Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՔՊ ՇՏԱԲՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկվանից մեկնարկել է Երեւանու քաղաքապետի թեկնածուների քարոզարշավը:

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը, նրա տեղակալները եւ պատգամավորները կուսակցության նախընտրական քարոզարշավի հետ կապված աշխատանքներն են համակարգում, ակտիվորեն քննարկումներ անցկացնում:

-Աշխատանքները գրեթե ավարտական փուլում են, ներկա պահին ընթանում են շտաբների կահավորման աշխատանքները, քարոզչանյութերը ունենք: Մասնակցելու ենք երկու տարբերակով՝ առաջինը՝ թեկնածուի ներգրավվածությամբ, եւ մյուսը՝ առանց նրա:

Թեկնածուի ներգրավվածությամբ քարոզարշավների դեպքում պարբերաբար՝ ամենօրյա ռեժիմով, մենք կներկայացնենք, թե որ վարչական շրջանում ենք լինելու, արդեն ունենք սցենարները, թե որ հասցեներով ենք շրջելու: Շրջելու ենք գրեթե բոլոր հասցեներով հնարավորության դեպքում, ինչքանը որ հասցնենք: Մեր խոսակցությունը ժողովրդի հետ է եւ նրանց հետ էլ շփվելու ենք:

Քարոզարշավի այն տարբերակը, որում հանդես չի գա թեկնածուն, տվյալ տարածքային կառույցը՝ վարչական շրջանի շտաբը, մեր ակտիվի եւ ավագանու թեկնածուների հետ, ինչպես նաեւ մեր պատգամավորների հետ միասին իրականացնելու են քարոզարշավ:

-Վարչապետն անձամբ մասնակցելո՞ւ է քարոզարշավին, շրջելո՞ւ է Երեւանով:

-Ներկա պահին նման որոշում չունի շտաբը: Վարչապետի մասնակցության մասին ոչինչ ասել չեմ կարող, բայց թիմի մնացած բոլոր անդամները ներգրավված են լինելու շտաբային աշխատանքներին եւ քարոզարշավին:

-Պարո՛ն Փամբուխչյան, տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ երեւանցիները անտարբեր են Երեւանի քաղաքապետի ընտրությունների նկատմամբ եւ չեն ցանկանում մասնակցել ընտրություններին: Դուք՝ որպես իշխող քաղաքական ուժ, ի՞նչ եք անելու, որ երեւանցիները մասնակցեն ընտրություններին:

-Ինչը որ արվում է սովորաբար. մենք պետք է քարոզարշավ անենք, մեր կատարած աշխատանքը ցույց տանք, խոսենք կատարվելիք աշխատանքի մասին, քանի որ մեկը մյուսի հետ շատ սերտ փոխկապակցված է, եւ ես ունեմ վստահություն, որ երեւանցին, տեսնելով մեր կատարած աշխատանքը, կգա եւ կմասնակցի ընտրություններին, որպեսզի այդ աշխատանքը լինի շարունակական, եւ մեր կարգախոսն էլ պատահական չէ ընտրված՝ «Ասե՛ք, կանենք»: Մենք գնալու ենք, խնդրենք քաղաքացիներին, որպեսզի ասեն, եւ մենք հետագայում անենք:

-Ո՞ր թեկնածուին եք համարում ձեզ հիմնական մրցակից:

-Բոլորին հավասարաչափ վերաբերվում ենք:

-Պարո՛ն Փամբուխչյան, ձեր քաղաքական ուժին եւ թեկնածուին՝ Տիգրան Ավինյանին ուղղված հիմնական մեղադրանքն այն է, որ, դեռ պաշտոնական քարոզարշավը չմեկնարկած, նա էր վարում ավագանու նիստերը, տարբեր միջոցառումների էր ներկայանում, շրջում էր Երեւանում, հանդիպում քաղաքացիների հետ, եւ սա համարում են իշխանական լծակների օգտագործում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Ես ուզում եմ հիշեցնել, որ Տիգրան Ավինյանը հանդիսանում է Երեւանի քաղաքապետի տեղակալ եւ լինելով տեղակալ՝ նա իրականացնում է իր ամենօրյա աշխատանքը: Պետք է հարց առաջանար այն պարագայում, երբ նա՝ որպես տեղակալ, իր լիազորությունները չկատարեր: Իսկ նա կատարել է իր աշխատանքը, եւ որոշվել է, որ նա մեր թեկնածուն է:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

 

ՓՈԽՆԱԽԱՐԱՐԻ ԳՆՈՒՄՆԵՐԸ

2023 թվականի հունվարի 3-ին  Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի տեղակալ է նշանակվել Արաքսիա Սվաջյանը։

Մինչ նախարարի տեղակալ դառնալը Սվաջյանը Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն է եղել։ Նախարար դառնալուց հետո նախկին հաստիքը «նվիրել է» ընկերուհուն՝ Լիլիթ Մնացականյանին, թիվ 3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության տնօրենի պաշտոնն էլ՝ իր ընկեր Գոռ Մսրիկյանին։

Նախարարությունում հայտնվելուն պես Սվաջյանն իր մտերիմներին պաշտոններ է տալիս։ Օրինակ՝ փոխնախարարը պաշտոնը ստանձնելուց ամիսներ անց իր մտերիմ Թամարա Սարգսյանին նշանակել է ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ։ Վերջինս Սվաջյանի եւ Ժաննա Անդրեասյանի հետ մտերմություն ունենալու շնորհիվ է պաշտոնի եկել։

Մինչ նախարար դառնալը՝ 2016 թվականին, Սվաջյանը Կենտրոն վարչական շրջանում գտնվող  բազմաբնակարան շենքում ձեռք է բերել բնակարան, իսկ 2020 թվականին եւս մեկ բնակարան է գնել  բազմաբնակարան շենքում։ 2022 թվականին Սվաջյանը ձեռք է բերել 2014 թվականի արտադրության Mazda մակնիշի ավտոմեքենա։  Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 453 հազար դրամ եւ 346 եվրո։

Սվաջյանի հայտարարագրում այլեւս ոչ մի բաժին լրացված չէ։

Հայտարարագիր լրացնելու ժամանակ Սվաջյանն արդեն  իսկ նախարարի տեղակալ էր, եւ նույնիսկ այդ շրջանի եկամուտների մասին  ոչինչ չկա։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ

Գագիկ Ծառուկյանն երեկ հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին:

Գագիկ Ծառուկյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին շնորհավորել է Անկախության հռչակագրի ընդունման 33-ամյակի առթիվ՝ կարեւորելով նրա դերակատարումը 3-րդ հանրապետության կայացման գործում: Շուրջ մեկ ժամ տեւած ջերմ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են շրջափակման մեջ գտնվող Արցախում տիրող իրավիճակին, Հայաստանի ներկայիս խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին: Կողմերը երկուստեք կարեւորել են երկրում առկա խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ համազգային համերաշխության ու միասնականության գործոնը:

Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի տանը:

 

 

 

 

ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՄԵԿՆԱՐԿԵՑ

Երեկվանից՝ օգոստոսի 23-ից, մեկնարկել է սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը:

Քաղաքապետի 14 թեկնածուները օրեր շարունակ կշրջեն Երեւանի տարբեր վարչական շրջաններով, կներկայացնեն իրենց ծրագրերը ու կփորձեն համոզել երեւանցիներին ընտրել հենց իրենց:

Երեւանի փողոցները կողողվեն քարոզարշավի պաստառներով, նոր կարգախոսներով եւ նոր խոստումներով:

Այս ընթացքում քաղաքական ուժերը ջանք ու եռանդ չեն խնայելու՝ երեւանցիների սիրտը շահելու ու նրանց գրավիչ խոստումներ տալու: Իսկ թե, ի վերջո, որ ուժին կհաջողվի երեւանցիների վստահությունը շահել, պարզ կդառնա սեպտեմբերի 17-ին:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 8-ին։ Մինչ պաշտոնի նշանակվելը եղել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ։

Մարզպետը քաղաքական դաշտ է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո, «Իմ Քայլը» դաշինքի կողմից առաջադրվել էր Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածու։ Սուրեն Պապիկյանի հովանավորյալ Սարգսյանը  նախկինում Ռուսաստանի Դաշնությունում է եղել. ինչպես ընդունված է ասել բոլոր մարտունեցիների դեպքում, խոպան է գնացել: Հենց այդ տարիներին նա մի բնակարան է ձեռք բերել այնտեղ։ Մարզպետը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել, թեեւ 2022թ. հուլիսին հարբած ավտովթարի էր ենթարկվել Սեւան-Դիլիջան ճանապարհին:

Նշենք, որ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 910 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 12 մլն 500 հազար դրամ։ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է 16 մլն 524 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 12 մլն 790 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից։ Մյուս եկամուտների աղբյուրը թաքցվում է:

Մարզպետը նաեւ հիպոտեկով բնակարան է ձեռք բերել, իսկ նրա ստացած վարկերի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 301 հազար դրամ։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզպետ, 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի, 01 QA 110 համարանիշի եւ Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի, 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Mercedes-ի վարորդը` Կարեն Սարգսյանը, եղել է ոչ սթափ վիճակում:

 




Լրահոս