ ՊՆ եւ ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում ստորագրելով պարտավորագիր` վերոնշյալ վարժական հավաքին չի ներկայացել Արարատի մարզի տարածքային ստորաբաժանում, որպիսի պայմաններում խուսափել է 10.05.2023 թվականից մինչեւ 05.06.2023 թվականը պահեստազորայինների պատրաստության շրջանում հայտարարված վարժական հավաքից՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սամանված հիմքերի բացակայության դեպքում:

Գեւորգ Թազայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ քաղաքացի, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ եւ 59-րդ հոդվածների, ինչպես նաեւ ՀՀ Կառավարության 02.02.2023 թվականի թիվ 122-Ն եւ 03.02.2023 թվականի թիվ 039 որոշումների հիման վրա, ենթակա է եղել զորակոչման 11.05.2023 թվականից մինչեւ 05.06.2023 թվականն անցկացվող վարժական հավաքին, սակայն 2023 թվականի ապրիլի 04-ին ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանումում հրաժարվել է ստանալ ծանուցագիր եւ վերոնշյալ վարժական հավաքին չի ներկայացել Արարատի մարզի տարածքային ստորաբաժանում, որպիսի պայմաններում խուսափել է 11.05.2023 թվականից մինչեւ 05.06.2023 թվականը պահեստազորայինների պատրաստության շրջանում հայտարարված վարժական հավաքից՝ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սամանված հիմքերի բացակայության դեպքում:

 

 

 

 

ՓՆՏՐՈՒՄ ԵՆ ՄՈՐԸ

Իրավապահները մտել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնք ու փնտրում են Մատուռի մոտ հայտնաբերված նորածին երեխայի մորը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահները հանել են տվյալներ, որ համայնքը ունի մոտ 2000 բնակիչ, ու այս պահին իրականացվում է մեծածավալ աշխատանք՝ պարզելու, թե համայնքի բնակիչներից ում տանն է հղի եղել։ Ավելին՝ քննվում է նաեւ այլ վարկած, որ միգուցե հարակից գյուղից է եղել ծննդկանը։

Նկատենք, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականություններ չկատարելը, որը առաջացրել է ծանր հետեւանք, պատժվում է 1-4 տարի ժամկետով)։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Երեւանի «Մուրացան» բժշկական կենտրոնում մահացել է այսօր Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի «Սուրբ թաղ» թաղամասի հարեւանությամբ գտնվող մատուռի մոտ հայտնաբերված նորածին տղան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան «Մուրացան» հիվանդանոց էր տեղափոխվել Մարտունու բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ուղեկցությամբ, եւ «Մուրացանի» բժիշկները մի քանի ժամ շարունակ պայքարում էին երեխայի կյանքի համար, որը փրկել չհաջողվեց։

 

 

 

ԵՎՍ ՄԵԿ ՀՐԴԵՀ՝ ԶՈՐԱՄԱՍՈՒՄ

Պարզվում է՝ Ազատ գյուղում այս տարվա կացարանի հրդեհից առաջ, որը խլեց 15 զինվորի կյանք, եւս մեկ ուշագրավ դեպք է եղել։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ՊՆ N զորամասի (Սյունիքի մարզ) կապի վաշտի ռադիոդասակի ռադիոջոկի ռադիոհեռախոսավար, կոչումով շարքային Մարատ Մհոյանը 2022թ. մարտի 26-ին՝ «Բիլայն» վերահաղորդիչ կայանում մարտական հերթապահություն իրականացնելիս, թույլ է տվել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 16-րդ հավելվածով սահմանված պահանջների խախտում, այն է՝ ցուրտ եղանակին կացարանից հաճախակի դուրս չգալու համար տրվող նյութ հանդիսացող բենզինով լցված պլաստմասե տարան թողել է չնախատեսված վայրում՝ ածուխի վառվող վառարանի մոտակայքում, իսկ երբ նույն օրը՝ ժամը 20:10-ի սահմաններում, ցանկացել է տարայի մեջ լցված բենզինով լիցքավորել բենզոագրեգատը, տարայի փականը բացելուն պես հավաքված գոլորշին արտամղվել է դուրս եւ հասել ածուխի վառվող վառարանին, ինչի հետեւանքով բռնկվել է հրդեհ, եւ կացարանն ամբողջովին այրվել է. ՀՀ ՊՆ N զորամասին անզգուշությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7.514.772.59 ՀՀ դրամին համարժեք գույքային վնաս. ամբողջական այրվել է տարբեր տեսակի ռազմական գույք:

Ըստ էության, այս դեպքը դաս չի եղել, ու դեպքից ամիսներ անց այրվել է Ազատ գյուղի կացարանը։ Այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, ու գործն ուղարկվել է դատարան։

Նյութերը՝ ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

 

 

 

 

ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՎՃԱՐԻ ՍՆՈՒՆԴ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվում են խաբեության դրսեւորմամբ առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու դեպքի հանգամանքները:

Վարույթի քննության ընթացքում կատարված բազմածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ս.Հ.-ն, հանդիսանալով «ԱՐԵՆ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության լիազորված անձը եւ ընկերության փաստացի ղեկավարը, պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու նպատակով, խաբեության դրսեւորմամբ թաքցրել է հարկման օբյեկտը, արդյունքում չի հաշվարկել եւ պետական բյուջե չի վճարել 170.897.286 ՀՀ դրամի չափով մաքսային վճարներ:

Մասնավորապես՝ Ս.Հ.-ն պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերով մաքսային վճարները չվճարելու նպատակով, խաբեության դրսեւորմամբ, այն է՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից օտարերկրյա իրավաբանական անձի հիմնարկի անվամբ, սակայն փաստացի «ԱՐԵՆ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում իրացնելու համար 2023 թվականի ապրիլի 15-ին թվով 11 տարանցման հայտարարագրերով Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծել ընդհանուր 283.250կգ բեռ` սերուցք եւ կարագ՝ 700.000 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով: Ապա Ս.Հ.-ի ցուցումով՝ իրավասու մարմնին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր, համաձայն որոնց՝ իբրեւ թե նշված ապրանքները պատկանում են վերոնշյալ օտարերկրյա իրավաբանական անձին եւ նախատեսված են վերջինիս կարիքների համար։ Դրանց հիման վրա՝ ՀՀ մաքսային մարմինը, առանց մաքսային վճարների գանձման, 2023թ. ապրիլի 22-ին 700.000 ԱՄՆ դոլար մաքսային արժեքով 283.250կգ բեռը բաց է թողել «թույլատրված» կարգավիճակով:

Ս.Հ.-ն, մաքսային վճարների հաշվարկման կամ վճարման պարտավորություն առաջացնող գույքի վերաբերյալ խեղաթյուրված տվյալներ ներկայացնելով, թաքցրել է հարկման օբյեկտը:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմինը հսկող դատախազին ներկայացրել է միջնորդություն, եւ վերջինիս ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Մեղադրյալը ձերբակալվել է:

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով։

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս