Ադրբեջանը հուլիսի 29-ին արգելանքի էր վերցրել ԿԽՄԿ-ի միջոցով Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր, հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։ «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցով զրուցել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հետ:
-Պարո՛ն Ստեփանյան, այս ընթացքում դիմել եք տարբեր կառույցների, այդ թվում՝ Կարմիր խաչին՝ ադրբեջանցիների կողմից ապօրինի առեւանգված Վագիֆ Խաչատրյանի հարցով. հաջողվե՞լ է արդյոք որեւէ ձեւ կապ հաստատել նրա հետ:
-Այո՛, դիմել եմ տարբեր կառույցների, Կարմիր խաչն անմիջապես ներգրավված է գործընթացում՝ որպես նաեւ կառույց, որը տեղափոխումն է այդ անձի իրականացրել. փաստացի նրանց ներկայությամբ են փախցրել Վագիֆ Խաչատրյանին: Սրանից բացի, իրավական այլ գործիքակազմներ եւս կիրառվում են իմ եւ Հայաստանի ՄԻՊ-ի կողմից, նաեւ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի կյողմից: Երեկ էլ արդեն տեղեկություն ստացվեց, որ ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել, որ մինչեւ օգոստոսի 8-ը դատարանին տեղեկություն տրամադրի Վագիֆ Խաչատրյանի մասին:
-Հաշվի առնելով Ադրբեջանի գործելաոճը, որ ձեռք բերված որեւէ պայմանվորվածություն չի պահում, ի՞նչ եք կարծում, այս անգամ կկատարի՞ ՄԻԵԴ-ի որոշումը, կտրամադրի՞ տեղեկություն Վագիֆ Խաչատրյանի մասին:
-Տեղեկություն կտրամադրի, բայց դա բավարար չէ, դրանից հետո պետք է գործընթաց գնա, որը միտված լինի Վագիֆ Խաչատրյանի հայրենադարձությանը: Երկու հիմնական ուղղություն պետք է մատնանշենք՝ մեկը՝ իրավական, մյուսը՝ քաղաքական, այս երկուսը զուգահեռ պետք է գործադրենք:
-Կարմիր խաչի ներկայացուցիչը հանդիպել էր Վագիֆ Խաչատրյանի հետ: Ի՞նչ պայմաններում էր նա պահվում, առողջական ի՞նչ վիճակում էր նա գտնվում, զրուցե՞լ եք ԿԽՄԿ ներկայացուցչի հետ:
-Ես նրանց հայտարարությունից եմ տեղեկացել, որ եղել են Վագիֆ Խաչատրյանի մոտ, ու, ըստ իրենց պնդման, առողջական վիճակը նորմալ է:
-Ի՞նչ եք կարծում, եթե Ադրբեջանը հրաժարվի վերադարձնել մեր քաղաքացուն կամ վերադարձնի խոշտանգված վիճակում, նրա նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվե՞ն:
-Բարդ հարց է. բնականաբար, պետք է հաջորդ քայլը պատժամիջոցներ կիրառելը լինի, բայց բազմաթիվ օրինակներով տեսել ենք, թե մեր ռազմագերիների նկատմամբ ինչ վերաբերմունք են կիրառել, բազմաթիվ օրինակներ ունենք, որ Ադրբեջանը միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ է թույլ տալիս: Չեմ կարող ասել, թե Վագիֆ Խաչատրյանի դեպքում ինչ կլինի, բայց այն, որ որեւէ ջանք չպետք է խնայվի արդյունքի հասնելու համար, փաստ է:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԿԸՀ-Ն՝ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երեւանի ավագանու ընտրություններով հետաքրքրված կուսակցություններին հրավիրում է քննարկման։
ԿԸՀ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ ԿԸՀ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվության վերլուծության վարչության աշխատակիցները հանդիպմանը կուսակցության ներկայացուցիչներին կներկայացնեն կայքի էլեկտրոնային համակարգի նոր գործիքակազմերը։
«Այս ընտրություններին կուսակցությունները ԿԸՀ-ից ստանալու են իրենց օգտահաշիվները, որի միջոցով մուտքագրելու են եւ՛ իրենց ընտրական ցուցակները, եւ՛ գույքի եւ եկամուտների հայտարարագրերը»,- ասված է հաղորդագրությունում։
Ծրագրի միջոցով ներկայացվելու է նաեւ հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով, ինչպես նաեւ մետրոպոլիտենի տարածքում, հասարակական տրանսպորտի կանգառներում եւ վերելակներում տեղակայված արտաքին գովազդային վահանակների հայտերը։
ԿԸՀ-ն ցանկալի է համարում, որ քննարկմանը ներկա լինեն այն անձինք, որոնք զբաղվելու են օգտահաշիվ ստանալու եւ ցուցակները մուտքագրելու գործընթացով։
Հանդիպումը կայանալու է օգոստոսի 2-ին` ժամը 14։00-ին, ԿԸՀ վարչական շենքում։
Հիշեցնենք` Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաեւ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երեւանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաեւ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաեւ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երեւանի քաղաքապետի ընտրություններում։
Երեւանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաեւ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՓԱՍՏԱԹՂԹՈՎ
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական աբսուրդ հրամանն է ստորագրել, ըստ որի՝ բժշկական հաստատություններում կարմրուկով պայմանավորված տեսակցությունները արգելվում են։ Մասնավորապես, կարող են տեսակցել հիվանդին, եթե ներկայացնում են կարմրուկի դեմ պատվաստման կամ նախկինում հիվանդացման փաստը հաստատող փաստաթուղթ։ Այսինքն՝ այժմ հիվանդանոցներում բուժաշխատողները հիվանդատես եկած մարդկանցից պետք է փաստաթղթեր պահանջեն՝ տեսակցություն թույլ տալու համար։ Փաստացի ԱՆ-ն նորից դիմել է կորոնավիրուսի ժամանակ իր կիրառության անարդյունավետությունը եւ անիմաստությունը ապացուցած հին ու փորձված մեթոդին. չէ՞ որ այդ ժամանակ էլ տեսակցությունները արգելում էին, բայց դրանից դուրս կորոնան շարունակում էր տարածվել։ Հարց է առաջանում՝ հիվանդի հարազատին տեսակցությունը արգելելով՝ ավելի քի՞չ կտարածվի կարմրուկը։ Հասարակական տրանսպորտում, մասսայական միջոցառումներին ինչո՞ւ կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումներ չկան։ Միշտ նույն հասցեն ունեն հրամանները. ինչպես ասում են, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ առողջապահության նախարարը հրաման էր ստորագրել բուժաշխատողների պատվաստման մասին, ըստ որի՝ անկախ նրանից՝ անձը շփվել է կարմրուկով հիվանդի հետ, թե ոչ, պետք է պատվաստվի մեկ դեղաչափ, եթե դեռ չի պատվաստվել կամ չի հիվանդացել կարմրուկով։ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ առողջապահության նախարարությանը այս հարցերի հետ կապված մեկնաբանություն ստանալու համար, սակայն անարդյունք. հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ:
ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ՄԵՐԺԵԼ ԵՆ
Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը մերժվել է նաեւ «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանի կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Հայկ Մարությանը այս օրերին «փնտրտուքների» մեջ է. նա մեծ ցանկություն ունի մասնակցել աշնանը սպասվող ավագանու ընտրություններին, բայց չի գտնվում քաղաքական ուժ, որի ցուցակով կառաջադրվի. ում դիմում է, մերժում են: Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մարությանը, մերժումներ ստանալով ՀԱԿ-ի, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի կողմից, որոշել է դիմել «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութկյան նախագահ Դավիթ Սանասարյանին: Վերջինս նախնական համաձայնել է, եւ սեպտեմբերի 17-ին Երեւանի նախկին քաղաքապետը կրկին պիտի փորձեր իր ուժերը Երեւանի ավագանու ընտրություններին: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում՝ գործը գլուխ չի եկել. Հայկ Մարությանի ու Դավիթ Սանասարյանի միջեւ սեւ կատու է անցել, ու Սանասարյանը եւս մերժել է Մարությանին:
Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք Դավիթ Սանասարյանին. «Նման բան չկա, տարբեր քաղաքական ուժերի ու անհատների հետ քննարկումներ եղել են, բայց չեմ կարող ասել՝ կոնկրետ Հայկ Մարությանը մեզ դիմել է: Նրա հետ էլ որեւէ կոնֆլիկտ չի եղել, չկա նման բան»,-ասաց նա: Այլ կերպ ասած, պայմանավորվածությունը մինչեւ վերջ չի կայացել։