2023 թվականի օգոստոսի 27-ին՝ ժամը 14:08-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարզի Նոր Ուղի բնակավայրի ջրատար ավտոմեքենա է ընկել։
Պարզել է, որ նույն օրը՝ ժամը 13:55-ի սահմաններում, Արարատի մարզի Նոր Կյանք բնակավայրի 15-ամյա բնակիչը, վարելով “Մերսեդես Բենց” մակնիշի ավտոմեքենան, Արարատի մարզի Վեդի համայնքի Նոր Ուղի բնակավայրում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը: Դրա հետեւանքով պատանին, ինչպես նաև նրա 15 և 13-ամյա ուղևորները, երկուսն էլ նույն բնակավայրից, մահացել են:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարված դեպքի վայրի զննությամբ Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի վարչական տարածքում գտնվող ջրատարում հայտնաբերվել են “Մերսեդես Բենց” մակնիշի ավտոմեքենան և երեք անչափահասների դիերը։
Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ:
Դեպքի բոլոր, այդ թվում նաև ավտոմեքենան անչափահասի տրամադրության տակ հայտնվելու ամբողջական հանգամանքները պարզելու, դեպքին հնարավոր ականատես անձնանց հայտնաբերելու համար հանձնարարություն է տրվել ոստիկանությանը:
Ավտոմեքենայում այլ ուղևոր եղած լինելու վերաբերյալ տվյալներ առկա չեն։
Նախաքննությունը շարունակվում է: