ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄ՝ ԳՈՒՄԱՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի դատախազությունը հայտնում է, որ Արարատի մարզի զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետը ստացել է խոշոր չափերով կաշառք՝ զորակոչիկին զինվորական ծառայությունից ազատելու համար։  

 

Ա.Թ.-ն, լինելով Պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ, 2023 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պահանջել եւ ստացել է խոշոր չափերով կաշառք:

«Մասնավորապես, քրեական վարույթով պարզվել է, որ զորակոչիկ Ս.Մ.-ի հայրը՝ Հ.Մ.-ն, 2023 թվականի մարտին ծանոթացել է ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի մտերիմ Ռ.Ա.-ի հետ եւ վերջինիս խնդրել կազմակերպել որդուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու գործընթացը: Քաղաքացի Ռ.Ա.-ն իր մտերիմ, Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ի հետ համաձայնության է եկել 10 հազար ԱՄՆ դոլարի դիմաց ազատել Ս.Մ.-ին պարտադիր զինվորական ծառայությունից (Ա.Թ.-ն խոստացել է 2 հազար ԱՄՆ դոլարը տրամադրել իրեն օժանդակող Ռ.Ա.-ին): Ռ.Ա.-ն 2023 թվականի մարտի 30-ին վերցրել է կաշառքի մի մասը՝ 2 հազար 500 ԱՄՆ դոլարը, որից 1000 ԱՄՆ դոլարը փոխանցել է Ա.Թ.-ին: Զորակոչիկի կողմից բժշկական հետազոտություններն անցնելուց հետո Ռ.Ա.-ն ստացել է մնացած 7 հազար 500 ԱՄՆ դոլարը եւ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետին փոխանցել ընդhանուր առմամբ 7 հազար 400 ԱՄՆ դոլար:

Մեկ այլ դրվագով՝ Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ն կրկին իր մտերիմ Ռ.Ա.-ի միջոցով Արարատի մարզի երկու բնակչից ստացել է 120 հազար դրամ կաշառք՝ վերջիններիս 2023 թվականի հերթական վարժական հավաքից ազատելու համար: Բացի այդ, 2023 թվականի ապրիլի 17-ին Զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Ա.Թ.-ն զանգահարել է Արարատի մարզի բնակիչ Հ.Մ.-ին, հայտնել, որ տարածքային ստորաբաժանման կողմից նրան վարժական հավաքին ներկայանալու վերաբերյալ ծանուցագիր է ուղարկվելու, եւ ծանուցագիրը չուղարկելու համար, որպես կաշառք, առաջարկել է Հ.Մ.-ին պատկանող ռեստորանային համալիրում Արարատի մարզի տարածքային ստորաբաժանման հինգ ծառայողների համար հյուրասիրություն կազմակերպել: Հ.Մ.-ն ընդունել է առաջարկը եւ հյուրասիրություն կազմակերպել հինգ անձի համար՝ յուրաքանչյուրի համար վճարելով 15 հազար դրամ: Հաշվի առնելով, որ Ա.Թ.-ի գործողություններում առկա են հանցագործության հատկանիշներ՝ հսկող դատախազի նախաձեռնությամբ՝ 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Ա.Թ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով կաշառք ստանալը), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալը) (2 դրվագ) եւ 435-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որեւէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, կաշառք տալու առաջարկ ներկայացնելը կամ կաշառք տալու առաջարկը կամ խոստումն ընդունելը՝ իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար)»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԲԱՆՏՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12.42-ին, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձ 31-ամյա Գ.Գ-ն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից: Գ.Գ-ն, իր դիմումի համաձայն, մեկուսի է պահվել կարանտինային խցում:

Նշենք, որ կալանավորված անձն առողջական խնդիրների պատճառով ստացիոնար բուժման մեջ է գտնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղից, իր դիմումի համաձայն, դուրս է գրվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին եւ տեղափոխվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Նախնական տվյալներով՝ կալանավորված անձը 2023թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12-ի սահմաններում, ցանկություն է հայտնել օգտվել իրեն հասանելի հեռախոսազանգից: Ժամը 12.12-ին վերջինս դուրս է բերվել խցից, կատարել է հեռախոսազանգ, ժամը 12.15-ին վերադարձել է խուց, որից հետո նրան հայտնաբերել են կախված վիճակում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

 

 

 

ԹՄՐԱՆՅՈՒԹՆ ՈՒ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ

Տարոնի քրեական հետախույզները տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 3-ին: Երեկոյան ժամը 7.30-ին ձեռնարկած միջոցառումների արդյունքում Վանաձորի Տիգրան Մեծի փողոցում ձերբակալվեց  եւ ոստիկանության Տարոնի բաժին բերվեց 43-ամյա մի տղամարդ, որի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կաթուցիչ` դեղնականաչավուն զանգվածով:

Դպրոցի փոխտնօրեն տղամարդը եւ  կազմված փաստաթղթերը ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

 

 

 

 

 

ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մայրաքաղաքի Թամանցիների փողոցում հյուրանոցային համալիրի կրակոցներից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հնչած կրակոցները ուրախության կրակոցներ են եղել:

Բանն այն է, որ ռեստորանի սեփականատիրոջ հարազատներից մեկը երկար տարիներ երեխա չի ունեցել, որից հետո ընտանիքում երեխա է ծնվել, եւ ոգեւորված ընտանիքի անդամները զենքով մի քանի անգամ օդ են կրակել ու հայտնվել իրավապահների տեսադաշտում:

Սեպտեմբերի 3-ին՝ գիշերվա ժամը 3.30-ին, «1-02» զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Թամանցիների փողոցում՝ հյուրանոցային համալիրից լսվում են կրակոցի ձայներ: Այս մասին հայտնում էին ոստիկանությունից։ Հաղորդումը փոխանցվել էր ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել էր դեպքի վայր:

Մեկնել էին նաեւ պարեկներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ, 4 փամփուշտ եւ 12 պարկուճ: Շենգավիթի քրեական հետախույզների եւ մայրաքաղաքի պարեկների համատեղ ջանքերով սեպտեմբերի 3-ին՝ ժամը 16:10-ին, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել եւ բաժին էին տեղափոխվել երեք տղամարդ: Նրանցից մեկը` 29-ամյա երիտասարդը, հայտնել է, որ ինքնաձիգից ինքն է կրակել օդ: Երեքն էլ ներկայացվել են քննչական բաժին: Բացի կրակողից, մյուս երկուսը բաց էին թողնվել:

 

 

Ո՞Վ Է ՔՆՆԵԼՈՒ ԳՈՐԾԸ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ  նախաքննության ավարտ է հայտարարվել Ազատ գյուղի զինվորների կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով. այն խլեց 15 զինվորի կյանք։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատել էր նաեւ գործով կալանավորված սպա Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։

Ըստ նախաքննական մարմնի՝ սպան բենզինը լցրել էր վառարանը, կրակը անսպասելի թեժացել էր, ինչի հետեւանքով տեղի ունեցավ ողբերգական դեպքը։ Հիշեցնենք, որ դեպքը եղել էր այս տարվա հունվարի 19-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում, ինչի հետեւանքով մահացան 15 զինծառայողներ. սույն գործով մեղադրյալի աթոռին են 4 անձ։

Եվ, ահա, Եղիշե Վահագնի Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Հայաստանի Հանրապետությա ՊՆ Ն զորամասի ինժեներական ծառայության սպայի պաշտոնը, խախտել է ավտոբենզինի հետ վարվելու կանոնը, որը օգտագործել է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված Հայաստանի Հանրապետության ՊՆ Ն զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում շահագործվող վառարանը վառելու նպատակով, որի հետեւանքով կացարանում հրդեհ է բռնկվել:

Եղիշե Վահագնի Հակոբյանի կողմից կացարանում գտնվող զինծառայողների պաշտպանությունը չապահովելու հետեւանքով նույն վաշտի պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտներ Արամ Մանուկյանը, Վոլոդյա Ներսիսյանը, Պավլիկ Աբազյանը, Միշա Դումիկյանը, շարքայիններ՝ Գոռ Մարտիրոսյանը, Ռոստոմ Ասրյանը, Մուշեղ Համբարչյանը, Տարոն Ղարիբյանը, Դավիթ Սարգսյանը, Հրաչյա Գրիգորյանը, Նարեկ Ավագյանը, Գագիկ Բարսեղյանը, Հայկ Կիրակոսյանը, Սերգեյ Կեւորկովը, Համլետ Դավթյանը մահացել են, իսկ պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գարուշ Սարգսյանը, Լեւոն Խառատյանը, Ժիրայր Սահակյանը, Ռադիկ Մաթեւոսյանը եւ Եղիշե Հակոբյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Գործը քնելու է դատավոր Վարդան Հարությունյանը

 

 

 

 

ՀՈՎԻՎԸ ՄԱՀԱՑԵԼ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին Գետաշենի հովվին գտել են սարի իր փոքրիկ տնակում մահացած:

Պարզվել է, որ մահացածը 40-ամյա Անդրանիկ Սարգսյանն է, որը զբաղվում է անասնապահությամբ:

Իսկ թե ինչն է եղել մահվան պատճառը, դեռեւս քննվում է:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 




Լրահոս