«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը շարունակվում է։ Ընտրություններին հաշված օրեր են մնացել, եւ «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է, թե ինչպես է տեղի ունենալու քաղաքապետի ընտրությունը, քանի որ սեպտեմբերի 17-ին քաղաքացիները ընտրելու են ավագանի, ոչ թե քաղաքապետ։ Այսպիսով, Ընտրական օրենսգրքի 2021թ.-ի փոփոխություններով՝ քաղաքապետ կարող է դառնալ Երեւանի ավագանիում ձայների մեծամասնությունը ստացած ավագանու առաջին համարը։
Մեկ այլ կարգավորմամբ՝ քաղաքապետ է ընտրում հենց ավագանին՝ կախված ձայների հարաբերակցությունից։ Եթե համայնքի ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից կամ կուսակցությունների դաշինքից մեկը ստանում է տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության կամ դաշինքի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար: Այն դեպքում, երբ ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որեւէ կուսակցություն կամ դաշինք չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա համայնքի ղեկավարն ընտրվում է բաց քվեարկության միջոցով: Եթե առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է համայնքի ղեկավար, եթե նրա օգտին կողմ քվեարկած ձայներն ավելի են դեմ քվեարկած ձայների թվից եւ ավելի են ավագանու անդամների ընդհանուր թվի 40 տոկոսից:
Եթե առաջադրվել է մեկից ավելի թեկնածու, ապա համայնքի ղեկավար է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, հակառակ դեպքում առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ: Եթե հավասար ձայների պատճառով հնարավոր չէ ունենալ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա երկրորդ փուլին մասնակցում են նաեւ հավասար ձայներ ստացած մյուս թեկնածուները: Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է լրացուցիչ քվեարկություն` քվեաթերթիկում ընդգրկելով միայն հավասար ձայներ ստացած անձանց:
Լրացուցիչ քվեարկության արդյունքով ձայների հավասարության դեպքում առավելությունը տրվում է տարիքով ավագին: Ընդ որում՝ քվեարկության երկրորդ փուլն ու լրացուցիչ քվեարկությունն անցկացվում են անմիջապես հիմնական քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում