«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների եւ ոտնձգությունների արշավ սկսվեց լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի եւ NewDay.am լրատվական կայքի խմբագիր Անի Գեւորգյանի նկատմամբ:
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ներկայումս պրոյեկտվել է Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները լուսաբանող Անի Գեւորգյանի վրա: Ասուլիսից հետո լրագրողի հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներով տարածվող սպառնալիքները, ծանր վիրավորանքները, հայհոյանքները եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչերը նոր թափ են հավաքել:
«Այսպես, սեպտեմբերի 11-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի քարոզարշավային հերթական լուրը լուսաբանող Անի Գեւորգյանի նկատմամբ հարձակում են գործել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության համակիրները, որոնցից ամենաագրեսիվը եղել է ՔՊ կուսակցության մոլի աջակից մի կին, որն ավելի վաղ նույնպես աչքի էր ընկել լրագրողների հասցեին հնչեցրած ոչ նորմատիվային բառապաշարով, սպառնալիքներով ու ֆիզիկական հաշվեհարդարի կոչով:
Հարձակումը տեսանկարահանված է, հրապարակված է ինչպես լրագրողի, այնպես էլ հենց իր՝ հարձակում գործող կնոջ սոցցանցային էջով:
Ի դեպ, տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համակիրը լրագրող Անի Գեւորգյանին հրահանգում հեռանալ, չլուսաբանել քարոզարշավը, այսինքն՝ խոչընդոտվում է լրագրողի աշխատանքը, սակայն զարմանալիորեն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի նախընտրական պաստառը վնասող քաղաքացուն ձերբակալող Քննչական կոմիտեն, օրինակ, չի արձագանքում այս աղաղակող առերեւույթ հանցանքին, ինչպես չեն արձագանքում Ոստիկանությունը, Գլխավոր դատախազությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ հայտարարությունում հիշատակվում է, որ Անի Գեւորգյանի նկատմամբ կեղտոտ արշավը չի սահմանափակվում միայն լրագրողի նկատմամբ հարձակումներով. թիրախավորվել են նաեւ վերջինիս ընտանիքի անդամները, որոնց լուսանկարները՝ ամենաայլանդակ մեկնաբանություններով, իշխող ՔՊ-ամերձ շրջանակների կողմից տարածվում են սոցիալական ցանցերում:
«Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողի մասնագիտական գործունեության դեմ ուղղված այս արշավը ու դրանց նկատմամբ իրավապահ համակարգի կողմից արձագանքի բացակայությունը: Կրկնակի ստանդարտների կիրառությունը ոչ միայն չի լիցքաթափելու իրավիճակը, որի պատասխանատվությունը բացառապես գործող իշխանությանն ու իրավապահ համակարգինն է, այլեւ, ընդհակառակը, լարվածության ու հասարակության մեջ խորը պառակտվածության նոր շերտեր է ավելացնելու….
Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը որեւէ երկրում ժողովրդավարության հիմնասյուներից մեկի՝ խոսքի ազատության երաշխիքն է, պետական մարմինների եւ պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության գործիքը:
Պետական մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի, գործունեության վերաբերյալ տեղեկատվություն ստանալը քաղաքացու, ընտրողի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է, որն ապահովվում է, այդ թվում՝ լրագրողի աշխատանքով: Լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալը պաշտոնյայի, առավել եւս՝ թեկնածուի պարտավորությունն է»,- ասված է հաղորդագրությունում:
ՈՒՂԱՐԿՎԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության հանցագործությունների դեպքերի քննության ընդհանուր քրեական շարժընթացը։
Ըստ այդմ՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1051 քրեական վարույթ:
Դրանցից 140-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ եւ 144 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, եւս 2 վարույթ ավարտվել է եզրափակիչ ակտով եւ ուղարկվել դատարան, 222 քրեական վարույթ կարճվել է, որից 172-ը` ռեաբիլիտացնող, իսկ 50-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 83-ով ավարտվել են վարութային եւ ապացուցողական գործողությունները, 7 քրեական վարույթ ուղարկվել է՝ ըստ ենթակայության, 76-ը միացվել է, 521 քրեական վարույթ փոխանցվել է 2023թ. 2-րդ կիսամյակ:
Դատարան ուղարկված վարույթներից 2-ը քննվել են սպանության, 3-ը՝ սպանության փորձի, 3-ը՝ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 2-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու, 2-ը՝ սեքսուալ բնույթի գործողությունների, 11-ը՝ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու, 116-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Դատարան ուղարկված վարույթներով 144 մեղադրյալից 110-ը հանդիսացել են կին/ամուսին, 20-ը՝ ծնող/տատ ու պապ, 5-ը՝ քույր/եղբայր, 9-ը՝ զավակ/թոռ:
Դատարան ուղարկված վարույթներով 152 տուժողից 14-ը եղել են մինչեւ 12, 4-ը՝ 12-14, 4-ը՝ 14-18, 130-ը՝ 18-ից բարձր տարեկան:
Կարճված վարույթներով 59 անձի նկատմամբ ոչ ռեաբիլիտացիոն հիմքերով քրեական հետապնդում չի իրականացվել, կամ դադարեցվել է քրեական հետապնդումը: 59 անձից 52-ը հանդիսացել են կին/ամուսին, 4-ը՝ ծնող/տատ ու պապ, 1-ը՝ քույր/եղբայր, 2-ը՝ զավակ/թոռ:
Կարճված վարույթներով 221 տուժողից 4-ը եղել են մինչեւ 12, 6-ը՝ 12-14, 6-ը՝ 14-18, 205-ը՝ 18-ից բարձր տարեկան:
ՓՈՐՁԵԼ Է ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 8:15-ի սահմաններում, 1956 թվականին ծնված մի կին, որն ապրում է կիսակառույց շինությունում, փորձել է վերջ տալ իր կյանքին։
Վերջինս ինքնահրկիզման փորձ է արել, սակայն բնակիչները տեսել են ու փրկել նրա կյանքը։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ կնոջը կիսակառույց շինությունից դուրս են հանում, ու դա է պատճառը, որ նա փորձել է ինքնահրկիզման ճանապարհով վերջ տալ կյանքին։
Նշենք, որ դեպքը եղել է Կենտրոն վարչական շրջանում։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՐԱԿՈՑԻ ՄԻՋԱԴԵՊԸ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ օգոստոսի 23-ին ուշագրավ դեպք էր եղել Աբովյան քաղաքում։ 2003 թվականին ծնված տղամարդու կողմից Աբովյան քաղաքի Ինտերնացիոնալ 1-ին շենքի մոտ ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել 1985 թվականին ծնված մեկ այլ տղամարդու ուղղությամբ, ինչի հետեւանքով վերջինս ստացել էր մարմնական վնասվածք։ Դեպքի վայր էին շտապել իրավապահները ու դեպքով քննություն էին սկսել։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ իրավապահներն օրերս հայտնաբերել են ջրատարում ԱԿՍ տիպի ինքնաձիգը։ Կրակոցներ արձակողին փնտրում են, դեպքի հանգամանքները պարզվել են։ Ըստ մեր տեղեկությունների՝ միջադեպի մասնակիցները ընկերներն են, ու մեկը մյուսի հետ որոշ տարաձայնություններ է ունեցել, ինչի պատճառով ընկերներից մեկը սպանության փորձ էր կատարել։
ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԵՂԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակից ընկերներին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ զինվորին գտել են մարտական դիրքում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել։ Իրավապահներն այս պահին աշխատում են, ու արդեն տվյալներ կան, որ կրկին դիրքում քնելու թեմայով տարաձայնություններ են եղել։
ԴԱՏԱՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Էրիկ Աղաջանյանին, Կարեն Առաքելյանին, Երվանդ Հովհաննիսյանին, Գեւորգ Սարյանին, Գարիկ Ալեքսանյանին, Վարդան Ավետիսյանին, Սուրեն Մարտիրոսյանին, Խորեն Ավագյանին, Աշոտ Ենոքյանին, Վլադիմիր Չիլինգարյանին, Գառնիկ Սադղյանին, Կարեն Դիլանյանին, Սմբատ Հակոբյանին, Հովհաննես Բադալյանին, Արսեն Դավթյանին, Նարեկ Մկրտչյանին, Տիգրան Եփրեմյանին, Արմեն Փարսադանյանին, Արման Սահակյանին, Վահե Խուդավերդյանին, Արթուր Մկրտչյանին, Հրայր Սիմոնյանին, Մանվել Հարությունյանին, Արտակ Պողոսյանին, Վահրամ Հարությունյանին, Արթուր Զախարյանին, Գրիշա Հովհաննիսյանին, Աշոտ Մուսայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, հանդիսանալով ՀՀ ՊՆ Ն զորամասի զինծառայողներ, 2020թ.-ի հոկտեմբերի 08-ին տեղափոխվել են մարտական կարգադրությամբ նախատեսված վայր եւ անցել ծառայողական պարտականությունների կատարմանը, իսկ 14.10.2020թ.-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պարագայում հրաժարվել են զինվորական առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, այն է՝ թողել են մարտական դրությամբ նախատեսված վայրը եւ առանց համապատասխան թույտվության վերադարձել են զորամաս։
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