ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ։
«Ժողովուրդ» օրաթրի տեղեկություններով՝ Ե.Զ.-ն, 2003 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2009 թվականի մարտի 4-ը զբաղեցնելով Երեւանի քաղաքապետի պաշտոնը, առանց իրավական հիմքերի, որոշում է կայացրել «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանն օտարել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երիտասարդական պալատ» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ Երեւան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ հողամասը:
Մասնավորապես, 2004 թվականի հունվարի 13-ին Երեւանի Սարալանջ 1 հասցեում գտնվող՝ 24.345.2 քմ մակերեսով անշարժ գույքը «Երիտասարդական պալատ» ՊՓԲ ընկերության սնանկության կառավարչի կողմից վաճառվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը: Պայմանագրի գինը, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, որոշվել է 506 մլն դրամ: 506 մլն դրամից 90 մլն դրամը նախատեսվել է տրամադրել վերոնշյալ շենքում բնակվող 24 փախստական ընտանիքներին՝ որպես տարածք տրամադրելու հատուցում: Հետագայում՝ 2004 թվականի հուլիսի 13-ին, նշված հատուցման գումարի չափը փոփոխվել է՝ դառնալով 95 մլն դրամ՝ արդեն որպես 30 փախստական ընտանիքներին տարածք տրամադրելու հատուցում:
Նշենք, որ պայմանագրի 7-րդ կետով սահմանվել է, որ անշարժ գույքի սեփականության իրավունքը կհամարվի փոխանցված գնորդին՝ պայմանագրի՝ պետական գրանցում ստանալու պահից (պայմանագիրը պետական գրանցում է ստացել 2004 թվականի հունվարի 27-ին):
«Ե.Զ.-ն 2004 թվականի հունվարի 16-ին` Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 1746-Ն նոր որոշման ուժի մեջ մտնելուց երեք օր առաջ (19.01.2004 թվականին ուժի մեջ մտած որոշման համաձայն՝ վերոնշյալ հողամասի կադաստրային արժեքը նախկինում գործող 62 մլն 973 հազար 405 դրամից դառնում էր 805 մլն 623 հազար դրամ), պայմանագրի պետական գրանցման բացակայության, անշարժ գույքի սեփականության իրավունքը գնորդին փոխանցված եւ դրանից բխող այլ իրավունքներ, այդ թվում՝ գույքի գնման նախապատվության իրավունքն առաջացած չլինելու պայմաններում, առանց համապատասխան իրավական հիմքերի, կայացրել է ««Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին պատկանող շինությունների զբաղեցրած հողատարածքն օտարելու մասին» թիվ 35-Ա որոշումը: Այդ որոշմամբ՝ Ե.Զ.-ն «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին վերապահել է վերոնշյալ հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասի գնման նախապատվության իրավունք՝ վաճառքի գինը սահմանելով տվյալ ժամանակահատվածում գործող կադաստրային արժեքի չափով:
Այնուհետեւ Երեւանի քաղաքապետի՝ 2004 թվականի հունվարի 16-ի թիվ 35-Ա որոշման հիման վրա՝ 2004 թվականի հունվարի 17-ին Երեւան քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Կ.Դ.-ի եւ «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերության տնօրեն Լ.Ա.-ի միջեւ կնքվել է հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր: Պայմանագրի համաձայն՝ Երեւան քաղաքի Սարալանջ փողոցի 1-ին հասցեում գտնվող 31.780 քմ մակերեսով հողամասը 62 մլն 973 հազար 405 դրամով օտարվել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը:
Այսպիսով, Երեւանի նախկին քաղաքապետ Ե.Զ.-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, խախտելով օրենսդրական մի շարք պահանջները, 805 մլն 623 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը 62 մլն 973 հազար 405 դրամով օտարել է «Ավանգարդ Մոթորս» ՍՊ ընկերությանը՝ Երեւան համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:
Դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 30-ի որոշմամբ՝ Ե.Զ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)», – ասված է հաղորդագրության մեջ:
