Կրակոցներ են հնչել Երևանում. ոստիկանները հայտնաբերել ու վնասազերծել են զենքի առուվաճառք կատարողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Oգոստոսի 22-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը Կենտրոն վարչական շրջանում կրակոցներ են արձակվել։

Shamshayn.com-ի հաղորդմամբ, ոստիկանության ծառայողները պարզել են ենթադրյալ կասկածյալ կրակողների ինքնությունը, երբ հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացել, որ նրանք գտնվում են Խորենացի փողոցում։

Ոստիկանները ապօրինի զենքի առուվաճառքի, խուլիգանության, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ, 28-ամյա Սուրեն Մ․-ին և 29-ամյա Հայկ Ս․-ին․ վերջիններս եղել են Հայկ Ս․-ի կողմից շահագործվող Toyota մակնիշի ավտոմեքենայով։

Արդեն տեղում պարզվել է, որ զենքի առուվաճառքի հետ կապված՝ զենքը փորձարկելու նպատակով նրանք բարձրացել են Նար-Դոսի փողոցի 1-ին շենքի տանիք, որտեղ բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ և անկանոն կրակոցներ արձակել, իսկ հետո տանիքից իջել, Սուրեն Մ․-ն զենքը թողել է իր տանը, իսկ կրակված պարկուճները նետել շենքի հարևանությամբ գտնվող աղբամանի մեջ։

Ոստիկանության Կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված Հայկ Ս․-ի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է կրակված 1 հատ պարկուճ և 1 փամփուշտ, իսկ Սուրեն Մ․-ի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ։

Դեպքի փաստով Ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին։ Սուրեն Մ․-ն և Հայկ Ս․-ն Ոստիկանության Կենտրոնական բաժնից ներկայացվել են քննչական բաժին։




Լրահոս