Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպմանը սեպտեմբերի 6-ին քննարկվել է Լաչինի միջանցքի արգելափակումը եւ հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունից:
ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Նախարարների կոմիտեին ներկայացրել է մայիս-հուլիսին ԵԽ բարձրաստիճան պատվիրակության՝ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերի արդյունքները։
Մի շարք պատվիրակություններ, այդ թվում՝ նաեւ Եվրոպական միության պատվիրակությունը, հանդես են եկել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություններով։
Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Հայաստան այցի ընթացքում ԵԽ բարձրաստիճան պատվիրակությունը, մեկնելով Լաչինի միջանցքի սկզբնամաս, տեղում ականատես է դարձել Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակմանը։ Ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով բացահայտ ի ցույց է դնում իր իրական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների իրականացումը, ինչն անհամատեղելի է Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների հետ։
Դեսպանը շեշտել է Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետեւանքով ստեղծված հումանիտար եւ մարդու իրավունքների ճգնաժամը րոպե առաջ կասեցնելու անհրաժեշտությունը: Հորդորել է Ադրբեջանին դադարեցնել շրջափակումը եւ լիարժեք կերպով կատարել Միջազգային արդարադատության դատարանի եւ ՄԻԵԴ իրավականորեն պարտադիր ուժ ունեցող որոշումները։
«Որպես առաջնային հրատապ քայլ՝ Եվրոպայի խորհուրդը պետք է փաստահավաք առաքելություն գործուղի Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ։ Փաստահավաք առաքելություն հայցվել է նաեւ Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽԽՎ բանաձեւում, իսկ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը հաստատել է պատրաստակամությունը մեկնելու Լեռնային Ղարաբաղ»,- նշել է դեսպան Խաչատրյանը։
Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների եւ անվտանգության հարցերը պետք է լուծում գտնեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում:
Նախարարների կոմիտեի օրակարգային մեկ այլ կետի ներքո քննարկվել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի՝ «Ցեղասպանություն հայերի դեմ 2023 թվականին» զեկույցը։ ԵԽԽՎ պատգամավոր Պիետեր Օմցիգին գրավոր հարց էր ուղղել ԵԽ նախարարների կոմիտեին, թե ինչ քայլեր է ձեռնարկել նախարարների կոմիտեն՝ կանխարգելելու հայերի դեմ ցեղասպանության իրականացումը, եւ արդյոք առկա սպառնալիքը հետեւանքներ ունի ԵԽ անդամ Ադրբեջանի համար։
Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Օկամպոյի զեկույցին եւ ներկայացրել է դրա եզրակացությունը, որ Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է դիտարկվի որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության հանցագործությունը կանխելու եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի 2-րդ հոդվածի։
Նա տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների եւ ցեղասպանության վտանգների վերաբերյալ առկա են նաեւ այլ հեղինակային կարծիքներ եւ զեկույցներ, ինչպես, օրինակ, ՄԱԿ գլխավոր քարտուղարի ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսի զեկույցը։
Դեսպանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, հակասում են ԵԽ սկզբունքներին եւ արժեքներին: Եվրոպայի խորհուրդը չի կարող անհետեւանք թողնել Ադրբեջանի անդամակցության եւ կոնվենցիոն պարտավորությունների ակներեւ խախտումները։
ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանի վիճակագրության կոմիտեից տեղեկանում է 2022-ի հոկտեմբերին Հայաստանում անցկացված մարդահամարի նախնական տվյալների մասին:
Ըստ այդմ՝ Հայաստանի մշտական բնակչությունը 2022 թվականին կազմել է 2 մլն 932 հազար 731 մարդ, մինչդեռ 2021-ին այն եղել է 3 մլն 018 հազար 854, իսկ 2020-ին՝ 3 մլն 213 հազար 011:
Հայաստանի առկա բնակչությունը 2022-ին կազմել է 2 մլն 689 հազար 438 մարդ, մինչդեռ 2021-ին այդ ցուցանիշը կազմել է 2 մլն 871 հազար 771, իսկ 2020-ին՝ 3 մլն 2 հազար 594 մարդ:
Նշենք, որ մշտական բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր բացակա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը:
Հավելենք, որ առկա բնակչության թվաքանակում ներառված է ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա ու ժամանակավոր ներկա բնակչության թվաքանակի ցուցանիշների հանրագումարը:
Վիճակագրական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են նաեւ, որ այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանում ծնվել է 20 111 մարդ, մահացել է 14 265 մարդ:
Նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 9 156 ամուսություն եւ 2 590 ամուսնալուծություն:
2023-ի հունվար-հուլիսին սահմանային անցակետերով Հայաստանից դուրս է եկել 2 606 902 մարդ, իսկ Հայաստան մուտք է գործել 2 645 161 մարդ: Դրական տարբերությունը կազմել է 38 259:
ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼՎԵՑ
Սեպտեմբերի 1-ից 6-ը ՍԱՏՄ սահմանային վերահսկողության արդյունքում, լաբորատոր անհամապատասխանության հիմքով, արգելվել է ՀՀ ներմուծել հետեւյալ վտանգավոր սննդամթերքը.
l Բրազիլիայից թռչնամիս՝ 69900 կգ, որից 44400 կգ-ը՝ լիստերիա (Listeria monocytogenes) ցուցանիշով, իսկ 25500 կգ-ը՝ ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելաներ ցուցանիշով,
l Վրաստանից թռչնամիս՝ 505,2 կգ՝ ախտածին մանրէներ, այդ թվում՝ սալմոնելաներ ցուցանիշով։
Փաստաթղթային անհամապատասխանության հիմքով՝ արգելվել է ՀՀ ներմուծել.
l Վրաստանից (ծագման երկիրը՝ Ֆրանսիա) կաղնու տաշեղներ՝ գինեգործության մեջ օգտագործելու համար՝ 15 կգ:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Իջեւան համայնքի Վազաշեն գյուղից տեղեկացա, որ Վազաշենի հողերից շուրջ 1000 հեկտարը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ադրբեջանցիները այդ հողերի մի մասում ամեն տարի ցորեն են ցանում։ Այդ հողերը Ադրբեջանի վերահսկողության տակ են 30 տարի։ Ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ են գտնվում նաեւ Իջեւան համայնքի Բերքաբեր, Նոյեմբերյան համայնքի Կոթի, Դովեղ, Բարեկամավան, Բերդավան, Բերդ համայնքի Մովսես եւ այլ գյուղերին պատկանող հողեր։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ ուղարկել, թե Տավուշի մարզից ընդհանուր ինչքան տարածք է գտնվում Ադրբեջանի զինուժի վերահսկողության տակ։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «ՀՀ Տավուշի մարզի տարածքից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող մակերեսի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ, համաձայն «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության պետական սահմանագծից դեպի Հայաստանի Հանրապետության տարածքի խորքը` մինչեւ հինգ կիլոմետր լայնությամբ, համարվում է սահմանային գոտի, իսկ պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչեւ մեկ կիլոմետր լայնությամբ հարող սահմանային գոտու հատվածը, համարվում է սահմանային շերտ: Նշված տարածքները համարվում են հատուկ նշանակության հողեր: Համաձայն ՀՀ կառավարության «Հողային պաշարների պետական կառավարման լիազոր մարմիններ սահմանելու մասին» որոշման 1-ին կետի ժ) ենթակետի՝ հատուկ նշանակության հողերի օգտագործման սահմանափակումների եւ նորմերի սահմանման քաղաքականության մասով պետական լիազոր մարմիններ են սահմանվել ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ ՀՀ պաշտպանության նախարարությունը: Հետեւաբար, առաջարկում եմ հարցի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել համապատասխան գերատեսչությանը»:
ՄԱՐԶՊԵՏՆ ՈՒ ԱՌԵՎՏՈՒՐԸ
Օգոստոսի 4-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը որոշել է ստեղծել Իջեւան համայնքում փողոցային առեւտրի ուսումնասիրման եւ կանխարգելման նպատակով հանձնաժողով։ Նրան հարցադրում եմ արել՝ 2021թ.-ից Տավուշի մարզպետն է, մարզի այլ համայնքներում փողոցային առեւտուր չկա արդյոք, ինչու չի ստեղծել մարզի այլ համայնքներում փողոցային առեւտրի ուսումնասիրման եւ կանխարգելման նպատակով հանձնաժողովներ։ Մարզպետը պատասխանել է. «Համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքների՝ փողոցային առեւտուրը վերահսկվում է տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Համայնքապետարանի հետ քննարկումների արդյունքում որոշվել է փողոցային առեւտրի խնդիրներն ուսումնասիրելու եւ կանխարգելելու նպատակով ստեղծել մարզային հանձնաժողով: Բացի Իջեւան համայնքից, մյուս համայնքների հետ խնդրի քննարկման ընթացքում նույնպես, եթե որոշվի, որ մարզային հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն կա, կկայացվի համապատասխան որոշում»:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