«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ Արցախում ամիսներ շարունակ շուրջ 120 հազար մարդ գտնվում է գերության մեջ, սովամահության շեմին, ՀՀ վարչապետն ու իր ընտանիքի անդամները շարունակում են փառատոններ ու տոնական տրամադրություն ցուցադրել: Շաբաթ-կիրակի օրերին վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Սյունիքի մարզում էր։
Մեզ ասացին՝ ի սկզբանե նախատեսված է եղել, որ նա պետք է մասնակցի միայն Բնունիս համայնքում հյուրատան բացմանը, որը կառուցվել է 44-օրյա պատերազմի հերոս Էդգար Մարգարյանի հիշատակին եւ կոչվում է «Էդգարի տուն», սակայն Հակոբյանը, տեղեկանալով, որ շաբաթ օրը Սիսիանում «Ֆեստիվառ» է լինելու, այդ միջոցառմանն էլ է մասնակցել։ Մարզից տեղեկացանք, որ նրան կառավարության անդամին վայել ընդունելության են արժանացրել` դիմավորել են մարզպետն ու կինը, ԿԳՄՍ նորանշանակ փոխնախարար Դանիել Դանիելյանը, Սիսիանի համայնքապետ Արմեն Հակոբջանյանը:
Վերջինս հետո խիստ զղջացել է, որ, ի տարբերություն մյուս դիմավորողների, Աննա Հակոբյանին ծաղիկներով չի դիմավորել: Ասել է, թե տեղյակ չի եղել, որ արարողակարգը նման բան է թույլ տալիս, թե չէ իր ծաղկեփունջն անգերազանցելի կլիներ։ Երեւանից Սիսիան է շտապել ՔՊ-ական Կարեն Համբարձումյանը, որ պատիվ տա տիկնոջը, եւ համերգից հետո նրան հրավիրել է իր աներոջը պատկանող «Խնձորի այգի» ռեստորան։
Կիրակի օրը` «Էդգարի տան» բացմանն էլ պակաս տոնական մթնոլորտ չի եղել: Մեզ պատմեցին, որ Բնունիսում զոհվածի զինծառայողի մայրը` Արսինե Սահակյանն է առաջարկել Աննային՝ պարել իրենց հետ։ Հակոբյանը գիշերել է Հալիձորի «Հարսնաձոր» հյուրանոցային համալիրում»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում