«Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը եկել էր ընտանիքի անդամների ու հարազատների հետ:
«Մենք եկել ենք քվեարկենք, որ Երեւանը դառնա մարդամոտ քաղաք եւ ամենակարեւորը՝ համաչափ զարգացած, որ ոչ միայն կենտրոնը պուրակներով, այգիներով, հասարակական տարածքներով, լողավազաններով, մշակութային օջախներով, ժամանցի վայրերով, այլ ամբողջ Երեւանը լինի համաչափ զարգացած: Որ տրանսպորտային ռեֆորմը միայն ավտոբուս բերել չի, դա աշխատանքի իմիտացիա չի: Տրանսպորտային ռեֆորմ անելու համար պետք է հասկանանք խորքային խնդիրները, իսկ այդ խնդիրները նրանք են, որ այսօրվա քաղաքային իշխանությունները չեն պատկերացնում, որ համաչափ զարգացում ասելով պետք է հասկանանք նա, որ այլ վարչական շրջանի բնակիչները կարողանան լիարժեքորեն օգտվել Երեւանի բոլոր բարիքներից»,- նշեց նա:
Հարցին, եթե չհաջողվի քաղաքապետ ընտրվելն Երեւանի ավագանու աշխատանքներում իրեն տեսնում է, Մնացականյանն ասաց.
«Իհարկե, ես եղել եմ ավագանու անդամ, ապա նշանակվել եմ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար: Տարիներով սրտացավ եմ Երեւանի բոլոր խնդիրներին, խորքային ձեւով ուսումնասիրել եմ քաղաքային պլանավորումը, ուրբանիստիկան, որպեսզի գա այս օրը եւ «Հաղթանակ» կուսակցության ավագանու անդամի մյուս թեկնածուների հետ վերածնենք Երեւանը, բերենք էմոցիոնալ համերաշխությունը Երեւանին: Երեւանը երջանիկ քաղաք էր, ուրախ քաղաք էր, ինչը հիմա, ցավոք, չի նկատվում»,- նշեց Մնացականյանն՝ ընդգծելով, որ կհամագործակցի բոլոր առողջ ուժերի հետ, բացի ՔՊ-ից: