ԱՆՎՃԱՐ ԴԵՂԵՐ՝ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականից Հայաստանում էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղերը պետությունը կապահովի անվճար: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

 

Հայաստանում տարեկան միջինում ծնվում է ցածր քաշով 3 հազար երեխա, որոնցից, 2021թ. տվյալներով, 121-ը` էքստրեմալ ցածր քաշով (500-1000գ): Անհրաժեշտ դեղեր չստացած նորածինների մոտ առաջանում է  ֆիզիկական, մտավոր եւ ճանաչողական զարգացման խանգարումներ, ինչպես նաեւ կրկնապատկվում են բուժման ծախսերը՝ մեծացնելով  պետության կողմից հիվանդանոցին տրամադրվող միջոցներն ու ֆինանսական ծանրաբեռնվածությունը։ 100% դեղապահովմամբ ակնկալում ենք նորածնային հաշմանդամության նվազում, ապրելիության աճ, մանկական մահացության նվազում: Նշենք, որ, ըստ այդ որոշման, 2024 թվականից անվճար կտրամադրվեն 6 հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղերը: Այդ հիվանդություններն են` պատանեկան իդիոպաթիկ արթրիտ, առաջնային իմունոդեֆիցիտ, կավասակի հիվանդություն, նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն – սուր պոլիռադիկուլիտ, անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ, ցրված սկլերոզ: Արդյունքում շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ, անվճար կապահովվեն նախկինում պետության կողմից երբեւէ չտրամադրած դեղերով, կկանխարգելվի հիվանդության զարգացումը, կնվազեն հաշմանդամության եւ մահացության ցուցանիշները:

 

 

 

 

ՀԱՑԸ՝ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ

Սեպտեմբերի 5-ից Ստեփանակերտ քաղաքում հացի վաճառքը կիրականացվի կտրոններով, իսկ կտրոնների տրամադրման գործընթացը կմեկնարկի սեպտեմբերի 4-ից։

Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով եւ հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման կետեր, որոնք կգործեն ժամը 10:00-18:30-ը՝ հաշվի առնելով կտրոնների տրամադրման յուրաքանչյուր կետի հասցեում լույսերի հովհարային անջատման գրաֆիկը:

ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ հերթերից խուսափելու համար նախընտրելի է, որ յուրաքանչյուր ընտանիքից մեկ անձ ներկայացնի ընտանիքի բոլոր անդամների անձը հաստատող փաստաթղթերի բնօրինակները (անչափահաս երեխայի դեպքում՝ ծննդյան վկայական կամ անձնագիր) եւ հանրային ծառայությունների համարանիշները։

Քանի որ կտրոնները համարակալված են, ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության կողմից յուրաքանչյուր օր կիրականացվի իրազեկում, թե տվյալ եւ հաջորդ օրը որ համարի կտրոնով է իրականացվելու հացի վաճառքը։

Հացի վաճառքի կետերի վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդվի հավելյալ։ Մեկ անձի հաշվով կվաճառվի կես հաց (մոտավոր՝ 200 գրամ)։

 

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին եւ 5-ին Ստեփանակերտի հ. 2, 5, 6, 7, 9, 10 եւ 12 հիմնական դպրոցներում ուսումնական գործընթաց չի իրականացվելու` կապված հացի վաճառքի համար տրամադրվող կտրոնների ձեռք բերման գործընթացի հետ։ Մյուս դպրոցներում դասերը կընթանան սովորական հունով։

Օրեր առաջ՝ Հակարիի կամրջից ուսանողների առեւանգումից հետո, ադրբեջանական կողմն արգելել է նաեւ  ուսանողների ելքն Արցախից։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ Արցախի ուսանողները, որոնք ընդունվել էին հայաստանյան բուհեր, դիմել են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի դասերին կարողանան օնլայն մասնակցել։

Նախարարությունը թույլատրել է դասերին օնլայն մասնակցությունը միայն Արցախի ուսանողներին։

 

 

 




Լրահոս