Սեպտեմբերին 17-ին սպասվող ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք:
ArmLur.am-ը մինչ քարոզարշավի մեկնարկը կներկայցնի ընտրությունների մասնակից կուսակցություններին, դրանց ղեկավարներին, քաղաքապետի թեկնածուներին: Կներկայացնենք նաև՝ ովքեր են ընդգրկված կուսակցությունների ընտրական ցուցակում:
Այսպիսով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում առաջադրել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:
Վերջինս ՔՊ կուսակցության վարչության ամենաակտիվ անդամներից է. նա հեղափոխությունից հետո զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը, իսկ 2022թ-ի սեպտեմբերին ընտրվել է Երևանի փոխքաղաքապետ: Լինելով փոխքաղաքապետ՝ Ավինյանն ինքն է վարում ավագանու նիստերը, մասնակցում է մայրաքաղաքում կայանալիք կարևոր միջոցառումներին, պարբերաբար լինում է վարչական տարբեր շրջաններում և հանդիպում տեղի բնակիչների հետ: Թեև իր հայտարարություններով Տիգրան Ավինյանը հաճախ է բացեիբաց հակադարձում իր թիմի վարած քաղաքականությանը, բայց ամեն դեպքում, նա ՔՊ-ում ամուր դիրքեր ունի:
ՔՊ նախընտրական ցուցակում Տիգրյան Ավինյանին հաջորդում է Արմեն Փամբուխչյանը. վերջինս Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նաև ղեկավարում է ՔՊ-ի նախընտրական շտաբը, քանի որ համարվում է վարչապետի վստահելի անձանցից մեկը: Արմեն Փամբուխչյանը 2020 թվականի սեպտեմբերի 24-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ ապրիլի 12-ին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար։
ՔՊ ավագանու ցուցակի երրորդ համարը Նուարդ Վարդանյանն է․ նա ԱԺ ՔՊ խմբակցության պատգաավոր Ծովինար Վարդանյանի քույրն է:
ՔՊ ցուցակի 4-րդ համարը քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն է․ վերջինս 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել էր Երևան քաղաքի ավագանու անդամ, իսկ 2021թ. դեկտեմբերի 28-ի ավագանու նիստում նշանակվել էր Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ:
ՔՊ ցուցակի 5-րդ համարը Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է․ նա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրվել է Ազգային Ժողովի պատգամավոր, 2021 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է Հայաստանի արդարադատության փոխնախարարի պաշտոնը, 2022 թվականի փետրվարի 8-ին նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ։
Ցուցակի 6-րդ համարը Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանն է:
Նրան հաջորդում է «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
ՔՊ ցուցակի 8-րդ համարը երաժիշտ, կոմպոզիտար Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանն է․ կոմպոզիտորը 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել էր Երևանի ավագանու անդամ։
Ցուցակի 9-րդ համարը Երևանի ավագանու անդամ Դիանա Քերոբյանն է:
Իսկ ՔՊ ցուցակի առաջին 10-յակը եզրափակում է հայ ջազային երաժիշտ, դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանը, ով «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավարն է:
Առաջիկայում ArmLur.am-ը կանդրադառնա նաև ցուցակի մյուս անդամներին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան