ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՉՏՊՎԱԾ ԳՐՔԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  հայրենի նախարարությունը չի կարողացել տպագրել դպրոցական նոր դասագրքերը, ու ԿԳՄՍՆ-ից դպրոցների տնօրեններին հանձնարարել են դրանց էլեկտրոնային տարբերակներից թեմաները տպել եւ տալ աշակերտներին:

 

Իսկ շատ դպրոցականներ սեպտեմբերը կսկսեն առանց գրքերի, քանի որ հին չափորոշիչները փոխված են, նորերն էլ՝ դեռ չմշակված:

Ստացվում է՝ նախարարությունը անգամ չի կարողանում մրցույթ հայտարարել, պատշաճ պատրաստվել Գիտելիքի օրվան, ու պետք է դպրոցները սպասեն, մինչեւ այդ հարցը կլուծվի:

Ավելի ուշ ԿԳՄՍՆ տարածեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասվում էր, որ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երեւանի քաղաքապետարանին եւ ՀՀ մարզպետարաններին, որով առաջարկվում է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարանների դասագրքերի էլեկտրոնային տարբերակների պատճենները տրամադրել աշակերտներին կամ ուսուցումը կազմակերպել էլեկտրոնային եղանակով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ նշված դասարաններում 2023/24 ուսումնական տարում ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որով պայմանավորված՝ փոխվում են նաեւ դասագրքերը եւ ուսումնական նյութերը: Նոր դասագրքերի տպագրությունն ընթացքի մեջ է, եւ դրանք փուլային տարբերակով կառաքվեն դպրոցներ սեպտեմբեր ամսվա ընթացքում:

Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաեւ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունների եւ ոչ պետական դպրոցների տնօրեններին: Դպրոցներին հանձնարարվել է զերծ մնալ ծնողներին դասագրքերը գնելու կամ դրանց էլեկտրոնային տարբերակները պատճենելու ուղղորդումներից: Դպրոցն իր միջոցների հաշվին պետք է կազմակերպի դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից տպված համապատասխան թեմաների էջերը սովորողներին բաշխելու աշխատանքները:

Հաշվի առնելով վերջին օրերին քաղաքացիներից ստացված ահազանգերն ու դժգոհությունները՝ տեղեկացնում ենք, որ դասագրքերի խնդիրը քննարկվել է օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ՝ ՀՀ բոլոր մարզերի, Երեւանի քաղաքապետարանի, ԿԳՄՍՆ ենթակայության, ինչպես նաեւ ոչ պետական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Դպրոցները տեղեկացված են եղել անցումային փուլի խնդիրների եւ ուսումնական գործընթացի կազմակերպման նպատակով անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու մասին:

Միաժամանակ հայտնում ենք, որ քաղաքացիները դասագրքերի, ինչպես նաեւ ուսումնական գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրենց հուզող հարցերով կարող են դիմել ԿԳՄՍ նախարարության «Թեժ գիծ»՝ 010-599-600 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ դասագրքերի ապահովման գործընթացն իրականացվում է սահմանված կարգով, համաձայն որի՝ տարրական դասարանների դասագրքերն աշակերտներին տրվում են պետական միջոցների հաշվին՝ անվճար, իսկ մյուս դասարանների դասագրքերը՝ ներդրումային գումարներով:

 

 

 

 

 

 

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ Wildberries-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Wildberries առցանց առեւտրի հարթակը հայտարարել է ապրանքները վերադարձնելու նոր հնարավորություն գործարկելու մասին, եթե գնորդն ապրանքն օգտագործելու ընթացքում թերություն է հայտնաբերել։ Այժմ գնորդները կարող են անմիջապես կապվել վաճառողի հետ՝ վճարումից 14 օր հետո գնումը վերադարձնելու համար:

 

Դրա համար անհրաժեշտ է գրել վաճառողին չատով անձնական օգտահաշվի «Գնումներ» բաժնում: Վաճառողը հայտը դիտարկելուց հետո կկարողանա ընդունել կամ մերժել այն, ինչպես նաեւ հաճախորդի հետ քննարկել փոխհատուցման ձեւաչափը՝ վերադարձնել միջոցները, պայմանավորվել փոխարինող ապրանք տրամադրելու շուրջ կամ առաքել պատվերի պակասող մասը, եթե ինչ-ինչ պատճառներով այն ամբողջությամբ չի առաքվել, օրինակ՝ բացակայում է կոճակը։

Նշենք նաեւ, որ հայտը հաստատելուց եւ փոխհատուցման ձեւաչափը համաձայնեցնելուց հետո գնորդը ապրանքը վերադարձնում է Wildberries-ի պատվերի ընդունման կետ կամ հենց վաճառողին՝ կախված ձեռք բերված պայմանավորվածություններից: Գնման համար նախատեսված միջոցները կգանձվեն վաճառողի հաշվի մնացորդից եւ կվերադարձվեն գնորդին:

«Ցանկանում ենք մեր առցանց հարթակում օգտատերերի եւ վաճառողների միջեւ փոխգործակցության փորձառությունը դարձնել էլ ավելի պարզ եւ հարմարավետ եւ հեռացրել ենք նրանց միջեւ անհարկի միջանկյալ օղակը: Այժմ նրանք կարող են ոչ միայն ուղղակիորեն շփվել միմյանց հետ եւ տեղեկություններ փոխանակել ապրանքի բնութագրերի եւ առանձնահատկությունների մասին, այլեւ ընտրել փոխհատուցման ամենահարմար ձեւաչափը երկուսի համար: Սա վաճառողներին լրացուցիչ գործիք կտրամադրի հաճախորդների հավատարմությունը բարձրացնելու եւ սեփական տեսականին կառավարելու համար»,- պարզաբանել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Հավելենք, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, եթե գնորդը հայտնաբերում է թերություն նախքան գնման համար վճարելը, ապա այդպիսի ապրանք գնած քաղաքացին կարող է հրաժարվել դրանից ստանալուց հետո: Դա անելու համար բավական է այն վերադարձնել թողարկման կետի մենեջերին կամ առաքիչին, որը բերել է պատվերը: Այս դեպքում ապրանքի արժեքը, ներառյալ հետադարձ տեղափոխումը, չի պահվում:

 

 

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՏՆՕՐԵՆԻ Ժ/Պ-ԻՆ

2023թ. փետրվարից  «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի  ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Ալիխանյանը պարկի տարածքները վարձակալությամբ տվել է իր մտերիմներին։ Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, թե Ռ. Ալիխանյանի՝ որպես «Դիլիջան» ազգային պարկի տնօրենի Ժ/Պ աշխատելու ժամանակ, նաեւ 2022 եւ 2021 թվականներին ազգային պարկում քանի հողամաս է տրվել վարձակալությամբ։ Նախարարությունից  պատասխանել են. «2023 թվականի փետրվարից մինչ այսօր Շրջակա միջավայրի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տարածքում մրցութային կարգով վարձակալությամբ է տրվել հինգ միավոր հողատարածք։ 2021 եւ 2022 թվականների ընթացքում վարձակալությամբ հողատարածքներ չեն տրամադրվել»։ Ֆեյսբուքյան «Դիլիջանցիք» խմբում  անանուն հեղինակը     Ռոբերտ Ալիխանյանին մեղադրանքներ է ներկայացրել նրա  գործելակերպի եւ վարած կադրային քաղաքականության համար։ Այդ հրապարակման մեջ նշված է, որ ազգային պարկի գիտության բաժնի պետի պաշտոնը, համաձայն հաստատված եւ գործող պաշտոնի անձնագրի, պահանջում է տվյալ ոլորտում երեք տարվա մասնագիտական գործունեություն: 2018թ.-ից  մինչեւ 2023թ.-ի փետրվարը այդ պաշտոնը զբաղեցրել է Ռոբերտ Ալիխանյանը: Տնօրենի Ժ/Պ նշանակվելուց  հետո ինքը  գիտության բաժնի պետի պաշտոնում նշանակել է իր հարեւան Դավիթ Առուստամյանին, որը չի համապատասխանում պաշտոնի անձնագրով սահմանված չափորոշիչներին: Վերջինս 2008-2013թթ.  աշխատանքային գործունեություն է  ծավալել Տրանսպորտի եւ կապի նախարարության «Հեռահաղորդակցության հանրային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որը զբաղվում է հաճախականությունների ստուգմամբ եւ վերահսկմամբ, այնուհետեւ մի քանի տարբեր գազալցակայաններում եղել է հերթափոխի պետ: Դ. Առուստամյանի  փոխարեն՝ գիտական բաժնի աշխատանքները կատարում են բաժնի փորձառու եւ բանիմաց աշխատակիցները: Սեպտեմբերն է, սակայն ազգային  պարկը  դեռեւս չունի ավտոմեքենաների  վառելիք, մեքենաները գտնվում են անսարք վիճակում: Անտառների պահպանությանը ծառայող մի շարք մեքենաներ անսարքության եւ վառելիքի բացակայության պատճառով կայանած են:  Հրապարակման մեջ նաեւ ասվում է, որ Ռ. Ալիխանյանը իր պաշտոնավարման հենց սկզբից  անհաշտ հարաբերությունների մեջ է գտնվել «Աղավնավանք» տեղամասի պետ Հովակիմ Խոջայանի հետ, քանի որ այդ պաշտոնում իր նախընտրած թեկնածուն իր մտերիմ Արտեմ Ստեփանյանն էր: Այդ  տեղամասը միշտ աչքի է ընկել իրավախախտումների ցածր քանակով եւ բարձր կարգապահությամբ: Ռոբերտ Ալիխանյանն ամեն  առիթ բաց չի թողել Հ. Խոջայանին կարգապահական տույժի ենթարկելու համար, որպեսզի  ապահովի նկատողությունների քանակ, ինչով  կարող էր ազատվել Հ. Խոջայանից: Մի  խորհրդակցությունում  Ռ. Ալիխանյանը որոշել է, որ Հ. Խոջայանը այլեւս չպետք է կատարի տեղամասի պետի պարտականությունները, եւ  նրա փոխարեն այդ գործը  կկատարի Արտեմ Ստեփանյանը, վերցրել  է  պահպանություն իրականացնելու համար Խոջայանին կցված մեքենան եւ տվել Ա. Ստեփանյանին։ Այդ վիճակը տեւել է մոտ մեկ ամիս, որից հետո Ռ. Ալիխանյանի առաջարկությամբ Հ. Խոջայանը գրել է աշխատանքից ազատման դիմում՝ տարածքը հանձնելով հարեւան տեղամասի պետ Մհեր Հովսեփյանին: Կատարված հանձնման-ընդունումից պարզվել է, որ բացակայում է տեղամասի հաշվեկշռում գտնվող 1500 խմ փայտը, որր արժեքը մոտ 30 միլիոն դրամ է։ Մոտ մեկուկես ամիս առաջ ավարտված գարնանային ստուգումների արդյունքում տեղամասում առկա է եղել հաշվեկշռում գտնվող փայտի ամբողջ քանակը, ինչը արձանագրել է ստուգող հանձնաժողովը:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս