ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՈՒ ՆՈՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ  կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի  նախարարությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստում քննարկվել են նոր ուսումնական տարում կրթական համակարգում ներդրված հիմնարար փոփոխությունների եւ ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր:

 

Նիստը վարել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդում ներգրավված է ՀՀ մարզերի եւ Երեւանի հիմնական, միջնակարգ եւ ավագ դպրոցների բարձր դասարանների 22 աշակերտ:

Նշենք, որ նախարարի տեղակալը խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ այս տարի հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ եւ 7-րդ դասարաններում ներդրվել է հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որը հիմնված է կարողունակությունների զարգացման վրա՝ ամեն կրթական աստիճանի համար սահմանելով հստակ վերջնարդյունքներ։ Նա նաեւ ավելացրել է, որ չափորոշչով նախատեսվում է բարձրացնել դպրոցների մանկավարժական ինքնավարությունը, իսկ ուսումնական գործընթացը դարձնել առավել արդյունավետ՝ հրաժարվելով անբավարար գնահատման շեմից եւ կրտսեր դպրոցում միավորային գնահատումը փոխարինելով ոչ միավորային եւ ձեւավորող գնահատմամբ, վերանայելով ուսումնական պլանները:

Աշակերտական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել Արաքսիա Սվաջյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են 12-ամյա կրթության առավելություններին ու թերություններին, մասնագիտական կողմնորոշմանը, օլիմպիադաների կազմակերպմանը, հավասար պայմանների սահմանմանը, կրեդիտային համակարգի ներդրմանը, բուհական ընդունելության կարգին, «Ֆիզիկական կուլտուրա» եւ ՆԶՊ առարկաների դասավանդման արդյունավետությանը, դպրոցների մարզադահլիճների վերանորոգմանն ու վերակառուցմանը եւ այլն: Նախարարի տեղակալն անդրադարձել է բարձրացված բոլոր հարցերին եւ խնդիրներին՝ շեշտելով, որ դրանց մի մասի պատասխաններն ու լուծումները տրվում են դպրոցներում նոր չափորոշչի ներդրմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացնում է, որ հանրակրթության ոլորտի նորություններից փոխնախարարն առանձնացրել է նաեւ մարզառազմական ճամբարի ծրագիրը, որի ընթացքում 11-րդ դասարանցիները գործնական գիտելիքներ եւ հմտություններ են ստանում «Նախնական զինվորական պատրաստականություն» առարկայից։ Հանրակրթության նոր չափորոշչով՝ մարզառազմական ճամբարը պարտադիր է լինելու՝ իբրեւ այս առարկայի գործնական բաղադրիչ:

Նշենք նաեւ, որ հանդիպմանը կարեւորվել է տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը, որոնք միտված են օգնելու աշակերտներին մասնագիտական կողմնորոշման, նոր հմտությունների եւ կարողությունների ձեռք բերման եւ այլ հարցերում:

 

 

 

ԿԵՆՍԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ բանակի Եվրոպայի եւ Աֆրիկայի հրամանատարությունն անդրադարձել է ՀՀ-ում նախատեսված հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը:

 

«Մոտ 85 ամերիկացի եւ 175 հայ զինվորներ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կմասնակցեն «Արծիվ գործընկեր» խաղաղապահ զորավարժություններին:

Ամերիկյան 1-ին բրիգադի, 101-րդ օդադեսանտային դիվիզիայի եւ Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողներն ու Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի զինվորներն ուսումնավարժությունները կանցկացնեն Երեւանի մերձակայքում գտնվող Զառ եւ Արմավիր ուսումնական տարածքներում»,- նշված է հրամանատարության հաղորդագրությունում։

««Արծիվ գործընկերը» կենսական հնարավորություն է մեր երկու երկրի զինվորների համար մարտավարական մակարդակում նոր հարաբերություններ կառուցելու եւ խաղաղապահ գործողությունների փոխգործունակությունը մեծացնելու համար: Այն նաեւ հիմնված է Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի 20-ամյա հարաբերությունների վրա»,- ասել է Եվրոպայում եւ Աֆրիկայում ԱՄՆ բանակի գնդապետ Մարտին Օ՛Դոնելը:

