ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին Արցախի Ազգային ժողովից տեղեկացնում են, որ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը նամակներ է հղել Իրանի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի խորհրդարանների խոսնակներին: 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանում իրանահայության երկու պատգամավորներ Արա Շահվերդյանի եւ  Ռոբերտ Բեգլարյանի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի նամակը փոխանցվելու է Իրանի խորհրդարանի նախագահին։

«Օրեր առաջ Արցախի ԱԺ նախագահը նամակներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Պետդումայի, Ֆրանսիայի Հանրապետության Սենատի, ԱՄՆ Սենատի, ԱՄՆ կոնգրեսի, ինչպես նաեւ Եվրախորհրդարանի խոսնակներին։

«Ալիք» օրաթերթի փոխանցմամբ՝ Իրանի օրենսդիր իշխանությունների կողմից սպասվող հնարավոր արձագանքներին ծանոթանալու նպատակով հեռախոսազրույց են ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանի հետ եւ նրանից հետաքրքրվել, թե արդյոք Դավիթ Իշխանյանի կիրառած նոր գործելաձեւը կարող է ազդեցիկ գործիք դառնալ ադրբեջանական արգելափակման վերացման եւ Իրանի կողմից միջամտության տեսանկյունից:

Արա Շահվերդյանը նախ տեղեկացրել է, որ նամակից մի օրինակ ՀՀ-ում հանձնվել է Իրանի Իսլամական խորհրդարանում Սպահանի եւ Հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանին, եւ արդեն այստեղ երկուսով պատրաստվում են այն հանձնել Իսլամական խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բադեր Ղարիբաֆին:

Ապա պատգամավորն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ շատ կարեւոր է տարբեր գործիքակազմերի կիրառումը: Ըստ պատգամավորի՝ բոլոր քայլերն էլ կարող են ազդել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության առումով:

«Չնայած տարբեր անձանց ու կառույցների կողմից հնչող դատապարտող կոչերին՝ Բաքուն շարունակում է արգելափակել Լաչինի միջանցքը՝ զրկելով Արցախին Հայաստանի հետ կապող միակ կենսական ճանապարհից: Ադրբեջանը անտեսում է ՄԱԿ-ի, Անվտանգության խորհրդի, Եվրախորհրդարանի, ՄԻԵԴ-ի եւ Հաագայի դատարանի ու այլ միջազգային կառույցների պահանջները՝ իրագործելով արցախահայության էթնիկ զտման, սադրանքի եւ ուժի սպառնալիքի քաղաքականությունը», – նշել է Շահվերդյանը:

Հարցմանը, թե ինչպիսի գործընթացներ է նախատեսում Իրանի Իսլամական Խորհրդարանը նման օրակարգային հարցերի առնչությամբ, Արա Շահվերդյանը նշել է, որ իրենք պատրաստվում են որպես միջնորդ հանդես գալ նամակի հանձնման ուղղությամբ, որը նշանակում է, որ ուղղակիորեն այն կստանա խորհրդարանի խոսնակը:

Իրանի Իսլամական Խորհրդարանի պատգամավորը շեշտել է, որ, որպես իրանահայության զույգ պատգամավորներ, անպայման կշարունակեն հետեւողական լինել Արցախի էթնիկ բնակչության շահերի պաշտպանության հարցերի նկատմամբ՝ ընդգծելով, որ, որպես երկրի օրենսդիր իշխանության մեկ մասնիկ, բազմիցս դիմել են պետական անձանց՝ խնդրելով տարբեր քաղաքական ու դիվանագիտական միջոցներ կիրառել, ճնշումներ գործադրել ադրբեջանական սադրանքները զսպելու մեխանիզմներ կիրառելու եւ Արցախի էթնիկ բնակչության իրավունքների պաշտպանության ուղղությամբ:

Հավելենք, որ Արա Շահվերդյանն ընդգծել է, որ հետամուտ են լինելու, որպեսզի Արցախի ԱԺ նախագահ Դ. Իշխանյանի հղած նամակ-պահանջը իսլամական խորհրդարանի խոսնակի կողմից հասցեական եւ համապատասխան արձագանք ստանա:

 

 

 

 

ՀՈՒՇՈՂ ՑՈՒՑԱՆԱԿՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեւանյան շենքերի վրա կտեղադրվեն հասցեները հուշող հատուկ ցուցանակներ: Առաջին փուլով ընտրվել է 2013-2023 թթ. ընթացքում ավագանու կողմից անվանակոչված 62 փողոց: Այս պահին 131 ցուցանակի տեղադրումն ընթացքի մեջ է։

