Նիկոլ Փաշինյանը չէր տիրապետում մի հարցի, որի վերաբերյալ ինքն էլ որպես կառավարության գլուխ քվեարկում էր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստում ջրային պարեկների վերաբերյալ հարցը զեկուցելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ձեռք են բերելու 8 մետրանոց 4 մոտորանավակներ։ Սակայն ՆԳ նախարար Վահե Ղազարյանը շտապեց ուղղել՝ ասելով, թե 10 մետրանոց են։ Ասել է, թե նախարարը վարչապետին «բռնեց» հարցին չտիրապետելու մեջ։
Ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը չէր տիրապետում մի հարցի, որի վերաբերյալ ինքն էլ որպես կառավարության գլուխ քվեարկում էր։

Բայց սա առաջին դեպքը չէ. վերջին թարմ օրինակը նախորդ շաբաթ էր. անպտղության հաղթահարման ծրագրի ընդլայնման հարցի քննարկման ժամանակ էլ նա առողջապահության նախարար Անահիտ Ավնաեսյանին հարցրեց, թե ինչու է ծրագրի շահառու դառնալու ստորին շեմ սահմանված 36 տարեկանը։ Նաև ասաց, թե մինչև 36 տարեկան կանանց էլ տրվի ծրագրի շահառու դառնալու և վերարտադրողական բժշկությունից՝ անկախ ընտանեկան կարգավիճակից, օգտվելու հնարավորություն:
Իրականում, իհարկե, 36 տարեկանը ոչ թե ստորին, այլ վերին շեմն է։ Բայց վարչապետը այս հարցից էլ տեղյակ չէր։ Զարմանալի կհնչի, բայց այս հարցից տեղյակ չէր նաև առողջապահության՝ մասնագիտությամբ իրավաբան նախարար Ավանեսյանը, որը շտապեց հայտարարել, թե կքննարկի մասնագետների հետ։ Միգուցե տեղյակ չէր, կամ տեղյակ էր, բայց չուզեց վարչապետին հրապարակային կերպով անհարմար դրության մեջ դնել, կարևոր չէ։ Կարևորը կառավարության նիստում մոտ 10 րոպե ընթանում էր ոչ պրոֆեսիոնալների, անտեղյակների քննարկում, երբ խոսում էին մի ծրագրի մասին, որի նրբերանգներին ոչ մեկն իրենցից չէր տիրապետում։

Իհարկե կարելի էր մասնագիտորեն բացատրել, որ 36 տարեկանը վերին շեմն է, իսկ ստորին շեմ սահմանված չէ, ավելին վարչապետի հայտարարությունը, թե 18 տարեկանն էլ պետք է ծրագրից կարողանա օգտվել, ճիշտ չէ, քանի որ սա ոչ թե երեխա ունենալու, այլ անպտղությունը հաղթահարելու ծրագիր է, բայց անիմաստ է մի կառավարության դեպքում, որի անդամները պարզապես իրենց ոլորտներից անտեղյակ են։

Պատահական չէ, որ այս քննարկման տեսանյութը չտարածվեց պաշտոնական լրահոսում, երևի հետո հասկացել էին կամ նրանց մեկը հուշել էր, թե ինչ խայտառակ քննարկում արեցին։




Լրահոս