ԿԵՆՏՐՈՆԻ ԹԱՂԱՊԵՏՆ ՈՒ ԹԱՂԱՅԻՆՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2019 թվականին վարչապետի աթոռը նոր զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարեց, որ այլեւս որեւէ մեկը չպետք է թիկնազորով շրջի, հակառակ դեպքում նրանց «կպառկեցնեն ասֆալտին»: Թերեւս Երեւանի Կենտրոնի թաղապետը նման վարքագիծ է դրսեւորում, եւ ոչ մի ցուցադրական ակցիա իրավապահների կողմից չի բեմադրվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը Աբովյան 22 հասցեի բակ մտել (առաջին տպավորությամբ) թիկնապահների ուղեկցությամբ: Երբ մեր լրագրողը մոտեցավ թաղապետին՝ պարզելու, թե ինչու է բակ եկել, նա հայտնեց, թե եկել են աշխատանքները ստուգելու: Այսինքն՝ թաղապետն իր աշխատակիցներով շրջում է բակերում՝ ստուգելու, թե ինչպես են այս կամ այն աշխատանքներն արվել: Իրականում Սամվել Ղուկասյանը, մեղմ ասած, ստեց, քանի որ իր հետ շրջողներից որեւէ մեկը Կենտրոն վարչական շրջանի աշխատակից չէր: Ու հենց իրենք իրենց փողոցային վարքով մատնեցին իրենց ով լինելը: Նախ՝ ագրեսիա ցուցաբերեցին տեսախցիկ տեսնելիս, ապա միայն խաղաղվեցին, երբ իմացան՝ ուղիղ եթեր է: Բոլորը փախան կադրից՝ թաղապետին թողնելով միայնակ:

Հետեւաբար՝ ովքե՞ր էին թաղապետի հետ պտտվող, այսպես ասած, թիկնապահները. Երեւանի կենտրոնի աղմկարար բնակիչներ, որոնց անունները այս կամ այն քրեական գործի կամ սկանդալի շրջանակներում են պտտվել մամուլում:

Եւ այսպես, մուգ վերնազգեստով, ակնոցներով ուղեկից տղան Աշոտ-Արչի Սարդարյանն է: Նա հայտնի գործարար Արմեն Գինոսյանի՝ Մոնարխի Արմենի փեսան է:

Սպիտակ վերնազգեստով ուղեկից պարոնը Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող հայտնի «բոքսի դալան»-ի Արմենչիկն է:

Մյուս ուղեկից պարոնը ալավերդյանցի Բոյով մականունով հայտնի մեկն է:

Մյուս երիտասարդները Աշոտ-Արչի Սարդարյանի թիկնապահներն էին, որոնք մշտապես շրջում են Մոնարխի Արմենի փեսայի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանը նրանց «ասֆալտին փռելու» հրահանգ չի տալիս: Ինչու՞. որովհետեւ տարբեր թելերով կապված են փեսան ու աները հեղափոխական իշխանիկների հետ:

Թե կոնկրետ ինչ նպատակով են նրանք այս ընտրություններում աշխատում ՔՊ-ի համար, եւ որտեղ են իրենց միջոցներով շտաբներ բացել ՔՊ-ի համար, կներկայացնենք հաջորդիվ:

Հիմա միայն արձանագրենք, որ Կենտրոնի թաղապետ Սամվել Ղուկասյանի համար փողոցային վարքուբարքն է ընդունելի:

