Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչները սկսեցին պայքարն ԱՊՀ երկրորդ խաղերում: Հայաստանն ազատ ոճում նվաճեց միայն 3 բրոնզե մեդալ:
Բելառուսի Սոլիգորսկ քաղաքի սպորտային համալիրում ընթացող ըմբշամարտի մրցաշարում 57 կգ քաշային Նարեկ Հակոբյանը մեկնարկում հաղթեց տաջիկ մարզիկին, սակայն կիսաեզրափակիչում զիջեց Ղազախստանի ներկայացուցչին: Հակոբյանը գոտեմարտ անցկացրեց բրոնզե մեդալի համար` ուժերը չափելով Ղրղըզստանից Ռասուլ Սալիևի հետ: Հայ մարզիկը զիջեց 13:2 հաշվով:
61 կգ քաշային Նորիկ Հարությունյանն առաջին գոտեմարտում հաղթեց Ղազախստանի ներկայացուցչին, բայց պարտվեց կիսաեզրափակիչում` զիջելով ադրբեջանցի ըմբիշին: Բրոնզե մեդալի համար պայքարում Հարությունյանի հակառակորդը Վիետնամից Լոկ Պհին էր: Հարությունյանը բացարձակ հաղթանակի հասավ` տուշեով:
65 կգ քաշում Հայաստանը ներկայացնող Հայկ Աբրահամյանը հաջորդաբար գերազանցեց Ղրղըզստանի և Բահրեյնի մարզիկներին, սակայն կիսաեզրափակիչում պարտվեց ռուս մարզիկին: Երրորդ տեղի համար գոտեմարտում Աբրահամյանը մրցեց և զիջեց ուզբեկ Ժավոհիր Չուլիբովին` 5:0:
70 կգ քաշում Արթուր Սարգսյանը պարտվեց առաջին իսկ գոտեմարտում:
74 կգ քաշում Նարեկ Հարությունյանը սկզբում հաղթեց տաջիկ մարզիկին, բայց կիսաեզրափակիչում պարտվեց Ռուսաստանի Դաշնության մասնակցին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սարգսյանը ուժերը չափեց ուզբեկ Ժաֆար Չուլիբոևի հետ: Հայ մարզիկը տանուլ տվեց 9:4 հաշվով:
79 կգ քաշում Դավիթ Գևորգյանը դուրս մնաց հետագա պայքարից հենց մեկնարկում` պարտվելով ադրբեջանցի մարզիկին:
86 կգ քաշում Ազատ Կարապետյանը առաջին գոտեմարտում հաղթելուց հետո, կիսաեզրափակիչում մրցեց Ադրբեջանը ներկայացնող մարզիկի հետ ու զիջեց: Կարապետյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց ղրղըզ Էլնուր Ակիբաևի հետ: Կարապետյանը հաղթեց 7:5 հաշվով:
Եվ 97 կգ քաշում Հայաստանից Սերգեյ Սարգսյանը պայքարի մեջ մտավ կիսաեզրափակիչից և ուժերը չափեց ռուս մարզիկի հետ` պարտվելով նրան: Երրորդ տեղի համար մրցապայքարում Սարգսյան պայքարեց տաջիկ Ռախմոնջոն Մախմադբեկովի հետ և ժամանակից շուտ հաղթեց 11:0 հաշվով:
Բելառուսի Հանրապետությունում անցկացվում են ԱՊՀ 2-րդ խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաթիվ պատվիրակությամբ:
140-ից ավելի պատանի և երիտասարդ մարզիկներ Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն բռնցքամարտ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտ, ձյուդո, կարատե, ատլետիկա, լող, ծովափնյա վոլեյբոլ, սամբո, նետաձգություն, հրաձգություն, խոտի հոկեյ, մարմնամարզություն և վոլեյբոլ մարզաձևերում:
ԱՊՀ 2-րդ խաղերը կանցկացվեն Բելառուսի տարբեր շրջանների 11 քաղաքում։ Նոր ձևաչափի նպատակն է ընդլայնել մրցաշարի աշխարհագրությունը և սպորտի մասսայականացումը երկրի տարբեր հատվածներում: Մասնավորապես, մրցումները կանցկացվեն Մինսկ, Բորիսով, Բրեստ, Վիտեբսկ, Գոմել, Գրոդնո, Ժլոբին, Մոգիլյով, Մոլոդեչնո, Օրշա և Սոլիգորսկ քաղաքներում։ 23 երկրի շուրջ 5 հազար մարզիկներ իրենց ուժերը կչափեն ընդհանուր առմամբ 20 մարզաձևում: Խաղերի փակման արարողությունը նախատեսված է օգոստոսի 13-ին: