ՄԵԴԱԼՆԵՐ՝ ԲՌՆՑՔԱՄԱՐՏՈՒՄ
Սլովենիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն ունի 4 մեդալ։ Հայրենիք մեդալով կվերադառնան 36 կգ քաշային Աստղիկ Խաչատրյանը, 44 կգ քաշային Լիանա Ժամհարյանը, 46 կգ քաշային, Եվրոպայի գործող չեմպիոն Համեստ Աֆրիկյանը եւ 48 կգ քաշային Անահիտ Հարությունյանը։ Մեր մարզուհիները կիսաեզրափակչում են։ Տղաների պայքարում Հայաստանի հավաքականը 1/4 եզրափակիչում ունի 11 մասնակից։ Հաջորդիվ յուրաքանչյուր հաղթանակի դեպքում մեդալ կապահովենք նաեւ տղաների մրցակցությունում։
ՄԵՍՍԻՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է
ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթը նվաճած ամերիկյան «Ինտեր Մայամիի» արգենտինացի գլխավոր մարզիչ Տատա Մարտինոն խոսել է իր ղեկավարած թիմի 36-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի մոտիվացիայի մասին։
«Լեոյի մասին խոսելիս դուք նշում եք, որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Ավելի մեծ գովասանք չի կարող լինել։ Դա մոտիվացնում է։
Մեսսին ամեն խաղում ապացուցում է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։ Լիոնելը եկել է ՄԼՍ, որպեսզի մրցի եւ հաղթի։ Բուսկետսն ու Ալբան ասացին նույնը։ Նրանք եկել են այստեղ մրցելու նպատակով։ Կարելի է հաղթել կամ պարտվել, բայց նրանք ունեն մրցելու ցանկություն։ Հիմա եկել է հաղթելու հերթը»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է AS-ը։
ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի Լիգաների գավաթի խաղարկության եզրափակիչում «Ինտեր Մայամին» հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր «Նեշվիլին»։ Հիմնական ժամանակն ավարտվել էր 1:1 հաշվով։ «Ինտեր Մայամիի» գոլը խփել էր Մեսսին։ Նա արդյունավետ էր իրացրել նաեւ հետխաղային 11-մետրանոցը։
Մեսսին «Բարսելոնայում» դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր, 8-ակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի քառակի գավաթակիր, աշխարհի եռակի ակումբային չեմպիոն եւ Եվրոպայի սուպերգավաթակիր։ ՊՍԺ-ում նա դարձել է Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել է երկրի սուպերգավաթը։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձել է աշխարհի չեմպիոն, Ամերիկայի գավաթակիր, օլիմպիական չեմպիոն, աշխարհի երիտասարդական չեմպիոն, Հարավային Ամերիկայի եւ Եվրոպայի Ֆինալիսիմա-2022-ի հաղթող։