 

 

 

ԱՐՏԱԿԱՐԳ ՌԵԺԻՄՈՎ

Երեւանի մետրոպոլիտենից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 12-15-ը մետրոպոլիտենը աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

«Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ Երեւանի Թումանյանի անվան այգում (Թումոյի այգի) իրականացվելու է հայ եւ համաշխարհային օպերային ստեղծագործությունների գլուխգործոցների բացօթյա ցուցադրությունը՝ Հայաստանի օպերայի եւ բալետի ազգային թատրոնի արտիստների մասնակցությամբ։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ ս.թ. սեպտեմբերի 12-ից մինչեւ սեպտեմբերի 15-ը ներառյալ Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:

Նշենք, որ մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն ս.թ. սեպտեմբերի 12-ին,13-ին,14-ին եւ 15-ին մետրոպոլիտենի աշխատանքները կսկսվեն ժամը 07:00-ից եւ կավարտվեն ժամը 01:00-ին», – ասված է հաղորդագրության մեջ:

 

 

ԱՃՈՒՐԴՈՎ ՀԱՄԱՐՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշները կվաճառվեն միայն էլեկտրոնային աճուրդով: ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ում քննարկման ներկայացրեց  ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը:

Հրապարակային ծանուցումների համար կօգտագործվի Ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջը: Աճուրդին մասնակցել ցանկացող անձը կայքում ստեղծված համակարգում պետք է ունենա մասնակցի անձնական էջ, աճուրդին մասնակցության նախավճար պետք է փոխանցի՝ երաշխավորելու իր մասնակցությունն աճուրդին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն էլ հարցի քննարկման շրջանակում նշեց՝ սովորաբար մարդիկ պատրաստ են գումարներ վճարել իրենց մեքենաների լավ համարների համար՝ հասարակության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար: Նա խնդրեց, կոչ արեց ՆԳՆ-ին այս հարցին էլ ուշադրություն դարձնել, որ նոր տեսակի համարանիշներ ձեռք բերելը անհավասարության միջոց չդառնա:

Փոխնախարար Սարգսյանը վստահեցրեց՝ անկախ նրանից՝ համարանիշը կունենա զրոներ կամ կրկնվող թվեր, վարորդները վարչարարության առավելություն չեն ունենալու:

 

 

ԽԱՌՆԱՇՓՈԹ ԻՐԱՎԻՃԱԿ՝ ՔՊ-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում մի իսկական խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, դերերն ու դերակատարներն ամբողջությամբ խառնվել են: Ինչպես իշխանական մեր աղբյուրներն են փոխանցում, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն այլեւս ակտիվ չէ խմբակցության հետ կապված կազմակերպչական հարցերում. նա միայն դե յուրե է համարվում խմբակցության ղեկավար: Իրականում խմբակցությունը կառավարում է քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որը 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Գործուղումների հետ կապված հարցերն էլ հիմնականում Արթուր Հովհաննիսյանը քննարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, եւ միասին են որոշում, թե որ պատգամավորն ուր մեկնի: Անգամ երբ Նիկոլ Փաշինյանի կողմից հրահանգներ են «իջեցվում» ՔՊ-ականներին, դա էլ Հովհաննիսյանի միջոցով է արվում: Կոնջորյանը մնացել է միայն քաղաքական հայտարարություններ անելու համար՝ որպես դե յուրե խմբակցության ղեկավար: Նրան ՔՊ-ում ամեն դեպքում չեն վստահում, քանի որ, նախ, դավաճանեց «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը եւ շտապեց ՔՊ ցուցակով պատգամավոր դառնալ Ալեն Սիմոնյանի միջնորդությամբ, ապա նաեւ դուրս եկավ Ալեն Սիմոնյանի դեմ՝ ներսում դավեր նյութելով նրա դեմ: Ահա այս պատճառով էլ ՔՊ-ում Կոնջորյանին համարում են անվստահելի, կասկածելի կերպար:

 

 

 

ՀՐԱԺԱՐԱԿԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանի սեպտեմբերի 11-ի հայտարարությունից տեղեկանում է, որ Արթուր Իվանի Հարությունյանը ներկայացրել է հրաժարականի դիմում:

««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում ու հրապարակում է Ազգային ժողովի նախագահը եւ ուղարկում Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,- նշել է Իշխանյանը:

 

 

 




Լրահոս