ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2023-2024 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարի չափը:
ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի։ Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին:
5-12-րդ դասարաններում սովորողների դասագրքերը տրամադրվում են տարեկան վարձավճարով: Նշված դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:
ՀՀ դպրոցներում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ուսուցումն իրականացվում է նոր ստեղծված դասագրքերով: Նոր դասագրքերի համար սահմանված վարձավճարի չափերը (բացառությամբ 2-րդ դասարանի դասագրքերի, որոնք տրամադրվում են անվճար) էականորեն ցածր են նախկին գրքերի համեմատ: Գնային նվազումը պայմանավորված է դասագրքերի ստեղծման համար սահմանված նոր ընթացակարգերով:
Հրամանում ներառված չեն վերոնշյալ դասարանների այն դասագրքերը, որոնց համար նոր չափորոշչին համապատասխան դասագրքեր չեն ստեղծվել` փորձագիտական դրական եզրակացություն չստանալու կամ հայտեր չլինելու հանգամանքով պայմանավորված:
Ըստ այդմ` 2-րդ դասարանում «Ռուսաց լեզու», 5-րդ դասարանում «Ռուսաց լեզու», «Ֆրանսերեն», «Իմ հայրենիք», «Կերպարվեստ», 7-րդ դասարանում` «Ռուսաց լեզու», «Գերմաներեն», «Ֆրանսերեն» «Կերպարվեստ», «Արվեստ», «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաների ուսուցումը դպրոցներում կազմակերպվելու է նախկին դասագրքերով և ԿԶՆԱԿ-ի կողմից մշակված, Տավուշի մարզում փորձարկված ուսումնական նյութերով:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի «Պաշարների շտեմարանում» տեղադրված են ուսումնական նյութերը, որոնք դպրոցների կողմից կտրամադրվեն սովորողներին: