«ԲԱՑՈՒՄ»-Ը՝ ՄԱԿ-Ի ԴԻՄԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բացում» նախաձեռնությունը ակնկալում է, որ ՄԱԿ գրությամբ ավտոմեքենաները Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղ կհասցնեն իրենց հավաքած հումանիտար բեռը՝ պարենը: ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի դիմաց հրավիրված ասուլիսում այս մասին ասացին նախաձեռնության անդամները:

 

«Բացում» նախաձեռնության մասնակիցները տարբեր քաղաքական հայացքներով մարդիկ են, որոնք կարողացել են համատեղ 3 նպատակ մշակել:

«Առաջինն է բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը, երկրորդը՝ ապահովել անվտանգություն, այդ միջանցքի անարգել ու անժամկետ օգտագործում, որով Հայաստանի եւ Արցախի միջեւ բեռնափոխադրում կլինի: Երրորդը՝ դուրս ենք եկել պայքարի Արցախի մեր հայրենակիցների իրավունքների համար, որոնք հայտնվել են հումանիտար աղետի շեմին: Այստեղ հավաքվելով՝ մենք ամենօրյա ռեժիմով ցույց ենք տալիս, որ 24 ժամ շարունակ կանգնած ենք Արցախի կողքին»,-ասաց «Բացում» նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը:

Նա հայտնեց՝ նախաձեռնությունը հումանիտար բեռներ է հավաքել, որոնք փոխանցելու են ՄԱԿ-ին՝ ակնկալիքով, որ Լաչինի միջանցքով դրանք տեղափոխվեն Արցախ: Սկսել են հավաքել հուլիսի 19-ից, արդեն տասնյակ տոննա հումանիտար բեռ են հավաքել: Նարեկ Այվազյանը վստահեցրեց՝ ՄԱԿ-ի գրասենյակն ամեն օր հարցնում է իրենց հավաքած հումանիտար բեռների մասին, ուշիուշով հետեւում են ու տեղեկատվությունը փոխանցում ՄԱԿ-ի գլխամաս:

Նախաձեռնության մասնակիցները հուլիսի 31-ին՝ ժամը 11:00-12:00-ն, փակելով ՄԱԿ-ի գրասենյակի մուտքը, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ իրենց խոսքը հասնի ՄԱԿ-ի կենտրոնակայան:

«Այս ապատիկ ու դժգույն իրավիճակում մեր մեջ հույս կա, որ իրավիճակի վրա կարող են ազդել ավելի ազդեցիկ կառույցները, ինչպիսին ՄԱԿ-ն է»,-ասաց Այվազյանը:

Նախաձեռնության անդամներից մյուսն էլ շեշտեց՝ ՄԱԿ-ը առաջնային մանդատ ունեցող միջազգային կազմակերպություն է, որն ամենաշատ անդամ պետություններն ունի: Ունի բազմաթիվ հռչակագրեր, կոնվենցիաներ, որոնք աշխարհի յուրաքանչյուր կետում երաշխավորում են մարդու կյանքի իրավունքը, առողջ ու արժանապատիվ ապրելու, ազատ տեղաշարժվելու իրավունքը: ՄԱԿ-ն ունի նաեւ պարենի համաշխարհային ծրագիր, որով տասնյակ տարիների ընթացքում աշխարհի ամենաթեժ կետերում պարեն են հասցրել: Բացի այդ, ունի Հաագայի միջազգային դատարանը, որը որոշում է կայացրել, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի:

«Մեր քաղաքացիական ճնշման ամբողջ նպատակն այն է, որ, բացի տեղյակ լինելուց, պետք է նաեւ գործել: Տեղյակ լինելը դեռ բավարար պայման չէ, իսկ գործելու համար պետք է ճնշում լինի, թեկուզ ստիպողաբար, որ մեխանիզմներն աշխատեն: Սա մեր կողմից միայն պարենի հավաքագրում չէ, այս շարժմամբ փորձում ենք միջազգային մեխանիզմներն աշխատեցնելու օրակարգ ձեւավորել եւ հստակ հասկացնել, որ եթե ունեք սպիտակ թղթի վրա սեւով գրված հռչակագրեր կամ նպատակներ՝ մարդու իրավունքների մասով, եւ դրանք չեն իրականացվում, ապա մենք՝ Հայաստանի քաղաքացիներս,  լեգիտիմ իրավունք ենք ստանում, որ ձեզ հուշենք, ճնշում գործադրենք, որ այդ թղթի  վրա գրված նպատակները, հռչակագրերը կյանքի կոչվեն»,-ասաց անդամներից մեկը:

Այսպիսով, ըստ նախաձեռնության անդամների՝ սա միջազգային կազմակերպությունների մեխանիզմներն աշխատեցնելու օրակարգ գեներացնելու շարժում է: Նրանք համարում են, որ եթե գեթ մեկ անգամ հումանիտար բեռով բարձված ավտոմեքենա (որի վրա գրված կլինի ՄԱԿ) մտնի Արցախ Լաչինի միջանցքով, ապա դա կդառնա նախադեպ, ու միջանցքն արդեն կգործարկվի:

 

 

 

ՆՈՐ ԱՎՏՈԲՈՒՍՆԵՐ

Օգոստոսի 1-ից Երեւանում կգործարկվի ավտոբուսային երթուղիների հերթական խմբաքանակը:

Հասարակական տրանսպորտի բարեփոխումների շրջանակում «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փոխարինվում են նոր ավտոբուսներով:

 

 

 

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

Երեւանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությունը կմեկնարկի օգոստոսի 23-ից եւ կտեւի մինչեւ սեպտեմբերի 15-ը՝ ժամը 24։00-ն։ ԿԸՀ-ն հրապարակել է գործընթացի ժամանակացույցը։

Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար ԿԸՀ անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն օգոստոսի 3-ից մինչեւ օգոստոսի 13-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը տեղի է ունենալու օգոստոսի 13-ից օգոստոսի 18-ը։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուները, ինչպես նաեւ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքներում ընդգրկված կուսակցություններն իրենց գույքի եւ եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ են ներկայացնելու մինչեւ օգոստոսի 23-ը։

Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 17-ին:

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրաժարական է տվել:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են Արցախի ազգային ժողովից:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 130-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ տալիս եմ հրաժարական Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից»,-հայտարարել է Թովմասյանը:

Հրաժարականի մտադրության մասին Թովմասյանը հայտնել էր դեռ հուլիսի 28-ին: Նույն օրը Արթուր Թովմասյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին էր ներկայացրել պաշտոնից իր հրաժարականի պատճառները:

 

 

ՄԻՋԱՆՑՔԸ ՀԱՄԱՐԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆԸ

Թուրքիան կողմ է, որպեսզի շտապ խաղաղության համաձայնագիր կնքվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։

«Այստեղ կարծում են, որ դա թույլ կտա կայունություն ապահովել իրենց շրջապատող տարածաշրջանում»,- տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո։ Հեռարձակումը վարել է TRT հեռուստաալիքը։

Նա Լաչինի միջանցքն անվանել է Ադրբեջանի տարածք՝ նշելով, որ Բաքվում իրավունք ունեն ձեռնարկել բոլոր միջոցները, որոնք այնտեղ անհրաժեշտ են համարում՝ ապահովելու համար իրենց անվտանգությունն ու ինքնիշխան իրավունքների պաշտպանությունը։

 

 

 

ՆԱՄԱԿ՝ ԿԽՄԿ-ԻՆ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ադրբեջանցիների կողմից արցախցի Վագիֆ Խաչատրյանի առեւանգման փաստի առթիվ նամակ է հղել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ միջխորհրդարանական հանձնաժողովներին եւ միջազգային խորհրդարանական կազմակերպություններին։ Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթին  հայտնում են խմբակցությունից։

Խմբակցության անունից ուղղված նամակում, դատապարտելով միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումը եւ մարդկության հիմնարար սկզբունքների բացահայտ անտեսումը, նշվում է, որ նման արարքը ոչ միայն ոտնահարում է անմեղ մարդու իրավունքներն ու արժանապատվությունը, այլեւ խաթարում է Միջազգային Կարմիր խաչի կողմից մարդասիրական գործողություններին օժանդակելու գործում ներդրված ջանքերը։

Ակնհայտ է, որ այս արարքն ուղղված է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության շրջանում հուսահատություն տարածմանը, այլեւ Կարմիր խաչի համբավն արատավորելուն եւ կարեւոր մարդասիրական առաքելության իրականացման խոչընդոտմանը։

Խմբակցությունը կոչ է անում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին անհապաղ եւ վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Վագիֆ Խաչատրյանի անվտանգ եւ արագ վերադարձն իր ընտանիք եւ պատասխանատվության ենթարկել նրա առեւանգման պատասխանատուներին՝ համաձայն միջազգային իրավունքի։

«Հայաստան» խմբակցությունը նաեւ հորդորում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին բազմապատկել իր ջանքերը՝ կանխելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումը եւ տարածաշրջանում մարդասիրական իրավունքի ոտնահարման դեպքերը:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29-ին առեւանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր, հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։




Լրահոս