ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգում կատարվել են փոփոխություններ. ըստ այդմ՝ լրամշակվել է ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշումը։

 

ԿԳՄՍՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ սահմանվել է, որ մինչեւ հանրակրթության նոր պետական չափորոշչի ամբողջական ներդրումը՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին եւ 2-րդ աստիճաններում (տարրական եւ հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը 35 է, իսկ կրթական 3-րդ աստիճանում (ավագ)՝ 30:

Կարգով սահմանվել են դրույթներ հաստատությունում միեւնույն առարկան ուսումնասիրող բազմահամակազմ դասարանների ձեւավորման վերաբերյալ, որոնք 2023-2024 ուսումնական տարվա սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել միայն Սյունիքի մարզում (30-35 կոմպլեկտավորման սկզբունքով):

Հանրապետության մյուս մարզերում գործում է բազմահամակազմ դասարանների ձեւավորման սկզբունքը՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թ. հոկտեմբերի 14- ի N 22-Ն հրամանի կարգավորումների (30-35 կոմպլեկտավորման սկզբունքով):

Միաժամանակ նաեւ տրվել է կարգավորում, ըստ որի՝ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների համապատասխան դասարաններում, որտեղ, ըստ սահմանված ժամանակացույցի, ներդրվում է հանրակրթության պետական չափորոշիչը, բազմահամակազմ դասարաններ չեն ձեւավորվի։ Հետեւաբար, 2023-2024 ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցների (բացառությամբ Սյունիքի մարզի, որտեղ ներդրվում է նոր մեխանիզմը, եւ Տավուշի մարզի, որտեղ ամբողջությամբ նոր չափորոշչով է ուսուցումն իրականացվում) 2-րդ, 5-րդ ե 7-րդ դասարանները ձեւավորված բազմահամակազմ դասարաններին չեն միավորվելու:

Միաժամանակ տրվել են կարգավորումներ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների, մասնագիտացված ուսումնական հաստատությունների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների (մանկավարժահոգեբանական 3-րդ եւ 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող երեխաներով համալրված դասարաններում (ուսումնական խմբերում)) առավելագույն թվի վերաբերյալ:

Նշենք նաեւ, որ միջնակարգ դպրոցի 3-րդ աստիճանում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով ձեւավորվում են միեւնույն առարկան կամ միեւնույն բնագավառում միեւնույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող առանձին խմբեր:

Նշենք, որ նախատեսվում է, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում կրթական 1-ին եւ 2-րդ աստիճաններում (տարրական եւ հիմնական) յուրաքանչյուր դասարանում սովորողների առավելագույն թիվը լինելու է 25, իսկ կրթական 3-րդ աստիճանում (ավագ)՝ 20:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉԵԼ Է

«Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչել, վե՛րջ, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ: «Սա է ամբողջ խնդրի առանցքային բաղադրիչը: Ղարաբաղի կարգավիճակը հենց Հայաստանն է որոշել. դա է խնդիրը»,- ասել է ՌԴ նախագահը։

Խոսելով Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների վերջին իրադարձությունների մասին, որոնք ոմանք բնութագրում են որպես ճգնաժամ եւ հետընթաց, Պուտինը համաձայն չէ նման մեկնաբանության հետ։  «Չեմ կարծում, որ շրջադարձ կա. մենք տեսնում եւ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում»,- ասել է ՌԴ ղեկավարը։

Միջոցառման վարողի հարցին, թե արդյոք Փաշինյանն այս օրերին զանգահարել է իրեն, Պուտինը հայտնել է, որ ՀՀ վարչապետից նամակ է ստացել:

«Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»,- նշել է ՌԴ նախագահը։

 

 

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ՝ ԻՐԱՆԻՑ

Իրանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Արեւելյան Ատրպատական նահանգի մաքսատներով վերջին հինգ ամսում դեպի աշխարհի 90 երկրներ, այդ թվում՝ Հայաստան, 560 միլիոն դոլարի ապրանք է արտահանվել։ Այս մասին հայտնել է մաքսային հսկիչ Լեյլի Օրանգին։

Իրանի Ատրպատականի մաքսատներից 560 մլն դոլարի արտահանում է իրականացվել դեպի 90 երկիր, այդ թվում՝ Հայաստան:

Նա հայտարարել է, որ Արեւելյան Ատրպատական նահանգի մաքսատներից արտահանման հիմնական թիրախային երկրներն են Հայաստանը, Թուրքիան, Իրաքը, Բուլղարիան, Վրաստանը, Ադրբեջանը, Աֆղանստանը, Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Պակիստանը։

 

 

 

ՎԱՅՐԷՋՔԻ ՊԱՏՃԱՌԸ

Սոչի-Օմսկ չվերթը խափանվել է: Ինքնաթիռը վայրեջք է կատարել Նովոսիբիրսկի մարզում՝ բաց դաշտում:

Վայրէջքի պահին ինքնաթիռում եղել է 159 ուղեւոր, այդ թվում՝ 23 երեխա։

Հայտնի է դարձել, որ ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է, ունեցել է զարկերակային գերճնշում։ Նրան տեղում բուժօգնություն են ցուցաբերել։

Այժմ քննիչները եւ օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը պարզում են միջադեպի պատճառներն ու հանգամանքները:

Ինքնաթիռի օդաչուն վթարի մասին խոսելիս նշել է, որ ինքնաթիռում վառելիքը գրեթե սպառվել էր, ուստի տեղի է ունեցել հիդրավլիկ խափանում։

Անձնակազմը մտավախություն ուներ,  որ չվերթը ավելի վատ ավարտ կարող է ունենալ, դրա համար որոշել են վայրեջք կատարել Նովոսիբիրսկում:

ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՎԱՏԹԱՐ ՎԻՃԱԿ՝ ԴՊՐՈՑՈՒՄ

Հաղարծնի  դպրոցի պատմության ուսուցչուհի Լիաննա Ղազինյանն   ուսումնական տարին սկսվելուց առաջ  դիմել է դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանին, թե ինչու իրեն դասղեկություն չի տալիս։

Լ. Ղազինյանը գրավոր դիմել է նաեւ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, սակայն հարցը չի լուծվել։ Գոհար Թամամյանի հարազատ քույրը՝ 1960 թ.-ին  ծնված Գայանե Թամամյանը՝ Հանրային հեռուստաընկերության Տավուշի մարզում  լրագրողը 2015թ,-ից  Հաղարծինի միջնակարգ դպրոցում զբաղեցնում է ԴԱԿ (դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ) պաշտոնը։Մարզպետ Հ. Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել, թե ինչո՞ւ դպրոցի տնօրեն Գոհար Թամամյանը Ղազինյանին դասղեկություն չի տալիս։

Մարզպետը պատասխանել է.«Ուսուցչուհուն դասղեկություն տալու հարցը որոշում է դպրոցի տնօրենը»։ Հաղարծնի դպրոցից հայտնում են, որ Գայանե Թամամյանը Հաղարծնի դպրոց աշխատանքի է գնում իր ցանկացած ժամանակ, կեսօրին մոտ, երբ ցանկանում, գործից տուն է գնում։

Մարզպետ Հ. Ղալումյանը, պատասխանելով իմ հարցմանը,  Գայանե Թամամյանի երկրորդ աշխատանքի մասին նշել է. «Քանի որ լրագրողի աշխատանքը ամրագրված աշխատանքային գրաֆիկ չունի, հետեւաբար այդ հանգամանքը չի կարող խանգարել 0,5 դրույքաչափով իր աշխատանքային պարտականությունները լիարժեք կատարելուն»: Մեծ թվով աշակետներ ունեցող Հաղարծնի դպրոցի տնօրեն, 62-ամյա Գոհար Թամամյանը իր պարտականությունները կատարելուն զուգահեռ, նաեւ դասղեկություն է անում: Ղազինյանը հայտնեց, որ 2018թ.-ին Տավուշի մարզպետարան իր բողոքի հետքերով Հաղարծնի դպրոց են ժամանել այն ժամանակ փոխմարզպետ Տիգրան Թամրազյանը եւ մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետ Հասմիկ Խաչատրյանը եւ երբ Լիաննան մարզպետարանի պաշտոնյաների ներկայությամբ Գ. Թամամյանին ասել է, որ թե նա ինչո՞ւ է դասղեկություն անում, սակայն դասղեկությունը ձեւակերպում այլ ուսուցչի անունով, վերջինս աշխատավարձը ստանալով՝ հանձնել է իրեն, Գ. Թամամյանն արդարացել է, թե իբր դասղեկի հարմար թեկնածու չկար։ Լ. Ղազինյանի վկայությամբ՝ Գ. Թամամյանը որպեսզի արդարացնի իրեմ  դասղեկություն չտալը, միջնորդավորված ձեւով, Դիլիջանի համայնքապետարանի  նախկին աշխատակցուհու, այժմ կադաստրի կոմիտեի Դիլիջանի գրասենյակի պետի՝ Հաղարծնի դպրոցի աշխարհագրության ուսուցչուհու աղջկա միջոցով կազմակերպել է դասարանի աշակերտների ծնողների ստորագրահավաք, իբր ծնողները դեմ են, որ Լ. Ղազինյանը դասղեկություն անի։

Լ. Ղազինյանը հանդիպել է այդ ծնողների հետ, ծնողներից ոմանք հայտնել են, որ իրենց ստորագրել են տվել սպիտակ թղթի տակ, ոմանք հայտնել են՝ իրենք չեն իմացել, թե ինչի տակ են ստորագրում, ոմանք էլ Լիաննային ասել են ՝ քեզ չենք ճանաչում, ո՞նց կարող ենք դժգոհ լինել քո աշխատանքից։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս