ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի հետ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման, իսկ հունիսի 15-ից Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետեւանքով ԼՂ-ում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները` ուշադրություն հրավիրելով հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների եւ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն պայմաններին, սննդի եւ դեղորայքի սուր պակասին: Արարատ Միրզոյանը նշել է նաեւ, որ վառելիքի բացակայության եւ ադրբեջանական կողմից թիրախավորման պատճառով դադարեցվել են գրեթե բոլոր գյուղատնտեսական աշխատանքները։
Անդրադառնալով ՄԱԿ Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի քննարկմանը՝ ընդգծվել է Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համապատասխան Լաչինի միջանցքի՝ ԼՂ-ն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի ապօրինի արգելափակումը վերացնելու հրատապությունը:
Շեշտվել է այդ ուղղությամբ առկա բոլոր մեխանիզմները, այդ թվում՝ ԵՄ եւ իր անդամ պետությունների կողմից արդյունավետորեն օգտագործելու կարեւորությունը՝ հաշվի առնելով, որ ԼՂ-ում մարդասիրական իրավիճակի շարունակական սրումը կարող է լուրջ հարվածի տակ դնել նաեւ տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերը:
Ստեղծված անորոշության պայմաններում Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւս հանդես է եկել կոչով: Մասնավորապես նա կոչ է անում հնարավորինս շուտ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության նպատակով հանդիպում անցկացնել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցել է Եվրամիության բարձրաստիճան անանուն պաշտոնյան։
Եվրամիության պաշտոնյայի խոսքով՝ Սոֆիայում նախատեսված, սակայն չկայացած հանդիպումից հետո Ստեփանակերտ-Բաքու նոր հանդիպման հարցն այս պահին փակուղում է, ընդ որում՝ նշել է, որ սեղանին որեւէ նոր առաջարկ չկա, ու առայժմ հայտնի չէ՝ երբ եւ որտեղ կարող է կողմերի հաջորդ հանդիպումը կայանալ։ Եվրոպացի պաշտոնյան պնդել է, թե Բրյուսելը շարունակում է մնալ անշահախնդիր ու անկեղծ միջնորդ Բաքվի ու Երեւանի միջեւ բանակցություններում։
«Նախագահ Միշելն ադրբեջանական կողմին շեշտել է Լաչինի ճանապարհը բացելու անհապաղ անհրաժեշտությունը՝ համապատասխան Միջազգային քրեական դատարանի կանոնադրության, եւ որպեսզի կանխվի հետագա լարվածությունը։ Նա նաեւ ի գիտություն է ընդունում ադրբեջանական կողմի պատրաստակամությունը հումանիտար օգնություն տրամադրել այլ ճանապարհներով՝ ներառյալ Աղդամով», – հավելել է «Ազատության» աղբյուրը։
ԵՌՈՒԶԵՌ՝ ՔՊ ՇՏԱԲՈՒՄ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբում քարոզարշավի առաջին օրը եռուզեռ էր:
Շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը, նրա տեղակալները եւ պատգամավորները կուսակցության նախընտրական քարոզարշավի հետ կապված աշխատանքներն էին համակարգում, ակտիվորեն քննարկումներ անցկացնում: ՔՊ նախընտրական շտաբը, որը գտնվում է Հյուսիսային պողոտայում, բավականին ընդարձակ է։ Յուրաքանչյուրի համար առանձնացված աշխատանքային մի քանի սենյակներ կան եւ մեկ ընդհանուր սենյակ՝ քննարկումների համար:
«Ժողովուրդ» օրաթերթը եղել է ՔՊ նախընտրական շտաբում՝ հասկանալու, թե ինչ իրավիճակ է շտաբում:
Մեզ հետ զրույցում ՔՊ նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը նշեց, որ քարոզարշավը մեկնարկել են Նուբարաշեն վարչական շրջանից, հաջորդը Էրեբունին է:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՄԻՇՈՒՍՏԻՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն օգոստոսի 24-25-ը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
«Հանդիպման ընթացքում կառավարությունների ղեկավարները նախատեսում են քննարկել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում միջնաժամկետ եւ երկարաժամկետ ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացման հարցերը: Կողմերը կքննարկեն ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության գոյություն ունեցող ձեւաչափերի ամրապնդումը եւ հնարավոր գործընկերների հետ կապերի հաստատումը», – մեջբերում է ՁԸհհ-ը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ միջոցառումը տեղի է ունենալու ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահության հովանու ներքո։
Միջոցառումը կանցկացվի Ծաղկաձոր լեռնային հանգստավայրում:
ԿԱՅՑԵԼԻ ՄԻՋԱՆՑՔ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, որը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու եւ առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամին՝ Արարատ Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության, այդ թվում՝ ԵԱՀԿ կողմից հրատապ եւ գործուն քայլերի հրամայականը՝ վերահաս հումանիտար աղետը եւ դրա անդառնալի հետեւանքները կանխելու նպատակով:
ԻՆՉՈ՞Ւ ՉՇՆՈՐՀԱՎՈՐԵՑԻՆ
Օգոստոսի 21-ին Հայ առաքելական եկեղեցին նշում էր Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի ծննդյան 72-րդ տարեդարձը։ Բազում շնորհավորանքներ են հնչել Կաթողիկոսի պատվին, սակայն իշխանության որեւէ ներկայացուցիչ այդպես էլ հանրայնորեն շնորհավորանքներ չի հնչեցրել։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձել է կապվել ՀՀ ԱԺ նախագահի, ՀՀ վարչապետի եւ ՀՀ նախագահի մամուլի խոսնակների հետ՝ չշնորհավորելու պատճառներն իմանալու համար։
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանն այս հարցին պատասխանեց. «ՀՀ ԱԺ նախագահը Կաթողիկոսի ծննդյան տարեդարձը միշտ էլ շնորհավորել է եւ այս տարին եւս բացառություն չէ» :
Նույն հարցին ՀՀ նախագահի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը պատասխանեց. «Եթե լինում է պաշտոնական շնորհավորանք, մենք հրապարակում ենք, եթե չկա, չի եղել։ Գուցե նախագահն անձնապես է շնորհավորել, ես դրա մասին տեղեկություն չունեմ։ Եթե լիներ, պաշտոնական հրապարակված կլիներ»։
«Ժողովուրդ» օրաթերթի բազմաթիվ զանգերին ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը չպատասխանեց։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԱՐՑԱԽՈՒՄ ԱՂԵՏ Է
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստում Արցախի շրջափակման վերաբերյալ քննարկումը ոչինչ չի տվել։ Այս մասին ասել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը։
«Արցախում աղետ է։ Այսօր 120 հազար բնակիչ զրկված է սննդամթերքի, դեղորայքի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումից, ինչի հետեւանքով արդեն մահվան դեպքեր են գրանցվում»,- ասել է կոնգրեսականը։
Նա հիշեցրել է, որ Արցախում ապրող հայերը շարունակում են մնալ շրջափակման մեջ, քանի որ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը` Լաչինի միջանցքը, եւ կոչ է արել հրատապ արձագանքել ստեղծված իրավիճակին։
«Անհրաժեշտ է բանաձեւ, որը կպահանջի դադարեցնել միջազգային իրավունքի այս խախտումը, անհրաժեշտ է ապահովել պարենի եւ դեղորայքի անարգել մատակարարումը, ինչպես նաեւ մարդկանց ազատ տեղաշարժը։ Պետք է դադարեցնեն ռազմական օգնությունն Ադրբեջանին եւ հավաստիանան, որ ապօրինի շրջափակումը կդադարեցվի։ Ադրբեջանին ոչ մի կոպեկ պետք չէ տրամադրել, համենայնդեպս՝ հիմա, երբ այդ աղետը շարունակվում է:»,- հայտարարել է կոնգրեսականը։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում արդեն հազարավոր մարդիկ են զոհվել, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել ռազմագերիներին ՝ խախտելով միջազգային իրավունքը. «Ես խորապես մտահոգված եմ հայերի նոր ցեղասպանության վտանգի առկայությամբ»։