«Ժողովուրդ» օրաթերթը ԳԹԿ-ից տեղեկանում է, որ ընդունելության քննությունների հիմնական փուլում սահմանված շեմը Երեւանում հաղթահարել են դիմորդների 67,1 տոկոսը՝ 3158 դիմորդ, լրացուցիչ փուլում ընդունվել են եւս 402-ը: Այս մասին Երեւանում ուսուցիչների հետ օգոստոսյան խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
Ընդհանուր առմամբ, Երեւան քաղաքի դիմորդներից ընդունվել է 3560-ը՝ 75,6 տոկոսը, որից անվճար՝ 636-ը:
Փոխնախարարը ներկայացրել է նաեւ ընդհանուր պատկերը՝ ըստ բուհերի: Առաջին տեղում Երեւանի պետական համալսարանն է 914 ուսանողով, այնուհետ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 409 ուսանող, իսկ Պոլիտեխնիկական համալսարանը, ըստ ցուցանիշների, երրորդ տեղում է 457 ուսանողով:
Անդրադառնալով Հայկական պետական մանկավարժական համալսարանին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ Երեւանից բուհ ընդունվել է 154 ուսանող:
«Այս տարի Մանկավարժական համալսարանում ունենք տարբերություն. բնագիտական մասնագիտությունները, որոնք նախորդ տարիներին թափուր էին, այս տարի զգալիորեն համալրվել են»,- ասել է նախարարի տեղակալը:
Հավելենք, որ, Կառավարության որոշմամբ, բնագիտական առարկաների ուսուցիչներ պատրաստող բուհերը 70 000 դրամ կրթաթոշակ են տրամադրելու համապատասխան ֆակուլտետների ուսանողներին, գերազանցության դեպքում՝ 77 000: Մեկ այլ ծրագրով բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչներին կտրվի 25 տոկոս լրավճար: Ըստ Արաքսիա Սվաջյանի՝ սա բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների բացը լրացնելու եւ ոլորտի նկատմամբ երիտասարդների հետաքրքրությունը խթանելու հերթական ծրագրերից մեկն է:
Անդրադառնալով մասնագիտություններին՝ նշվել է, որ ցանկը գլխավորում է «Բուժական գործ» մասնագիտությունը՝ 183 ուսանողով, այնուհետ «Ճարտարապետություն»՝ 146, «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա»՝ 90 ուսանող:
«Այս տարի ունեինք նաեւ տարկետման իրավունք ունեցող մասնագիտություններ, որոնք ուսումնասիրում են բնագիտական ոլորտը: Երեւանից ունենք 155 ուսանող, որից 38-ը՝ ֆիզիկա, 30-ը՝ ռադիոֆիզիկա, 29-ը՝ հեռահաղորդակցություն եւ ազդանշանների մշակում եւ այլն»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:
Միասնական քննություններում ամենաբարձր արդյունքներ գրանցած առարկաներն են «Անգլերենը» եւ «Հայոց պատմությունը»: Ըստ փոխնախարարի՝ մտահոգիչ են «Հայոց լեզու եւ գրականություն» եւ «Մաթեմատիկա» առարկաների միջին միավորները, ինչը ենթադրում է լրացուցիչ աշխատանք հետագա տարիներին դրանք եւս բարձրացնելու ուղղությամբ:
Հիշեցնենք՝ 2023-2024 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունների շարքը մեկնարկել է օգոստոսի 21-ին Արագածոտնի մարզից: Այն նպատակն ուներ, նոր ուսումնական տարվան ընդառաջ, ոլորտի խնդիրները քննարկել տեղերում տնօրենների եւ հանրակրթության մարզային պատասխանատուների հետ:
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՏԵՍՔՈՎ
Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի օգոստոսի 30-ից կմեկնարկի Ստեփանակերտ քաղաքում բնակվող՝ որոշ կատեգորիաների անձանց սննդամթերքի տեսքով սոցիալական աջակցության տրամադրման ծրագիրը։
Ծրագրի շահառուներ կհանդիսանան 2023 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝
l 18 տարին չլրացած անձինք,
l 63 տարին լրացած անձինք,
l հաշմանդամություն ունեցող անձինք։
Յուրաքանչյուր շահառուի աջակցությունը կներառի 1 կգ միս, 1 կգ կարտոֆիլ եւ 1 կգ ձավարեղեն։
Աջակցություն ստանալու նպատակով շահառուն կամ նրա ընտանիքի չափահաս անդամներից մեկը կարող է մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 21-ը (ներառյալ) դիմել Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փ. 39 հասցեում տեղակայված՝ ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե՝ ներկայացնելով շահառուի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը, հանրային ծառայությունների համարանիշը, իսկ հաշմանդամություն ունեցող անձի դեպքում՝ նաեւ փորձաքննական որոշման մասին տեղեկանքը։
Եթե շահառուի փաստաթղթերը ներկայացվում են շահառուի ընտանիքի անդամի կողմից, ապա պարտադիր է նաեւ դիմողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը։
ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտեի կամ ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի կողմից կտրվի համապատասխան կտրոն, որը պետք է մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 25-ը (ներառյալ) ներկայացվի սննդամթերքի տրամադրման նպատակով առանձնացված տեղամասերից մեկը։
Սննդամթերքի տրամադրման տեղամասերը կգործեն Ստեփանակերտի կենտրոնական շուկայում եւ Հաղթանակի հրապարակի մոտակայքում գտնվող՝ «Էլիտ Գրուպ» ՍՊԸ եւ «Մասիս Մկրդունց» ԱՁ մսամթերքի վաճառքի խանութներում։
«Խնդրում ենք սննդամթերքի տրամադրման տեղամաս ներկայանալ համապատասխան տոպրակներով։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել ԱՀ պետական տեսչությունների կառավարման կոմիտե 047-96-01-32 հեռախոսահամարով»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։