Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի եւ «Թանդիս» իրանական թատերախմբի համագործակցության արդյունքում հուլիսի 29-ին Արտաշատի թատրոնի բեմ կբարձրանան «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրզադի համար» եւ «Զուգահեռ շրջան» ներկայացումները:
Բեմադրություններում ընդգրկվել են եւ՛ հայ, եւ՛ իրանցի դերասաններ:
Հուլիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը Արտաշատի թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանը կարեւորեց երկու երկրների միջեւ մշակութային երկխոսությունը, որը հաջողվում է:
«Արդեն մեկ ամիս է՝ մեր դերասաններն աշխատում են իրանական կողմի դերասանների ու բեմադրիչների հետ, ինչի արդյունքում երկու ներկայացում կունենանք: Նախատեսում ենք հետագայում բեմադրություններով հանդես գալ թե՛ Հայաստանում, թե՛ Իրանում կայանալիք միջազգային փառատոններին»,-շեշտեց նա:
«Թանդիս»-ի տնօրեն Ֆաթիմեհ Աբդոլռահիմին, ներկայացնելով թատերախմբի ստեղծման պատմությունը, հիշեցրեց կորոնավիրուսի համավարակի մասին, որը մեծ վնասներ հասցրեց տարբեր բնագավառներին, այդ թվում՝ մշակույթին:
«Արվեստագետներով որոշեցինք հենց այդ պայմաններում զարկ տալ մշակույթին ու թատրոնին եւ 2022 թվականին, երբ Իրանում համավարակն իր գագաթնակետին էր հասել, ստեղծեցինք թատերախումբը, որը ճանաչում ձեռք բերեց Իրանում եւ հաջողություններ գրանցեց»,-ասաց Աբդոլռահիմին:
Մինչ օրս «Թանդիս»-ը 22 ներկայացում է խաղացել: Երկու բեմադրությամբ հանդես են եկել արտերկրում: Թատերախմբի նպատակներից է ոչ միայն պրոֆեսիոնալներին, այլեւ երիտասարդ սերնդին հարթակ տրամադրել՝ ստեղծելով սեփական դպրոցը:
Ներկայացումներից 17-ի բամեդրիչը «Խոսրովի սիրո հեքիաթ-պատմությունը Շահրզադի համար» պիեսի հեղինակ, ռեժիսոր եւ գլխավոր դերասան Համեդ Շեյխն է:
Նրա խոսքով՝ որոշել է բեմադրել հենց այդ պիեսը, քանի որ այն անմիջական կապ ունի ինչպես իրանցիների, այնպես էլ հայերի հետ: «Խոսրովն Իրանի արքան է եւ սիրահարվում է հայ արքայադուստր Շիրինին՝տեսնելով նրա նկարը: Սա հայ-իրանական պատմություն է՝ գեղարվեստական լուծումներով, որովհետեւ իրական պատմությունը շատ է տարբերվում գրական ստեղծագործությունից»,-պատմեց ռեժիսորը:
Իսկ «Զուգահեռ շրջան» պիեսի հեղինակ, ռեժիսոր եւ գլխավոր դերասան Մոջթաբա Ջաֆարիփուրին հավաստիացրեց՝ երկու պատմություններն իրարից շատ են տարբերվում: Նրա խոսքով՝ «Զուգահեռ շրջան»-ը այն մասին է, որ աշխարհը, որում մենք ապրում ենք, լի է անարդարությամբ, պատերազմներով, եւ բոլորս բախվում ենք այդ խնդիրներին ու ձգտում մեկ այլ աշխարհ ստեղծել, որն ավելի լավը կլինի: «Այդ մտորումներին, մարդու տառապանքներին է անդրադառնում պիեսը, եւ մենք փորձելու ենք հանդիսատեսին մասնակից դարձնել դրան եւ հույս արթնացնել, որ, վերացնելով չարը, կկարողանանք ավելի լավ մարդկանցով ու արդար աշխարհ ստեղծել»,-շեշտեց Ջաֆարիփուրին:
Համագործակցության պրոդյուսեր եւ ՀՀ-ում «Թանդիս» խմբի ներկայացուցիչ Արմինա Սարգսյանն էլ շեշտեց՝ որոշել են աշխատել Արտաշատի թատրոնի հետ, քանի որ ցանկանում են ապակենտրոնացնել համագործակցությունն ու մշակութային իրադարձությունները, հաշվի են առել նաեւ այն հանգամանքը, որ առաջին թատերական ներկայացումը բեմադրվել է Արտաշատում:
Մամուլի ասուլիսի վերջում կողմերը համագործակցության հուշագրեր ստորագրեցին՝ ընդգծելով, որ ներկայացումների մուտքն ազատ է:
ՄԱՅՔԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ
Հուլիսի 26-ին դերասան, երգիչ Մայքլ Քոթանջյանի ծննդյան օրն է։ Նա ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան Ռաֆայել Քոթանջյանի միակ զավակն է։
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է Մայքլ Քոթանջյանի հետ։
-Պլանավորու՞մ եք նշել Ձեր ծննդյան օրը
-Երեխաներս գիշերը՝ ժամը 00։00-ին, տորթով սենյակ մտան երգելով։ Դա ամենալավ նվերն էր ինձ համար։ Ընտանիքի շնորհավորանքն ինձ համար ամենակարեւորն է։ Այսօր երեւի ընտանիքով եւ մտերիմներով կհավաքվենք տանը, բայց, որպես այդպիսին, չեմ նշելու։
-Ամենավառ հիշողությունը ո՞րն է, որ ունեցել եք Ձեր ծննդյան օրերին, հետաքրքիր պատմություններ կա՞ն։
