ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՕԼԻԳԱՐԽԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը պարտք է պետությանը, վճարման համար ժամանակ է խնդրում, մյուս կողմից էլ՝ բարեգործություն է անում:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի գնման համար Նարեկ Նալբանդյանը հուլիսի 1-ին պետությանը պետք է վճարեր 1 մլդ դրամ, սակայն չի վճարել, գրավոր խնդրել է իրեն ժամանակ տրամադրել, մինչեւ վճարի: Բնականաբար, բավարարվել է խնդիրը:

Այսինքն՝ դեռ վերջնականապես գնված չէ «Գոլդեն Փելիս»  հյուրանոցը, սակայն այն շահագործման հանձնելու քայլեր են արվում։ ArmLur.am-ը տեղեկացավ՝ նախօրեին Ծաղկաձորում վառվել են «Գոլդեն Փելիս»  հյուրանոցի եւ դեպի հյուրանոց տանող ոլորապտույտ ճանապարհի լույսերը։

Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը իր օլիգարխներին աճեցնելու ճանապարհին 2019 թվականին կառավարության ներդրումային ծրագրի շրջանակում 3 տարի ժամկետով հետաձգեց «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը՝ 2019 թվականի նոյեմբերի 15-ից մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ: Նախկինում էլ, մեկ այլ որոշմամբ, նույն ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակներում ազատեցին մաքսատուրքից։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, բացի վերոնշյալ ընկերությունից, Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է: Նա, սակայն, բարեխիղճ չի աշխատում: Մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2022 թվականի օգոստոսի 30-ին «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությանը տուգանել է 3 մլն 44 հազար 534 դրամի չափով, քանի որ Նալբանդյանի ընկերության կողմից արտադրված ECO եւ ecoDemonstrator մակնշումներով հավկիթներն իրացվել էին այն դեպքում, երբ դրանք չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանք, ինչը հանձնաժողովը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն:

Հիշեցնենք նաեւ, որ Նալբանդյանն այն օլիգարխն է, ում կինը քրեական գործի առկայության պայմաններում ձեռք է բերել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող, կալանքի տակ եղած առանձնատունը. իրավապահները որեւէ կերպ չեն խոչընդոտել այս գործարքին։

Նման անբարեխիղճ եւ մոնոպոլ բիզնես պատմություն ունեցող օլիգարխ Նալբանդյանը, որը չի կարողանում մարել 1 մլդ պետության պարտքը, նաեւ նախկինում մեծ քանակի տուգանքներ ունի, հովանավորում է Համահայկական խաղերը եւ անգամ ՀՀ նախագահի կողմից պարգեւատրվեց:

Այսինքն՝ «պոզով պոչով կոռուպցիան» մերժող Նիկոլ Փաշինյանը անձնական օգտագործման արտոնյալ օլիգարխներ է աճեցնում:

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած օգոստոսի 17-ի այցը նոր ինտրիգ է դարձել ՔՊ-ականների համար: Պագամավորները շտապել են Սյունիք, որ այցը լավ կազմակերպեն, բայց ամեն ինչ արդեն կազմակերպված է եղել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սյունեցի ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը եւ Կարեն Համբարձումյանը արդեն տեւական ժամանակ է՝ մրցավազքի մեջ են Սյունիքի մարզպետի պաշտոնի համար եւ երբեք պահը չեն կորցնում, որ Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանան, նշանակվեն մարզպետի բաղձալի պաշտոնին: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում արել է անհնարինը եւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին Սյունիքում «սյունյաց ողջույններով»՝ հայհոյանքներով ընդունող ըմբոստ քաղաքապետերին դարձրել է «նիկոլական»: Եւ տպավորություն էր, որ սյունեցիների դժգոհություններն արդեն անցյալում են, եւ թե՛ սյունեցիները, թե՛ համայնքապետերը հարմարվել են իրավիճակին, որ իրենց գյուղը այս իշխանությունների օրոք դարձել է առաջնագիծ, իսկ մի մասն էլ ուղղակի թշնամու տիրապետության տակ է: Նույնիսկ այս պայմաններում մարդիկ, համաձայն եթերի, արդեն պատրաստ են «սյունյաց» ողջույնի փոխարեն գրկաբաց դիմավորել Փաշինյանին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին հաջողվել է երկար ջանքերից հետո Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերին հավաքել մի տեղ, որպեսզի պատշաճ դիմավորեն Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի այցից ժամեր հետո անակնկալ  այնտեղ են հայտնվել ՔՊ-ական սյունեցի պատգամավոները Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը եւ Կարեն Համբարձումյանը, ու փորձել են ցույց տալ, թե իրենց շնորհիվ է, որ Փաշինյանին ջերմ դիմավորում են Սյունիքում, բայց նրանց ջանքերը ի դերեւ են ելել: Նկատվել է, որ Փաշինյանը սառն է եղել պատգամավորների հետ:

 

 

 

 

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի գործերը 2022 թվականին լավ են եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա բնակարան է գնել Երեւանի կենտրոնում: Փոխնախարարը 31 մլն 600 հազար դրամ արժողությամբ նորակառույց բնակարանի միանձնա սեփականատերն է: Բացի այդ, նա հանդիսանում է 2011 թվականին գնված բնակարանի համասեփականատեր: Փոխնախարարը բանկային հաշիվներին 1 մլն դրամ է ունեցել, իսկ, որպես կանխիկ գումար, նշել է 13 մլն դրամը: Նա մեկ տարվա ընթացքում 17 մլն դրամ է վաստակել աշխատավարձից եւ համալսարաններից, որտեղ դասավանդում է:  Գիլոյանը նաեւ 45 մլն դրամի վարկ ունի, որը մարելու համար 2 մլն 500 հազար դրամ է ծախսել: Նշենք, որ Կարեն Գիլոյանը այն պաշտոնյաներից է, որը մշտապես փորձում է հաճոյանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վերջինիս էլ, կարծես թե, դուր է գալիս Գիլոյանի «խոնարհ» վիճակը, ինչի համար գրեթե բոլոր քեֆ-հավաքույթներին Գիլոյանը ներկա է, անգամ կիթառ է նվագում՝ հանուն վարչապետի: Դա դրսեւորվեց, երբ մայիսին (երբ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի եւ դստեր` Արփի Փաշինյանի հետ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, հանդիպել էր «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին) Գիլոյանը շատ բարձր տրամադրությամբ կիթառ էր նվագում խարույկի մոտ: Քրեական ենթամշակույթը մերժող Նիկոլ Փաշինյանի իշխանության սպորտի փոխնախարար Գիլոյանը 2021 թվականի փետրվարին նախարարության անունից շնորհակալագիր էր հանձնել Արտյոմ Կանեւսկոյ անունով, մի քանի քրեական գործով անցնող Արտյոմ Հարությունովին, իսկ հետո հայտարարել. «Ես իսկապես չգիտեմ` ինքը քրեական ենթամշակույթ կրող է, թե ոչ, հանցագործ է, թե հանցագործ չէ. ինձ համար չափանիշն այն է, որ մարդը բարեգործություն է կատարել, գտնվում է ազատության մեջ, չի հետախուզվում։ Եթե երբեւէ ինչ-որ անցյալ ունեցել է, ես պարտավոր չեմ դա իմանալ»:

 

 

 

Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնի համար պայքարը շարունակվում է։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ամեն ինչ  անում է, որ այդ պաշտոնին նշանակի իր համակուրսեցի Թադեւոս Նիկոլայի Նալբանդյանին, որը ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից մեկն է։ Իսկ, ահա, ուժային կառույցները այլ թեկնածու ունեն։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների հանաձայն` ուժային կառույցներն ակտիվ քննարկումների մեջ են ու ամեն ինչ անում են, որ քրեակատարողական ծառայության պետ նշանակեն ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալեքսանդր Հակոբյանին։ Թե ով կհաղթի այս պայքարում, ժամանակը ցույց կտա: Հիշեցնենք, որ արդեն երկու շաբաթ է, ինչ ՀՀ ԱՆ ՔԿ-ն ծառայությունը պետ չունի, եւ ծառայության պետի պարտականությունները կատարում է առաջին տեղակալ Ամբակում Գրիգորյանը։

 




Լրահոս