Ո՞նց կարող է այդպես լինել․ Դավիթ Բաբայանն արձագանքում է Նիկոլ Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում նշեց, թե իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Արցախից ելք թույլ տալու, բայց մուտք թույլ չտալու ուղղությամբ:

Այս հայտարարության առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ:

Պարոն Բաբայան, կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն Արցախից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ։ Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

– Ճիշտն ասած տեղեկություն չունեմ՝ նման որոշում կա թե չկա, բայց այն, որ Ադրբեջանը շահագրգռված է, որպեսզի Արցախից մարդիկ դուրս գան՝ իհարկե այդպես է։  Բայց այս պահին այդ ծրագրի մասին տեղյակ չեմ։

Իսկ, եթե ձեզ մոտ քննարկվի այդ հարցը, ինչպիսի՞ պատասխան դուք կտաք պարոն Բաբայան։  Այսինքն, ճի՞ շտ եք համարում, որպեսզի Արցախից ելք լինի, բայց մուտք չլինի դեպի Արցախ։

– Ո՞նց կարող է այդպես լինել, մարդիկ որ գնում են բուժվելու , բայց պետք է վերադառնան նաև։ Ընտանիքները բաժանված են և այլն։ Իհարկե Ադրբեջանից նման բան պետք է ակնկալել, բայց այս պահի դրությամբ որևէ փոփոխություն այս հարցի հետ կապված չկա։

Այսինքն, քննարկում կառավարության նիստում այս հարցի հետ կապված չի՞ եղել։

– Ոչ, ի՞նչ քննարկում։

Նաև պարոն Փաշինյանն ասաց, որ խաղաղության պայմանագրի նոր ձևաչափ են ներկայացրել Ադրբեջանին։ Տեղեկություն ունե՞ք, ինչի մասին է խոսքը։

– Ճիշտն ասած, չունենք։ Պետք է նայենք, տեսնենք։ Դուք էլ ուսումնասիրեք, փաստաթղթերը թող հրապարակեն, տեսնենք։

Պարոն Բաբայան, նաև թեժ քննարկվում է, որ Արցախում համաձայն են, որպեսզի Աղդամով ճանապարհ լինի։ Ասում են, որ պետական մակարդակով արդեն համաձայնություն կա։ Որքանո՞վ է այս տեղեկությունը իրական։

– Նախ տարբեր բաներ են ասում, մեկը շահարկում է, մեկը չափազանցացնում է, Աղդամի ճանապարհը կբացվի՝ չի բացվի սա լոգիստիկական, տեխնիկական խնդիր է։ Եթե փոխանակում տեղի ունեցավ, Բերձորի մասին էլ խոսք չի լինելու։  Մենք ընդհանրապես կտրվելու ենք ամեն ինչից, նույնիսկ չենք կարողանալու մարդկանց տանենք, փրկենք։ Ինչի՞ մասին է խոսքը, ո՞նց կարող է մեկը մյուսին փոխարինի։

զրուցեց Անի Սարգսյանը




Լրահոս