Ո՞Վ Է ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾԱՐԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 28-ին Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, կալանավորվեցին: Երեկ էլ կալանավորվեց գործարար Արման Պետրոսյանը: Նրանք կասկածվում են պետությանը 966 մլն դրամի գույքային վնաս պատճառելու մեջ, թեեւ փաստաբանը նշել էր 166 մլն կեղծ հիմքերով քրգործի մասին:

«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ գործարար Արման  Պետրոսյանը կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի (հայտնի կառուցապատող) փեսան է։

Էդուարդ Մադաթյանին եւ նրա փեսային է փաստացի պատկանում Երեւան քաղաքի կենտրոնում՝ Պուշկինի 25 հասցեում վեր խոյացած բարձրահարկը, որը, բնակելի շենք լինելուց բացի, իր ներսում նաեւ ունի ռեստորանային համալիր, սրճարան եւ այլն: Գործարար Պետրոսյանն էլ բնակվում է հենց Պուշկինի այդ շենքի վերջին հարկում: Ըստ պաշտոնական տեղեկատվութան՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, նրա որդի, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը եւ գործարար Արման Պետրոսյանը 2012 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր եւ խարդախությամբ հափշտակել «Երեւանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երեւանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը:

Նշենք, որ Արման Պետրոսյանի եղբայրը «օրենքով գող» Պզոյի՝ Արմեն Ղազարյանի փեսան է:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը թեեւ ցանկանում է առավել ակտիվ գործունեությամբ զբաղվել, բայց չի ստացվում: Մեր տեղեկություններով՝ իր ցանկությունների մասին նա պարբերաբար բարձրաձայնել է իր հանդիպումների ժամանակ, նեղսրտել հաճախ իր հասցեին հնչող քննադատությունների համար, որ չի խառնվում ներքաղաքական հարցերին:  Միեւնույն ժամանակ, նա իր աշխատակիցներին բացատրել է, որ չի կարողանա ակտիվանալ որպես ՀՀ նախագահ, քանի որ փոքր լիազորություններ ունի, եւ ցանկության դեպքում էլ բան չի կարող անել։ Ամեն դեպքում, քանի որ իր շրջապատում եղել են կարծիքներ, տեսակետներ, թե նա մարդկանց աչքից ընկել է նախագահ դառնալուց հետո, քանի որ այլեւս ոչինչ չի անում, որոշել է ակտիվանալ եւ փորձել վերականգնել իր դրական իմիջը։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկությունները ճշտել Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, որտեղից մեզ հայտնեցին. «Հանրապետության նախագահն իր գործունեության մեջ առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ եւ ամբողջ ծավալով իրականացնում է իր սահմանադրական լիազորությունները»:

 

 

 

 

Այսօր կալանավորված ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կգնա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները «զենք-զրահով» պատրաստված սպասում են Տոնոյանին դիմավորելուն: Այսպիսով, մինչ ԱԺ քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը ՔՊ-ականները մի քանի անգամ հավաքվել, նիստեր են արել ու անհրաժեշտ ցուցումներ ստացել: Ինչպես մեր ՔՊ-ական աղբյուրներն են փոխանցում, հրահանգներն իջեցվել են անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից. կարելի է ասել՝ հարցերը գրել, տվել են ՔՊ-ականներին, նրանց մնում է միայն կոշտ ու սուր տոնով դրանք ուղղել ՊՆ նախկին նախարարին: ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ իր հերթին լավ նախապատրաստել է ՔՊ-ականներին, ասել է, որ հարցախեղդ անեն Դավիթ Տոնոյանին, կոշտ հարցեր ուղղեն նրան: Տեղեկացանք նաեւ, որ նիստի սկզբնամասը բաց է լինելու, իսկ մի մասն էլ՝ փակ, գաղտնի ռեժիմով:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ դատարանը ազատ է արձակել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ծեծի ենթարկելու դեպքով կալանավորված անձանցից մեկին. ո՞վ է նա: Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ ԱԱԾ-ն կալանավորել էր Արա Բադոյանին, եւ մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի եւ, դրանով պայմանավորված, նույն օրը ՀՀ-ում եւ Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ պատերազմը դադարեցնելու եւ Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող մի շարք տարածքներ Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ձեռք բերված համաձայնության վերաբերյալ հայտարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հրապարակվելու հետո, համացանցի միջոցով տեղեկանալով, որ մայրաքաղաք Երեւանում գտնվող ՀՀ կառավարության շենքի մոտ ամբոխ է հավաքել, եւ կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել է նշված վայր եւ միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին, հարվածներ հասցրել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Բադոյանը չէր ընդունում մեղադրանքը եւ իրավապահներին հայտնել էր, որ այնտեղ գտնվել է, բայց չի հարվածել Արարատ Միրզոյանին: Եվ, ահա, այս գործը ուղարկվել էր դատարան. դատարանը 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել ԱԳ նախարարին ծեծած անձին:

 

 




Լրահոս