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանի մարզային շրջագայություններն  իսկական պատուհաս են դառնում տեղի բնակիչների ու մարզային իշխանությունների համար: Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի մեկնարկին զուգահեռ՝ Փաշինյանը մարզային ակտիվ «շրջագայություններ» է սկսել Կոտայք, իսկ վերջին կանգառը Շիրակի մարզն էր, ուր այցելել էր սեպտեմբերի 6-ին: Փաշինյանը եղել էր Գյումրի, Աշոցք եւ Ախուրյան համայնքներում եւ այնտեղ միջոցառումների մասնակցել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Փաշինյանի այցի օրը իսկական քաոս է եղել Շիրակում: Նրան, բացի ծառայողական կորտեժից, ուղեկցել են մարզի ողջ ոստիկանությունը, ինչպես նաեւ մի ավտոբուս՝ կարմիր բերետավորներով լի: Համայնքային հիմնական փողոցները այդ օրը փակ են եղել, քաղաքացիները չեն կարողացել մի ամբողջ օր տեղաշարժվել, ինչը տեղացիների դժգոհությունն է առաջացրել: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի այցի օրը մարզ են շտապել նաեւ ՔՊ-ական գյումրեցի պատգամավորներ Կարեն Սարուխանյանը եւ Դավիթ Առուշանյանը, որոնք ամբողջ օրը Փաշինյանի կողքից չեն հեռացել ու փորձել են ցույց տալ, որ իրենց հայրենի մարզում մեծ հեղինակություն են վայելում: Ստացվում է՝ Փաշինյանն այցելում է մարզեր՝ տեղի խնդիրներին ծանոթանալու, բայց, հակառակը, ավելի է բարդացնում տեղի բնակիչների առօրյան ու նոր անհարմարություններ ստեղծում նրանց համար:

 

 

 

 

 

Սեպտեմբերի 11-ին մեկնարկելու է Ազգային ժողովի նոր նստաշրջանը։ Այս նստաշրջանի օրակարգում ընդգրկված է 47 հարց, որոնք մեծամասնությունը կառավարության հեղինակած նախագծերն են եւ հիմնականում նոր են, քննարկվելու են առաջինից երկրորդ ընթերցում ռեժիմով։ Իհարկե, հաջորդ շաբաթ կրկին շարունակվելու է Երեւանի ավագանու քարոզարշավը, սակայն ՔՊ խմբակցության պատգամավորներին ասվել է, որ պետք է մասնակցել նիստերի աշխատանքներին։ Խոսքը հատկապես չորեքշաբթի օրվա մասին է, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է կառավարության անդամների հետ խորհրդարանում լինի եւ պատասխանի պատգամավորների հարցերին։ Վերջինիս վաղուց խորհրդարանում չեն տեսել, եւ հաշվի առնելով սահմանային իրավիճակը՝ արդեն պարզ է, թե ինչ հարցեր են հնչելու այդ օրը։ Առհասարակ, սպասելի է, որ օրակարգից շեղումներ կլինեն, եւ քննարկումներ կծավալվեն հենց սահմանային իրավիճակի, անվտանգային հարցերի եւ հայկական երկու հանրապետությունների գլխին կախված վտանգների շուրջ։ Ընդդիմության հետ բախումները, իհարկե, անխուսափելի կլինեն:

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել Կոտայքի մարզի նախկին դատախազ Ռաֆայել Խաչատրյանի որդուն՝ Ալեքսանդր Խաչատրյանին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վերջինիս հրավիրել են հարցաքննության 2022թ. ընդդիմության հանրահավաքների ժամանակ ոստիկանության հետ բախման արդյունքում հարուցված քրեական գործի շրջանակներում: Դատախազի որդին առերեսվել է ոստիկանների հետ: Նկատենք, որ այս գործը արդեն 1,5 տարի է, ինչ քննվում է ՀՀ քննչական կոմիտեում, սակայն մինչ օրս որեւէ քննչական գործողություն չէր եղել, եւ հիմա նախաքննական մարմինը կոնկրետ գործողությունների է գնում: Տեսնենք, թե ինչով կավարտվի այս քրեական գործը:  Նկատենք, որ դատախազի որդին ի սկզբանե քրեական գործով  ճանաչվել է տուժող, իսկ, ահա, քրեական գործը ոստիկանների կողմից  հարուցված է անչափահասին խոշտանգելու հատկանիշներով։

 




Լրահոս