Արմավիրի և Կոտայքի դատախազներին ազատեցին աշխատանքից․ գաղտնալսման հետևանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը գաղտնալսման արդյունքում աշխատանքից ազատեց Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանին։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ուժային կառույցները Հայաստանում աշխատում են գաղտնալսման պայմաններում: «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ գաղտնալսման արդյունքում դատախազներ են ազատվել աշխատանքից, իսկ ոմանց մասով ծառայողական քննություն է սկսվել, որն էլ ունեցավ իր ելքը․ նրանց ազատեցին:

Այսպիսով, ArmLur.am-ի լուրերի համաձայն՝  Գլխավոր դատախազությունը կասեցրել է Արմավիրի մարզի դատախազ Աշոտ Մարտիրոսյանի և Կոտայքի մարզի դատախազ Ապրես Գրիգորյանի լիազորությունները և ծառայողական քննություն է սկսել նրանց նկատմամբ։ Իսկ ինչու՞։ Բանն այն է, որ իրավապահները, գաղտնալսելով Արմավիրի դատախազ Աշոտ Մարտիրոսյանին և Կոտայքի դատախազ Ապրես Գրիգորյանին, պարզել են, թե ինչպես են նրանք նեղսրտած խոսում, քննադատում ու տարբեր կարծիքներ արտահայտում Արմավիրի դատախազ Վահան Սարգսյանի կամ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։
Այս ներքին քննարկումն էլ ճակատագրական է դարձել երկու դատախազների համար, ու նրանց լիազորությունները գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դադարեցրել է ու սկսել ծառայողական քննություն։

Այսքանով Դատախազությունում «վհուկների որսն» ու ներքին «խժռոցը» չեն ավարտվել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ ԱԱԾ-ն այս գաղտնալսման արդյունքում մտել է Կոտայքի ու Արմավիրի մարզերի Դատախազություն, դատախազներին պառկեցրել գետնին ու սկսել գործողություններ: Այստեղ էլ հասունացել է դրամայի երկրորդ մասը. Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի գործելաոճը դատախազների մոտ սկսել է քննարկվել Սերժ Սարգսյանի գործը քննող դատախազ Արսեն Մարտիրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատախազ Պետրոս Պետրոսյանի հետ ունեցած խոսակցությունների ժամանակ: Նրանք ոչ այդքան հաճելի կարծիքներ են արտահայտել Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանի հասցեին, ինչպես նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին։
Եվ, ահա, այս գաղտնալսումն էլ պատճառ դարձավ, որ օրերս աշխատանքից ազատվեն դատախազներ Արսեն Մարտիրոսյանը,Պետրոս Պետրոսյանը և գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը։ Իրավիճակը ցույց է տալիս, որ դատախազները ներքին միջանձնային խոսակցության համար ազատվում են աշխատանքից:
Այլ կերպ ասած, Հայաստանը վերածվել է գաղտնալսումների երկրի, որտեղ քաղաքական իշխանությանը ընդդիմացողների խոսքի ազատությունը ոտնահարվում է»:

Քնար Մանուկյան




Լրահոս