ԴԱՏԱՐԱՆՆ ԱՐԳԵԼԵՑ ՀԵՌԱՐՁԱԿԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, օգոստոսի 31-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում նախորդ տարվա օգոստոսի 14-ին տեղի ունեցած ողբերգական պայթյունի գործով մեկնարկած նախնական դատական նիստին արգելվեց ԶԼՄ-ներին ուղիղ հեռարձակում իրականացնել։ Դատարանը թույլատրեց միայն 10 րոպե տեւողությամբ տեսանկարահանում իրականացնել դատական նիստերի դահլիճում։
Նշենք, որ ամբաստանյալի կարգավիճակում է 3 անձ՝ Վահագն Հովհաննիսյանը, Գարիկ Վարդանյանը եւ Մհեր Մարգարյանը: Վահագն Հովհաննիսյանը վարչական հսկողության տակ է, Գարիկ Վարդանյանի նկատմամբ բացակայելու արգելք է սահմանվել, Մհեր Մարգարյանի նկատմամբ՝ գրավ է կիրառվել։
Ըստ մեղադրանքի՝ Վահագն Հովհաննիսյանը, «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության տնօրեն Իրինա Էդուարդի Մադաթովայի հետ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված՝ «Առեւտրի իրականացման վայրի առեւտրի օբյեկտների, վաճառատեղերի եւ պահեստների տրամադրման» պայմանագրով առեւտրի կենտրոնում վարձակալելով ընկերության՝ Երեւան քաղաքի Արշակունյաց 15 հասցեում գտնվող առեւտրի կենտրոնի առեւտրի իրականացման վայրի թիվ 6 պահեստային (սառնարան) տարածքը եւ, նույն պայմանագրի 2.4.3 կետի պահանջների համաձայն, ստանձնելով վարձակալած տարածքի անվտանգ շահագործման, հակահրդեհային եւ սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման եւ իր մեղքով պատճառված վնասի դեպքում պատճառված վնասը փոխհատուցելու պարտավորությունները, խախտել է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարի 2015 թվականի հունիսի 18-ի N 595-Ն հրամանով հաստատված «Հրդեհային անվտանգության կանոնների» եւ ՀՀ ներքին գործերի նախարարի՝ 2002 թվականի մայիսի 27-ի թիվ 241 հրամանով հաստատված՝ «Հրագործական արտադրատեսակները պահելու եւ դրանք զանգվածային միջոցառումների ժամանակ օգտագործելու» պահանջները, որի հետեւանքով 2022 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով անզգուշությամբ կյանքից զրկվել են ընդհանուր 17 անձինք, ինչպես նաեւ առաջացել են այլ ծանր հետեւանքներ:
Մհեր Մարգարյանը, հանդիսանալով Վահագն Հովհաննիսյանի ընկերը, վերջինի կողմից առեւտրի տարածքում Վահագն Հովհաննիսյանի եւ Գարիկ Վարդանյանի հետ համատեղ պահեստավորել է հրագործական արտադրատեսակներ՝ այդկերպ դրսեւորելով հանցավոր անփութություն:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հերթական ինքնասպանության փորձն է կանխվել։
Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության ԱՆ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում բուժվող, 1990 թվականին ծնված աղջիկը՝ Սոսաննա.Թ-ն, փորձել է վերջ տալ կյանքին։
Մեզ հայտնի դարձավ, որ նա պարանոցին թել կապելու միջոցով է փորձել ինքնասպան լինել, սակայն աշխատակիցները տեսել ու կանգնեցրել են նրան։
ՄԱՀ՝ ՑՈՒԼԻ ՀԱՐՎԱԾԻՑ
Օգոստոսի 30-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Հայկ Պ.-ից, որը հայտնել է, որ իրենց նախրապան, Կոտայքի մարզի բնակիչ, 57-ամյա Մերուժան Հ.-ի հետ կապ հաստատել չի լինում, մինչդեռ նախիրը վերադարձել է առանց նրա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով դեպքի վայր է մեկնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Զորիկ Ավդիշոեւի գլխավորությամբ։
Ժամանել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Մերուժան Հ.-ն առավոտյան դուրս է եկել խոշոր եղջերավոր անասուններին արածեցնելու նպատակով, իսկ երեկոյան անասուններին վերադարձնելու ժամանակ ինքը չի վերադարձել։
Նրա քրոջ որդին, տեսնելով, որ քեռին տուն չի վերադարձել, ժամը 19։30-ի սահմաններում սկսել է որոնողական աշխատանքներ կատարել եւ Կոճոռ թաղամասի «Հին այգիներ» կոչվող հատվածում հայտնաբերել է նրա դին՝ գետնին պառկած վիճակում։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ կրծքավանդակի եւ ոտքերի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ՝ վերքերի տեսքով, որն էլ, ըստ Վրեժ Չ.-ի հայտնածի, առաջացել են ցուլի հարվածներից։
Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։