ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿ՝ ԿԳՄՍՆ-ՈՒՄ. ԳՐՔԵՐԸ ՉԵՆ ՏՊՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մի խայտառակ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։ Պարզվում է՝ հայրենի նախարարությունը չի կարողացել  տպագրել դպրոցական նոր դասագրքերը, ու ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ տալ աշակերտներին: «Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռեւս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին, եւ ներկայացված հայտերն ուղարկվել են փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած եւ նախարարի հրամանով  հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են»,- հայտարարել է փոխնախարարը:
Իսկ շատ դպրոցականներ սեպտեմբերը կսկսեն առանց գրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ՝ դեռ չմշակված:
Ստացվում է՝ նախարարությունը անգամ չի կարողանում մրցույթ հայտարարել, պատշաճ պատրաստվել Գիտելիքի օրվան, ու պետք է դպրոցները սպասեն, մինչեւ այդ հարցը կլուծվի: «Նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն այս դասարաններում եւս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել, կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ եւ 7-րդ  դասարաններում այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի եւ նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով»,- ասել է Սվաջյանը։ Այսինքն՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որը հասցնում է լինել գրեթե բոլոր քարոզչական եւ քաղաքական միջոցառումներին, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է, չի հասցնում  իր ոլորտում առկա խնդիրները լուծել ու այն առաջնային համարել: Կրթական տարին սկսվում է առանց գրքերի, իսկ նախարարը հետաքրքրված է լողի սիրողական մրցաշարով:
 

 

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կուսակցական կյանքը կանգ է առել: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ վարչության նիստեր կամ ՔՊ նախաձեռնող խմբի հետ հանդիպումներ չեն լինում: «Ժողովուրդ»  օրաթերթը ՔՊ-ական վարչության անդամներից տեղեկացավ, որ պատճառը քարոզարշավն է: Այս օրերին իշխանությունն ամբողջ թիմով լծված է քարոզարշավին, իսկ Նիկոլ Փաշինյանը մարզային այցելություններով է զբաղված. նախ՝ Սյունիք էր մեծ շքախմբով այցելել, հետո՝ Լոռի, դրա համար էլ վարչության նիստերի ու կուսակցական հանդիպումների ժամանակ չունեն: Կուսակցության վարչության բոլոր 15 անդամները  քարոզարշավով են զբաղված այս օրերին. Գեւորգ Պապոյանը, Վահագն Ալեքսանյանը, Գնել Սանոսյանը, Վաղարշակ Հակոբյանը non-stop ռեժիմով քարոզարշավին են  մասնակցում ու Տիգրան Ավինյանի հետ վարչական տարբեր շրջաններ են գնում։ Վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթեւոսյանը, առհասարակ, ո՛չ ՔՊ վարչության նիստերին է մասնակցում, ո՛չ էլ գործադիրում է ակտիվ. անհասկանալի է՝ ի վերջո որոնք են նրա գործառույթները: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առողջական խնդիրներ ունի, նոր է վիրահատվել, իսկ Արփի Դավոյանն էլ, ինչպես միշտ, որպես Փաշինյանի «թիկնապահ» ամենուր ուղեկցում է նրան, հիմա էլ հաճախ նրան մարզային այցելությունների ժամանակ տեսնում ենք Փաշինյանի կողքին: ՔՊ-ականների ահա այսչափ զբաղվածությունն ու խիտ գրաֆիկն է պատճառը, որ վարչության նիստեր չեն լինում. վերջին նիստը եղել է օգոստոսի 3-ին:
 

 

 

Ներքին գործերի նախարարությունը 275 մլն դրամ է ծախսելու սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման համար։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարից գրասենյակային նյութերի (թուղթ եւ քարթրիջներ) եւ ընտրական մատյանների կազմման համար նախատեսվել է 3,2 մլն դրամ, իսկ փոստային ծառայությունների համար՝ 271,8 մլն դրամ՝ ընտրողներին քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի եւ ժամանակի մասին ծանուցումներ ուղարկելու համար։ Ավելին՝ այսքան գումար Ներքին գործերի նախարարությունը չունի, եւ այն կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ Հավելենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների պաշտոնական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ից եւ ավարտվելու է սպետեմբերի 15-ին։ Ընտրություններին մասնակցում է 14 ուժ՝ 13 կուսակցություն եւ 1 դաշինք։ Այս օրերին քաղաքական ուժերը ակտիվ հանդիպումներ ու քարոզարշավ են իրականացնում Երեւանի տարբեր վարչական շրջաններում:
 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նախաքննության ավարտ է հայտարարվել Ազատ գյուղի զինվորների կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով. այն խլեց 15 զինվորի կյանք։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ գործով կալանավորված սպա Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ Ըստ նախաքննական մարմնի՝ սպան բենզինը լցրել էր վառարանը, կրակը անսպասելի թեժացել էր, ինչի հետեւանքով տեղի ունեցավ ողբերգական դեպքը։ Հիշեցնենք, որ դեպքը եղել էր այս տարվա հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում, ինչի հետեւանքով մահացան 15 զինծառայողներ. սույն գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։




Լրահոս