-Բոլորն էլ հետաքրքիր են եղել, մանավանդ այն ժամանակ, երբ հայրիկը կար, իմ կողքին էր, այդ ժամանակ շատ հաճելի էր։ Ինքն առաջիններից էր, որ ինձ շնորհավորում էր, եւ ինձ համար դա ամենակարեւորն էր։ Հիմա տխուր եմ այդ առումով, քանի որ ինքը չի շնորհավորել ինձ։
Հիշեցնենք, որ այս տարի՝ հունիսի 13-ին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի մահվան տարելիցն էր: Այդ կապակցությամբ Քաղաքային պանթեոնում տեղի էր ունեցել արտիստի հուշարձանի բացման արարողությունը:
ԻՆԵՍԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԶԱՅՐԱՑԵԼ Է
Ինչպես արդեն «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, երգչուհի, ոճաբան Անահիտ Սիմոնյանը, որն այս օրերին իր հանգիստն է անցկացնում որդու հետ Հունաստանում, շարունակում է հանրության ուշադրության եւ քննադատության կիզակետում մնալ: Այս անգամ սոցիալական ցանցի օգտատերերը երգչուհուն քննադատել են որդու՝ Արմանի երկար մազերի համար, ինչն Անահիտին զայրացրել է, եւ նա «Ինստագրամ»-ի «Սթորի» բաժնում պատասխանել է վերջիններիս:
«Առաջին եւ վերջին անգամ եմ գրում, որ հանգիստ թողեք երեխուս մազերը: Արմանն ինչ կուզի, ինչպես կուզի, կանի, ու ես իր կողքին եմ լինելու միշտ: Եթե ձեզ ձեր դեռահաս տարիքում թույլ չեն տվել ինքնահաստատվել եւ ինքնաարտահայտվել, դա բացառապես ձեր ծնողների բացթողումն է: Արմանի սանրվածքը բացառապես իր ցանկությունն է: Դիմում եմ բոլորին, ովքեր իրենց պարտքն են համարում Արմանի մազերի մասին կարծիք արտահայտել: Ձեր կարծիքը մեզ հետաքրքիր չի, եւ դո՛ւրս հրավիրեք ձեզ մեր էջերից: Զբաղվե՛ք ձեր եւ ձեր երեխաների սանրվածքով եւ դաստիարակությամբ»,- գրել է երգչուհին:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԸ՝ ՓԱՐԻԶՈՒՄ
Փարիզի 2024 թվականի ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնաց ճիշտ մեկ տարի: Հայաստանը 33-րդ ամառային օլիմպիական խաղերին դեռեւս ունի մեկ մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերը կկայանան 2024 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Խաղերի բացման արարողությունը կլինի բացառիկ, քանի որ առաջին անգամն է, որ այն անցկացվելու է ոչ թե մարզադաշտում, այլ Ֆրանսիայի սրտում` Սեն գետի երկայնքով:
Փարիզը Լոնդոնից հետո երկրորդ քաղաքն է, որը երրորդ անգամն է հյուրընկալում Օլիմպիական խաղերը (1900, 1924, 2024): 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման արարողության օրը խորհրդանշական է, քանի որ 1924 թվականին խաղերի փակման արարողությունը կայացել է այդ օրը:
Հավաքականները բացման արարողությանը կմասնակցեն նավակներով: Փարիզի օլիմպիական խաղերում 32 մարզաձեւում կխաղարկվի 329 մեդալ, իսկ մասնակիցների թիվը կգերազանցի 10 հազարը: Այս Խաղերում նոր մարզաձեւ է լինելու՝ բրեյք դանսը:
Փարիզի օլիմպիական խաղերի մի քանի մարզաձեւերի մրցումներ կանցկացվեն Թաիթիում, Նանտում, Լիոնում, Մարսելում, Սենթ-Էթյենում եւ այլն: Այս խաղերում կաշխատեն մոտ 45 հազար կամավորներ՝ աշխարհի տարբեր երկրներից:
Փարիզի խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նաեւ ՕԽ-ի թալիսմանին` մասկոտին: Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների եւ ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության եւ ազատության խորհրդանիշ: Հիշեցնենք նաեւ, որ Փարիզի 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է խաղերի փոխանցումավազքի ջահը:
Փոխանցումավազքի ջահը երեք գաղափար է կրում` հավասարություն, հանգստություն եւ ջուր:
ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԱԿՈՒՄԲ
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի խաղացող Գաբրիել Աճեմյանը տեղափոխվել է Բեյրութի «Հոմենեթմեն» ակումբ. այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: «Հոմենեթմեն»-ը Լիբանանի հայ համայնքի կողմից մեծ սեր վայելող ակումբ է:
Այն հաջողությամբ հանդես է գալիս Լիբանանի առաջնությունում, իսկ 2018 թվականին դարձել է երկրի չեմպիոն:
Նշենք, որ Գաբրիել Աճեմյանը նախկինում հանդես է եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում, իսկ 2022 թվականին նշել է իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականի կազմում եւ դարձել Եվրոպայի փոքր երկրների չեմպիոն: