ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ՀՈԳԵԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` ժամը 07:40-ին, Լոռու մարզի Դարպաս գյուղում դաժան սպանություն է տեղի ունեցել. 34-ամյա տղամարդն իր գրպանի դանակով նախ սպանել է հորը, այնուհետեւ կնոջն ու դիմել փախուստի:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ոստիկանության Գուգարքի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում` շնչափողի կտրած վերքով եւ ճակատի վերքերով, վերը նշված գյուղից Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 60-ամյա Վահան Աբրահամյանը:Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված օրը` ժամը 07:00-ի սահմաններում, 34-ամյա Մարտուն Աբրահամյանն իրենց տան բակում խոսակցություն է ունեցել իր հոր` 60-ամյա Վահանի հետ, որից հետո տան բակում  դանակահարել է իր հորը: Մարտունն անողոք կերպով կտրել է հարազատ հոր շնչափողը: Վահան Աբրահամյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Այնուհետեւ Մարտունը նույն դանակով ներս է մտել տուն եւ այնտեղ դաժանաբար սպանել իր 29-ամյա կնոջը` Արմենուհի Շիրինյանին: Լսելով բակի եւ տան բղավոցները` անմիջապես օգնության են հասել Մարտունի մայրը եւ հարեւան տանը բնակվող հորեղբայրը:
Աբրահամյանների ընտանիքը բաղկացած է 7 անձից, Մարտունը երկու երեխանների հայր է, աշխատում էր Երեւանում, 15 օր էր, ինչ գյուղ էր գնացել:
Նշենք, որ այդ ընտանիքին ճանաչողների հավաստմամբ` նրանք ծայրահեղ ծանր վիճակում են ապրում, եւ վիճաբանությունն այդ ընտանիքից անպակաս է եղել: Մեր տեղեկություններով` 34-ամյա Մարտունը հոգեկան շեղումներ ունի, որի մասին տեղյակ են բոլորը:
Ըստ նախնական տվյալների` հոր եւ որդու վեճն առաջացել է ինչ-որ անձնական խնդրի պատճառով, եւ հոգեկան շեղումներ ունենալու հետեւանքով որդին նման քայլի է դիմել` կտրելով հոր կոկորդը: Եւ անհասկանալի է, թե ինչու է այդ վիճաբանությունից «տուժել» Մարտունի երիտասարդ կինը` 29-ամյա Արմենուհին, ով տեղում մահացել է: Ի դեպ, նշենք, որ Մարտունի մորեղբայր Գագիկ Սերոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Մարտունն իր կնոջը շատ էր սիրում:
Գյուղացիները եւս հավաստում են, որ Մարտունը հոգեկան շեղումներ ուներ: «Մի մոմենտ նայում ես` լավ էր, մեկ էլ հանկարծ հիմար-հիմար զրիցներ էր անում, որ ասես մարդու վնաս տար` չէ՛, բայց անջատվում էր ու անկապ խոսում»,-նշեց հարեւան Հովհաննես Կոբալյանը:
Դարպասցիները հավելեցին, որ Մարտունի կինն աղանդավորական կազմակերպության անդամ էր: Վահան Աբրահամյանը կոշկակար էր,  իսկ Մարտունը վաստակում էր` ժամանակավոր աշխատանքներ կատարելով: Ոչ պաշտոնական տվյալներով` սպանությունը կատարել է կոշիկ կարելու համար նախատեսված դանակով, սպանությունից հետո էլ այգու միջով դիմել է փախուստի: Գյուղացիները նշում են, որ առավոտյան` փախուստի ժամանակ, Մարտունը ճանապարհին տեսել է հորեղբորորդուն ու ասել է, թե  4 հոգու է սպանել:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Երեկ «Ժողովուրդ»-ը ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացավ, որ ձեռնարկվում են միջոցառումներ Մարտուն Աբրահամյանին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով` սպանություն:

ՀԵՐՄԻՆԵ ԶԱՐՄԱՆՅԱՆ
Վանաձոր




Լրահոս