Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հեռախոսազրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։
Հաղորդագրության համաձայն, մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի առավել արդիական հարցերի շուրջ։ Հատուկ ուշադրություն է հատկացվել նախկինում համաձայնեցված քայլերը գործնականում կյանքի կոչելու անհրաժեշտությանը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի շուտափույթ դեէսկալացմանը, այդ թվում՝ հումանիտար երթուղիների ապաշրջափակմանը, ներառյալ Լաչինի միջանցքը։
«Ընդգծվել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացումն այլընտրանք չունի՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար»,- ասված է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։