Նշենք, որ Պաշտպանության նախարարության պետական գործընկերության ծրագրի շրջանակում Հայաստանի հետ Կանզասի ազգային գվարդիայի պետական գործընկերությունը սկիզբ է առել 2003 թվականից:

Զորավարժությունները ծրագրում են հայկական 12-րդ խաղաղապահ բրիգադին նախապատրաստել ՆԱՏՕ-ի գործառնական հնարավորությունների հայեցակարգի (OCC) գնահատմանը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում այս տարվա վերջին:

Հիշեցնենք, որ «Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում եւ ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջեւ կայունացման գործողություններ։

 

 

 

ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ՝ ԲԿ-ԻՑ

Իջեւանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդները դժգոհում են, որ մեծ հիվանդանոցում հիվանդների համար լողանալու հնարավորություն չկա, ինչը մեծ անհարմարություններ է առաջացնում այդտեղ երկար ժամանակով բուժվողների համար։ Իջեւանի ԲԿ-ի  հիվանդասենյակների պատերից կախված են հեռուստացույցի տակդիրներ, սակայն ոչ մի հիվանդասենյակում հեռուստացույց չկա, որ հիվանդները, հեռուստացույց նայելով, շեղվեն իրենց առողջական վիճակից։ Հիվանդասենյակներում օդափոխիչներ չկան, հիվանդները խեղդվում են շոգից, ծանր օդից։ Իջեւանի բնակիչ Տաթեւ Թամրազյանը դժգոհում է այդ ԲԿ-ի զուգարաններում տիրող ծանր հոտից, նաեւ ԲԿ-ի բուժաշխատողների աշխատանքից, երբ երկու տարեկան երեխայի համար գիշերը շտապ օգնություն է կանչել, գիշերվա ժամը 2-ին ԲԿ-ից ասել են՝ երեխային տաքսիով բերե՛ք, հիվանդանոցում էլ հերթապահ մանկաբույժը բացակայել է։ Իջեւանի ԲԿ-ն հիմնանորոգելու համար մեծ փողեր են ծախսվել։ 2010թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Իջեւանի բժշկական կենտրոնի հիմնանորոգված շենքերի բացման արարողությունը: ԲԿ-ի շենքը վերանորոգվել է կառավարության եւ Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ ՀՀ նախագահի` մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակում, աշխատանքների վրա ծախսվել է ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար: 2023թ. ապրիլի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Իջեւանի ԲԿ, որտեղ հիմնվել են համակարգչային տոմոգրաֆիայի եւ հեմոդիալիզի բաժանմունքներ, այդ նպատակով ծախսվել է 223 միլիոն դրամ:

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ԼՌՈՒՄ Է

Տավուշի մարզպետ  Հայկ Ղալումյանին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկատվական հարցում է ուղարկել՝ հետաքրքրվելով, թե Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում քանի ուսուցիչ եւ ուսուցչի օգնական է աշխատում, այդ դպրոցներում ընդհանուր թվով ուսուցչի քանի թափուր հաստիք կա, որ առարկաների ուսուցիչների հաստիքներն են դրանք։ Մարզպետարանից ստացված պատասխանում նշված է. «Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում աշխատում է 1577 ուսուցիչ եւ 161 ուսուցչի օգնական: Ուսուցչի թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները տեղադրվում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության եւ Տավուշի մարզպետի աշխատակազմի պաշտոնական կայքերում, ինչպես նաեւ հրապարակվում է «Կրթություն» շաբաթաթերթում»։

Մարզպետը չի հայտնել, թե մարզպետարանի ենթակայությամբ գործող՝ Տավուշի հանրակրթական դպրոցներում ուսուցչի քանի թափուր հաստիք կա,  որ առարկաների գծով: Մարզի գյուղական դպրոցներում ուսուցիչների տասնյակ թափուր հաստիքներ կան, Տավուշի դպրոցներում միջին մասնագիտական կրթությամբ 133 ուսուցիչ կար, որոնցից 65-ն արդեն ազատվել է աշխատանքից, 68-ը դիմել է կամավոր ատեստավորման համար: Սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 8-ը կայանալիք ատեստավորումից նվազագույնը 60 տոկոս արդյունք չունեցած ուսուցիչները կազատվեն աշխատանքից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս