Պատգամավորի որդի, թաղապետ, փոխթաղապետ. ՔՊ-ի «խայտաբղետ» ցուցակը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակն աչքի է ընկնում իր բազմազանությամբ եւ խայտաբղետությամբ. ցուցակում ընդգրկված են ոչ միայն պաշտոնյաներ, տարբեր ոլորտի ներկայացուցիչներ, այլեւ ՔՊ-ական պատգամավորների ազգականներ:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով կուսակցության ընտրական ցուցակը, նկատեց, որ ցուցակում տեղ է գտել
ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը, որը նախկինում Աջափնյակի փոխթաղապետի պաշտոնն էր զբաղեցնում, սակայն Հրաչյա Սարգսյանի պաշտոնավարման օրոք նրան ազատեցին աշխատանքից:

Հովսեփ Աղազարյանը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս ընթացքում՝ օգտվելով իշխանության հովանավորությունից: Նա հեղափոխությունից հետո աշխատանքի էր անցել Աջափնյակ համայնքի իրավաբանական վարչությունում, արդեն 2021թ.-ին նշանակվել էր Աջափնյակի փոխթաղապետ: Պատգամավորի որդին ՔՊ-ի անբաժանելի մասն է դարձել, ամենուր շրջում է նրանց հետ, աջակցում ու պաշտոն ստանում:

ՔՊ-ի ավագանու ցուցակում է նաեւ կուսակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի օգնականը՝ Նատալի Սինորյանը, որն ԱԺ-ում մշտապես աչքի է ընկել լրագրողների նկատմամբ ամբարտավան վերաբերմունքով:
Վերջինս նաեւ հայտնի է նրանով, որ լինելով պատգամավորի օգնական՝ Հայկ Կոնջորյանի փոխարեն ղեկավարում է ողջ ՔՊ-ն, պատգամավորներն ավելի շատ իրեն են «հաշիվ տալիս», քան Կոնջորյանին:

ՔՊ ցուցակի 34-րդ համարը Երեւանի ամենասկանդալային թաղապետն է՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։ Նա թերեւս հանրությանը հայտնի է ոչ թե իր աշխատանքով, գործունեությամբ, այլ սկանդալային վարքագծով եւ անգործությամբ: Սամվել Ղուկասյանն իր պաշտոնավարման օրոք հասցրել է արդեն համացանցում տարածված մի շարք աղմկահարույց տեսանյութերի հերոս դառնալ. այս հարցում թերեւս գերազանցել է շոու բիզնեսի հայտնի աստղերին:

ՔՊ ցուցակում ընդգրկված է նաեւ մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը. նա ցուցակում 136-րդ համարն է: Հիշեցնենք, որ Գոռ Քլոյանի քույրը՝ Անուշ Քլոյանն էլ էր նախորդ ավագանիում ընդգրկված, բայց վերջերս ԱԺ պատգամավորի մանդատը վերցրեց:

Ցուցակի 155-րդ համարը «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանն է, ցուցակում է նաեւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս