Երեկվանից մեկնարկել է Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը:
Քաղաքապետի 14 թեկնածուները 24 օր շարունակ կշրջեն Երեւանի վարչական շրջաններով եւ խոստումներ կտան երեւանցիներին:
Քարոզարշավին թերեւս ամենամարտականը տրամադրված է իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը, որի համար Երեւանում իշխանություն պահելը կենաց-մահու հարց է: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում այնքան լուրջ են տրամադրված, որ բոլոր պատգամավորներին եւ ավագանու ցուցակի անդամներին հրահանգվել է ոչ միայն ակտիվորեն մասնակցել քարոզարշավին, ամեն քայլափոխի շրջել Տիգրան Ավինյանի հետ, այլ նաեւ մարդաքանակ ապահովել նախընտրական քարոզարշավների ժամանակ, որպեսզի համոզեն, որ իրենք Երեւանում իսկապես մեծ ընտրազանգված ունեն: Այլ կերպ ասած, ՔՊ-ականները քարոզարշավ են անում իրենց ծանոթ-բարեկամներով՝ տպավորություն ստեղծելով, թե քարոզարշավը մարդաշատ է:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանից հետաքրքրվեց՝ արդյոք ինքն արդեն նման հրահանգ ստացել է, եւ ինչ քայլեր է անում քաղաքական իշխանության պահանջները բավարարելու համար:
«Այդպիսի հրահանգ չկա, բայց կա կուսակցության վարչության որոշում՝ քարոզարշավին ակտիվորեն մասնակցելու համար։ Կուսակցական ես, պատգամավոր ես, թե այլ պաշտոնյա, կապ չունի, պետք է մասնակցես քարոզարշավին, բայց հրահանգ չկա մարդիկ բերելու: Արհեստականության էլեմենտը մեզ մոտ հավասար է զրոյի»-ասաց նա:
Այսպիսով, ողջ պետական ապարատը լծված է քարոզարշավին, ինչպես մերժված նախկինում:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի խորհրդական Տաթեւիկ Կարապետյանն իր անունով որեւէ շարժական կամ անշարժ գույք չունի: Ամեն դեպքում, այս մասին է վկայում նրա ներկայացրած հայտարարագիրը: Նախ՝ նշենք, որ Տաթեւիկ Կարապետյանն Ուկրաինայում ՀՀ դեսպան, Նիկոլ Փաշինյանի նախկին մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի դուստրն է: Վերջինս եւ Վահագն Խաչատուրյանը բավական մտերիմ են եղել դեռ ՀԱԿ անդամ լինելու տարիներից, եւ, թերեւս, այդ հանգամանքից ելնելով էլ՝ նշանակվել է նախագահի խորհրդական: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նրա հայտարարագիրը: Վերջինս 2022 թվականի վերջին իր բանկային հաշիվներին ունեցել է 10 հազար դոլար եւ 5 մլն դրամից ավելի գումար, իսկ որպես կանխիկ դրամ հայտարարագրել է 4.5 մլն դրամ: Մեկ տարվա ընթացքում Կարապետյանը վաստակել է 8 մլն 301 հազար դրամ, որից 7 մլն դրամից ավելին աշխատավարձ է, որը նա ստացել է նախագահի աշխատակազմից, իսկ մյուս մասն էլ կրկին աշխատավարձ է՝ «Նոր լրատվական»-ից եւ «Զավեն Հակոբյան»-ից: Տաթեւիկը նաեւ վարկ ունի, որը տարեվերջին կազմել է 500 հազար դրամ։ Այլ տվյալներ նրա հայտարարագրում առկա չեն: Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2020 թվականին գրել էր, թե ինչ սկանդալի պատճառով Փաշինյանն ազատեց Կարապետյանին աշխատանքից: Բանն այն է, որ նույն թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամանորի ուղերձը կարդացել էր սուֆլյորից՝ նույն նախադասությունը կրկնելով երկու անգամ, ինչն էլ դարձել էր ներիշխանական մեծ «ռազբորկաների» առիթ, եւ հենց այս պատճառով էլ աշխատանքից հեռացվել էր վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:
ՀՀ մշտական բնակչության թվաքանակն աճել է՝ թերեւս ՀՀ մշտական բնակություն հաստատած ռուսների եւ ուկրաինացիների հաշվին: Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի բնակչությունը 2023թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 985 հազար մարդ, նախորդ տարի՝ 2022 թվականին՝ 2 մլն 961 հազար մարդ։ Ըստ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների՝ 2 մլն 985 հազար մարդուց 1 մլն 101 հազարը բնակվում են Երեւանում։ Վայոց ձորն այն մարզն է, որտեղ ամենաքիչ բնակիչներն են՝ 48.1 հազար մարդ, ամենաշատ բնակչությունն ունի Արմավիրի մարզը՝ 267.6 հազար դրամ։ Երկրորդ տեղում Արարատի մարզն է՝ 257.3 հազար մարդ։ Բնակչության ընդհանուր թվից 1 մլն 902 հազարը քաղաքային բնակչությունն է, 1 մլն 082 հազարը՝ գյուղական։
Մինչ ավագանու ընտրություններին մասնակից 14 քաղաքական ուժերը ջանում են երեւանցիների սիրտը շահել, նոր ու գրավիչ խոստումներ տալ նրանց, հանդիպումներ կազմակերպել, որպեսզի մայրաքաղաքի բնակիչների վստահությունը շահեն, Երեւանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը շարունակում է խորհրդավոր դռնփակ հանդիպումների ձեւաչափը: Նախկին քաղաքապետը դեռ երեւանցիներին չի ներկայացրել իր նախընտրական ծրագրը, մինչ օրս անգամ կարգախոս չի ներկայացրել: Հայկ Մարությանը, քարոզարշավի օրը դուրս գալու ու երեւանցիների հետ շփվելու փոխարեն, նախընտրել է քարոզարշավի մեկնարկի օրն իր թիմակիցների հետ միջոցառում կազմակերպել՝ դրամահավաք երեկո, որն անգամ փակ է եղել լրատվամիջոցների համար: Թեեւ տեղին է հիշել, որ իր պաշտոնավարման օրոք էլ Հայկ Մարությանը, լինելով քաղաքապետ, փակ էր մայրաքաղաքի բնակիչների ու լրատվամիջոցների համար: Շատ հաճախ արձակուրդում էր: Թերեւս Մարությանը կա՛մ այնքան է վստահ իր վարկանիշի վրա, որ քարոզարշավի անհրաժեշտություն չի տեսնում, կա՛մ էլ կաշկանդվում է երեւանցիների ու լրատվամիջոցների հետ շփումներից: Համենայնդեպս, մինչ օրս դա են փաստում նրա քայլերը: