ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ապացույց ունեմ, որ մեկ տարի առաջ մահացած մարդն ինձ գումար է պարտք: Հիմա, երբ ցանկանում եմ դատական ակտերի հարկադիր ծառայության միջոցով հետ ստանալ գումարս իր ժառանգներից, ԴԱՀԿ-ն ասում է, որ շատ այդպիսի մարդիկ կան, որոնց տվյալ անձը պարտք է, ու ես պետք է հերթ կանգնեմ: Ի՞նչ սկզբունքով է տեղի ունեցել հերթագրումը, եւ ես ինչպե՞ս իմանամ, թե իմ հերթը երբ է հասնելու:

Վահրամ Բաբայան, 50 տարեկան, գործարար

ՊԱՏԱՍԽԱՆ. Պարտապանից  բռնագանձված, այդ թվում պարտապանի գույքի իրացումից, ինչպես նաեւ բռնագրավման ենթակա գույքի արժեքից ստացված գումարները մեկից ավելի պահանջատերերի դեպքում բաշխվում են ԴԱՀԿ ծառայության մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հերթականությամբ: Կոնկրետ պարտապանի վերաբերյալ ԴԱՀԿ ծառայությունում հարուցված մի շարք կատարողական վարույթներով պահանջատեր Հենզել Աբրոյանի մասով (թիվ 01/02-2787/11 կատարողական  վարույթ) պահանջների բավարարումն, ըստ վերոնշյալ օրենքի դրույթի, դասվում է 7-րդ հերթի բավարարման ենթակա պարտավորությունների շարքին: Այսինքն` Հենզել Աբրոյանի պահանջներն օրենքով սահմանված կարգով ենթակա են բավարարման նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո:

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության   Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  բաժնի պետ Դավիթ Բեգինյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Երեւում  է, որ մեկ  տարի առաջ մահացած քաղաքացին բավական շատ պարտքեր է ունեցել: ԴԱՀԿ ծառայության պատասխանից հասկացվում է նաեւ, որ նման իրավիճակում վաճառքի է հանվում մահացածի գույքը, եւ նոր միայն գումարը բաշխվում պարտքատերերի միջեւ: Մոտեցումը տրամաբանական է, սակայն այդպես էլ պատասխան չի տրվում հարցին, թե եթե անձն իրենց պատկանող որեւէ նյութական միջոց չունի, ու հետեւաբար ինչ-որ բան վաճառելու եւ այն պարտքի դիմաց վերադարձնելու հնարավորություն չկա, ապա այդ դեպքում ի՞նչ է սահմանում օրենքը:




Լրահոս