Հունիսին տեղի ունեցած տեղատարափ կարկուտից հետո Տավուշի մարզի Իջևան քաղաքում գրանցվել են բազմաթիվ ավերածություններ, վնասվել է գրեթե ողջ բերքը, ծառեր են տապալվել, տանիքներ պոկվել։ Տեղատարափ կարկուտից տուժել են Իջևան քաղաքը և համայնքի որոշ գյուղական բնակավայրերը:
Բնակիչներն ահազանգում են, որ 500 ից ավելի դիմում-բողոքներ են ներկայացրել, սակայն դեռ որևէ պատասխան համայնքապետարանից չեն ստացել: Բնակիչներից մեկի խոսքով, Իջևանի համայնքապետը պարգևավճարներ է բաժանել աշխատողներին՝ կարկուտի հետևանքների վերացման հիմքով լավ աշխատելու համար: Բնակիչները նաև ցանկանում են իմանալ՝։ներկայացված դիմումներից քանիսն է բավարարվել և ինչ հինքով:
ArmLur.am-ը նախ կապ հաստատեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ: Բնակիչների մտահոգություններին և հարցերին ի պատասխան մարզպետը պատասխանեց.
«Տեղյակ եմ,ՙ որ համայնքապետարան մոտ 300 դիմում է ներկայացվել «Կարմիր խաչի» կողմից որոշակի օգնություն է տրվել, դրանից հետո աշխատում ենք տարբեր միջոցներ հայթայթելով բնակիչներին օգնել»:
Մենք փորձեցինք նաև կապ հաստատել համայնքապետի հետ, քանի որ մարզպետը մի շարք հարցերի չկարողացավ պատասխանել, և անընդհատ հորդորում էր խոսել համայնքապետի հետ, սակայն ներկա պահին համայնքապետն արձակուրդում է և չի կարող պատասխանել ո՛չ մեր , ո՛չ էլ բնակիչների հարցերին:
Օֆելյա Հովհաննիսյան