2008-2015 թվականներին Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, պուրակները, այգիներն ու ընդհանուր օգտագործման այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց), իր լիազորություններն օգտագործել է պետական եւ ծառայողական շահերին հակառակ, խախտել մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել հողատարածքները:
Մասնավորապես, Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կ.Գ.-ն խախտել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդված պահանջները (օտարման ոչ ենթակա հողատարածքներ), անտեսել Աբովյան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու վերաբերյալ Կառավարության որոշման պահանջները եւ Ռոսիա փողոցի 1/4 hասցեում գտնվող զբոսայգու 3 քմ մակերեսով հողատարածքը 1 մլն 858 հազար 100 դրամով օտարել է մարզի դատախազի նախկին տեղակալի քրոջը՝ Ա.Գ.-ին:
Վարույթով նաեւ տվյալներ են ձեռք բերվել, որ Կ.Գ.-ն, տեղյակ լինելով, որ Աբովյան քաղաքի Կոտայքի 1/80 հասցեում գտնվող 2020 քմ մակերեսով օտարման ոչ ենթակա հաղամասը հանդիսանում է պատմության եւ մշակույթի արժեք, գույքն օտարել է ինքն իրեն: Օտարումից հետո իր հետ փոխկապակցված անձանց՝ մոր՝ Ն.Ք.-ի, հորեղբոր որդիներ՝ Օ.Գ.-ի եւ Ս.Գ.-ի, աներոջ հորեղբորորդի՝ Ս.Ծ.-ի հետ նախնական համաձայնությամբ եւ համակատարմամբ, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքը:
Կ.Գ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջները, մասնավորեցման ոչ ենթակա ջրավազանն ու դրա պահպանման-սպասարկման համար առանձնացված հողամասն (համապատասխանաբար՝ 0 քմ եւ 1836.53 քմ) իր օգնական Մ.Հ.-ի օժանդակությամբ օտարել է այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Մ.Մ.-ին:
Կ.Գ.-ն, իր օգնական Մ.Հ.-ի եւ համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Ս.Խ.-ի օժանդակությամբ, քաղաքացի Կ.Կ.-ին է օտարել մասնավորեցման ոչ ենթակա 5 քմ մակերեսով զբոսայգին:
Կ.Գ.-ն իր օգնական Մ.Հ.-ի, համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, տեղեկատվության եւ գործավարության բաժնի պետ Ա.Զ.-ի եւ «Գիս-Արտ» ՍՊԸ աշխատակից Վ.Վ.-ի առերեւույթ հանցավոր գործողությունների արդյունքում Աբովյան համայնքի սեփականություն հանդիսացող եւ օտարման ոչ ենթակա՝ Աբովյան համայնքի գլխավոր հատակագծում որպես ճանապարհ եւ մայթ նշված հողատարածքը օտարել է ինքն իրեն: Այնուհետեւ Կ.Գ.-ն փոխել է շուրջ 84 մլն 253 հազար 50 դրամ կադաստրային արժեքով 9 հա արտադրական եւ արդյունաբերության համար նախատեսված պահուստային տարածքների նշանակությունը գյուղատնտեսականի եւ ձեւական առուվաճառքի պայմանագրերով 400 հազար 500 դրամով օտարել է իր ընկերոջը՝ Մ.Մ.-ին՝ համայնքին պատճառելով 83 մլն 852 հազար 550 դրամի գույքային վնաս:
Վերոշարադրյալի հիման վրա՝ դատախազը սեփական նախաձեռնությամբ 2023 թվականի սեպտեմբերի 6-ին Կ.Գ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում:
Առերեւույթ կատարված հանցավոր արարքների արդյունքում համայնքին պատճառվել է 537 մլն 802 հազար 150 դրամի գույքային վնաս, որից 474 մլն 949 հազար 600 դրամը նախաքննության ընթացքում վերականգնվել է:
Համայնքին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:
ՀԱՇԻՎՆԵՐՆ ԱՐԳԵԼԱԴՐՎԵԼ ԵՆ
Լատվիայի քաղաքացի Կ.Ս.-ն, ներգրավված լինելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենքի մատակարարումների գործընթացում, 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում շրջանառել է հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 170 մլն 600 հազար ԱՄՆ դոլար:
Դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Կ.Ս.-ն, վերոնշյալ ժամանակահատվածում զբաղվելով զենքի ապօրինի առեւտրով, իր գործունեությունից ստացված անօրինական եկամուտները շրջանառել է օֆշորային գոտիներում երրորդ անձանց անվամբ գրանցված, սակայն փաստացի իրեն պատկանող 4 ընկերությունների միջոցով:
Մասնավորապես, Կ.Ս.-ն, գիտակցելով օտարերկրյա մի պետությունից մյուսը զենք մատակարարելու գործարքի արդյունքում ստացված գումարների՝ հանցավոր ծագում ունենալու հանգամանքը, բանկում Օ.Պ.-ի միջոցով բացված, փաստացի իրեն պատկանող ընկերության հաշվեհամարներին է պահել այդ գումարները, իսկ 2014 թվականի մայիսից մինչեւ 2016 թվականի մայիսը տնօրինել, օգտագործել է դրանք, կատարել փոխակերպումներ եւ փոխանցումներ: Կ.Ս.-ն գումարները փոխանցել է թե՛ երրորդ անձանց, թե՛ փաստացի իրեն պատկանող ընկերությունների հաշվեհամարներին:
Դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին Կ.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ Կ.Ս.-ն իրականացրել է ապօրինի զենք մատակարարելու գործարքի արդյունքում ստացված, հանցավոր ծագում ունեցող 3 մլրդ 117 մլն 268 հազար 449 դրամին համարժեք 5 մլն 294 հազար 118 եվրո եւ 450 հազար 324,02 ԱՄՆ դոլարի փողերի լվացում:
Կ.Ս.-ին պատկանող ընկերության հաշվեհամարին առկա 6 մլն 578 հազար 224,97 ԱՄՆ դոլարն արգելադրվել է:
ԹԵԺ ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Երեկ Շենգավիթ վարչական շրջանի՝ Գարեգին Նժդեհի հրապարակում՝ «Ղարսի խորոված» պատրաստողների մոտ, թեժ վիճաբանություն է տեղի ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քաղաքացիները նկատել են, թե ինչպես են խորոված պատրաստողները ծեծի ենթարկել մեկին, որը մարմնի տարբեր մասերի վնասվածքներով՝ սալջարդ, քերծվածքներ ախտորոշմամբ, տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքով զբաղվում են իրավապահները՝ հասկանալու համար, թե ինչու են խորոված պատրաստողները ծեծել տղամարդուն:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԵՂԾ ԴԻՊԼՈՄ՝ ԴԵՍՊԱՆԱՏԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արթուր Սերժիկի Թորոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իրավաբանական նշանակություն ունեցող, փաստ հավաստող, կեղծ փաստաթուղթ հանդիսացող դիպլոմը ներկայացրել է ՀՀ ԱՄՆ դեսպանատուն։
ՄԵՂԱԴՐԱՆՔ՝ ՄԱՆԿԱՏԱՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Լիլիթ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատար, ապա՝ տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ եւ ի պաշտոնն լիազորված լինելով տնօրինել կազմակերպության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, ինչպես նաեւ պատասխանատվություն կրելով հաշվապահական հաշվառում կազմակերպելու համար, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսեւորել է անփույթ վերաբերմունք, մասնավորապես՝ առանց ստուգելու հաստատել է կազմակերպության հաշվապահի կողմից կազմված եւ իրականությանը չհամապատասխանող՝ կազմակերպության 2018 թվականի մայիսից սեպտեմբեր ամիսն ներառյալ ժամանակահատվածի, ինչպես նաեւ 2019 թվականի դեկտեմբեր ամսի ֆինանսական հաշվետվությունները, որի հետեւանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել կազմակերպության եւ պետության օրինական շահերին, այն է՝ պետությանը պատճառվել է 3.256.390 ՀՀ դրամի, իսկ «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» պետական ոչ առեւտրային կազմակերպությանը՝ 2.695.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
ԾԵԾԵԼ ԵՆ, ԴԱՆԱԿԱՀԱՐԵԼ
Գիշերը թեժ իրավիճակ է եղել Նուբարաշեն վարչական շրջանի բնակարաններից մեկում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 4 հոգի գինովցել են ու սկսել են վիճել, որից հետո բանը հասել է դանակին։
Վիճաբանողներից մեկին ծեծել են ու դանակահարել, հարվածել են կրծքին, թոքն է վնասվել։
Մեզ հայտնի դարձավ, որ դեպքով զբաղվում են իրավապահները։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