Կառավարությունը օգոստոսի 31-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ 2023 թվականի ապրիլի 27-ին Բրյուսելում եւ 2023 թվականի օգոստոսի 1-ին Երեւանում ստորագրված «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրին:
Այդ համաձայնագրով ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի դրամաշնորհային հիմունքներով բյուջետային աջակցություն՝ 29.3 մլն եվրո ծավալով: Բացի այդ, ծրագրի իրականացմանն օժանդակելու նպատակով կտրամադրվի լրացուցիչ տեխնիկական աջակցություն՝ 2.7 մլն եվրո ծավալով (ծրագրի ընդհանուր արժեքը՝ 32 մլն եվրո): Հայաստանի Հանրապետության կողմից համաֆինանսավորում չի նախատեսվում:
Նշենք, որ ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կրթական համակարգի մրցունակությունը՝ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով սահմանված կրթական բարեփոխումներին, ինչպես նաեւ ՀՀ կրթության մինչեւ 2030թ. զարգացման պետական ծրագրին ու դրանից բխող գործողությունների ծրագրին համահունչ։ Նախանշված բարեփոխումների իրականացման հարցում ծրագիրն օժանդակություն է տրամադրելու քաղաքականության վերաբերյալ ընդլայնված երկխոսության, ֆինանսավորման ու տեխնիկական աջակցության տրամադրման ճանապարհով:
Ծրագիրը, մասնավորապես, կենտրոնացված է լինելու ԳՏՃՄ (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) առարկաների դասավանդման եւ ուսուցման որակի բարելավման վրա՝ համադրելով ֆորմալ ու նորարարական ոչ ֆորմալ կրթությունը, գյուղական համայնքներում բարձրորակ կրթական ծառայություններն ավելի մատչելի դարձնելու համար:
Հավելենք, որ ծրագիրը միտված է ավելացնելու գյուղական տարածքներում բարձրորակ միջնակարգ կրթության ծառայություններին մասնակցող աշակերտների (հատկապես՝ աղջիկների) թիվը եւ բարելավելու միջնակարգ կրթության համակարգի կառավարման արդյունավետությունն ու հաշվետվողականությունը։
Ծրագիրն ընդգրկելու է Արարատի, Կոտայքի ու Գեղարքունիքի բոլոր դպրոցներն ու Սյունիքի մարզի Կապան քաղաքի 13 դպրոցները։ Ընդհանուր առմամբ, մինչեւ 337 դպրոց ունենալու է վերանորոգված ու կահավորված ԳՏՃՄ լաբորատորիաներ, վերապատրաստված ուսուցիչներ եւ վերապատրաստման նորացված մեթոդաբանություն:
ԱՎԵԼՑՈՒԿԱՅԻՆ ՔԱՇ
Կառավարության երեկվա նիստի ժամանակ ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը հայտարարեց, թե 7 տարեկան երեխաների շրջանում ամեն չորրորդն ավելցուկային քաշ ունի։ Նա նշեց, որ աշխատանք է տարվում, որպեսզի երեխաները ցածր դասարաններից սովորեն առողջ ապրելակերպին: «Սա նշանակում է, որ ավելի շատ պետք է աշխատենք, սովորեցնենք, թե առողջ ափսեն ինչպես պետք է ձեւավորվի, զերծ պահենք մեր երեխաներին հեռուստատեսությամբ եւ այլ միջոցներով վնասակար ուտելիքի գովազդից»,- ասաց նախարարի տեղակալը: