«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն որոշում է կայացրել, եւ առաջիկայում այն կհաստատվի, ու 2008թ. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կկարճվի: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը դիմում էր ներկայացրել նախաքննական մարմին, որպեսզի Գեղամ Պետրոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվի, եւ նա արդարացվի: Ինչպես հայտնի է, 2019 թվականի օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալից» ազատ արձակվեց «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանը: Անցել է շուրջ 3 տարի, սակայն Գեղամ Պետրոսյանի ազատ արձակվելուց հետո որեւէ քննչական գործողություն չի արվել, եւ քրեական գործը մնացել է Հակակոռուպցիոն կոմիտեի դարակներից մեկում: Հիշեցնենք, որ Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանություն: Վերջինիս նախաքննական մարմինը կալանավորել էր, քանի որ քրեական գործով Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք էր տվել ոստիկանության զորքերի ենթասպա Ալեքսանդր Ազարյանը՝ հայտնելով, թե տեսել է՝ ինչպես է Գեղամ Պետրոսյանը կրակել Զաքար Հովհաննիսյանի վրա: Ավելի ուշ փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ իրականում Պետրոսյանի զենքի եւ դիակում եղած պարկուճի տեսակները չեն համընկնում, եւ այդ հիմքով Պետրոսյանն ազատ արձակվեց: Որպես ամփոփում՝ նշենք, որ 2008 թվականի մարտի 1-ին սպանված 10 հոգուց որեւէ մեկի սպանության դեպքը բացահայտված չէ, չգիտենք՝ ով գնդակահարեց Երեւանի կենտրոնում 10 քաղաքացու: Նիկոլ Փաշինյանն իր այդ խոստումը չկատարեց:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում»: