Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին հրավիրել է հանդիպման՝ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցով։
«Մենք առաջարկություն արեցինք իմ մասնակցությամբ, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցկացնել եռակողմ հանդիպում, նույնիսկ՝ քառակողմ հանդիպում Ղարաբաղում իրավիճակի շուրջ»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ ճեպազրույցում նշել է, որ իր առաջարկին դեռևս արձագանք չի եղել։
Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մայիսի 25-ին Մոսկվայում հանդիպել են Վլադիմիր Պուտինին, նրանց զրույցը տևել է մոտ 20 րոպե։
«Ռիա Նովոստի»-ի տեղեկություններով՝ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին՝ այս տարածքում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների դիմաց։
Օֆելյա Հովհաննիսյան