Հոկտեմբերի 28-ին Տավուշի մարզի Ներքին Ծաղկավան համայնքի ղեկավար Նաիրի Աթաբեկյանն ահազանգել էր, որ գյուղի կենտրոնում սողանքից քանդվել է Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհից գյուղ մտնող հատվածի 30 գծամետր երկարությամբ ձախակողմյան կողնակն ու երթեւեկելի մասի գրեթե կեսը: Ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի ու շատ վտանգավոր: Գյուղապետն ասաց, որ սողանքի վայրում եղել են մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Տավուշի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի, պետավտոտեսչության հանրապետական վարչության աշխատողներ: Գյուղապետն առաջարկել է հարցի լուծման, ճանապարհի վերականգնման տարբերակ. գումարով փոխհատուցել ճանապարհին հարակից սեփականաշնորհված 2 հողամասերի տերերին, որպեսզի ճանապարհն անցնի այդ տարածքով: Իսկ առայժմ ավտոբուսները գյուղի կենտրոնից վերեւ չեն բարձրանում, մարդատարներն էլ 5 մետր երկարությամբ վտանգավոր այդ հատվածը զգուշությամբ են անցնում:
Տավուշ