Հայաստանում ապրանքաշրջանառության եւ շուկայի քաոսային վիճակը, ըստ տնտեսագետների, համապատասխան մարմինների անգործության հետեւանք է։ Հենց այդ մարմիններից մեկը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը, ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։ Հայկական շուկայի նվազ վաճառքի պատճառով եւ 20-30 տնտեսվարողի շնորհիվ փակվեց Wildberries-ի՝ ռուսական տարբերակով պատվերների հնարավորությունը։ Ըստ որոշ վերլուծությունների՝ շուկան որոշ ժամանակ կմնա կայուն, եւ գուցե բավարար չափով ապրանքաշրջանառություն չլինի, ինչը կնվազեցնի պահանջարկը եւ, հնարավոր է, առաջացնի գնանկում։ Շուկայում առկա հաջորդ խնդիրը վառելիքի գների կտրուկ աճն է, որը տեսչական մարմինը եւս չի վերահսկում։ Բենզինի, գազի եւ հեղուկ գազի գները վերջին երկու օրերին աճել են: Ըստ տնտեսագետների՝ դրա պատճառը իշխանության հովանավորչության տակ գտնվող անձանց ազդեցությունն է շուկայում, իսկ հենց այդ իշխանությունը իր մարդկանց է տալիս շուկայում արտոնություններ։ Սրանք եզրակացություններ են, որոնք անում են տնտեսագետները եւ տնտեսվարողները, սակայն ոչ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կամ ՏՄՊՊՀ-ն։ Այսպիսով, ո՞վ է ղեկավարում այս տեսչական մարմինը, եւ ի՞նչ ունեցվածք ունի նա. կառույցը 2018 թվականի հեղափոխությունից հետո ղեկավարում է Արմեն Կոտոլյանը։ Կոտոլյանը հայտարարագրել է 2 հողամաս Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում։ Նա հայտարարագրել է հիփոթեքով ձեռք բերված բնակարան եւ ավտոկայանատեղի։ Նա տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, ըստ երեւույթին, ծառայողական մեքենա է շահագործում։ Նրա հանձնված եւ վերադարձված փոխառությունները կազմում են 13 մլն 496 հազար դրամ։ Կոտոլյանը, որպես թանկարժեք իր, որի արժեքը 4 միլիոն է կամ գերազանցում է դրան, հայտարարագրել է ժամացույց, որը ժառանգություն է, իսկ արժեքը նշված չէ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 826 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 5 մլն դրամ։ Արմեն Կոտոլյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 24 մլն 836 հազար դրամ։ Տարեկան եկամուտներից 13 մլն 669 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ վարչապետի աշխատակազմից, իսկ 612 հազարը աշխատանքի վարձատրություն է Երեւանի քաղաքապետարանից, 388 հազար դրամը՝ որպես այլ եկամուտ՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայից, 445 հազարը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից է՝ որպես եկամտահարկի վերադարձ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմում է 9 մլն 883 հազար դրամ։ Կոտոլյանի՝ վարկի մարմանն ուղղված վճարները կազմել են 6 մլն 831 հազար դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգմանը հատկացրել է 10 մլն 200 հազար դրամ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Կոտոլյանի հետ համատեղ բնակվող Ռուզաննա Կոտոլյանը հայտարարագրել է 1 հողամաս, 1 հողին ամրակցված անշարժ գույք, որոնք համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2021 թվականին, եւ 1 միանձնյա սեփականությամբ բնակարան։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 297 հազար դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 3 մլն 550 հազար դրամ, որից 2 մլն 550 հազարը աշխատանքի վարձատրություն է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից (որտեղ Արմեն Կոտոլյանը նախկինում աշխատել է որպես առաջատար ինժեներ), իսկ 178 հազար դրամը Ռուսաստանից ստացված կենսաթոշակային ֆոնդն է։
Օդում կախված վտանգ կա Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխին. այս մասին խոսում են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ հանրության լայն շերտերը: Որտեղից է վտանգը՝ դեռ տեսանելի չէ, բայց փաստ է, որ ընդդիմադիրների մոտ սպասումներ կան, Նիկոլ Փաշինյանի ու թիմակիցների մոտ անհանգստություն ու վախ կա, իսկ լայն հանրությունը սպասում է, թե ով ումով կփոխարինվի առաջիկայում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է բոլոր թիմակիցներին (նախարարներ, պատգամավորներ, կուսակցության վարչության մյուս անդամներ), որպեսզի մեկ մարդու նման սկսեն նամակներ գրել, զանգահարել միջազգային գործընկերներին եւ հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունը մտադիր է Հայաստանում իշխանափոխություն անել, եւ որ իրենք ունեն օգնության կարիք: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն էլի Արեւմուտքից փորձում է աջակցություն ստանալ, պահպանել իր իշխանությունը՝ վախեցնելով, թե իրեն փոխարինելու կգա Հայաստանում պրոռուսական ուժ կամ գործիչ: Հիմա ողջ թիմը, քարոզարշավին, ձայներ հավաքելուն զուգահեռ, նաեւ նամակներով ու զանգերով է զբաղված, որպեսզի տարբեր մայրաքաղաքներին բացատրեն, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալը նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը կուժեղանա Հայաստանում: Տեղեկացանք նաեւ, որ դիվանագիտական կորպուսն էլ է ստացել հրահանգ, որպեսզի տարբեր խողովակներով տեղեկացնեն տարբեր երկրների իշխանություններին, թե ինչ վտանգներ կան Փաշինյանի իշխանության գլխին:
Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հրաժարվել է երեկ մասնակցել Հանրայինի կազմակերպած հեռուստաբանավեճին: Իհարկե, փաստարկն այն է, որ նա կարծում է, որ Պետրոս Ղազարյանն ի վիճակի չէ հավասար պայմաններ ապահովել բոլոր կողմերի համար, եւ բանավեճը օբյեկտիվ չի լինելու: Իրականում գուցե կա այդպիսի խնդիր, բայց բանավեճից հրաժարվելը, միեւնույնն է, լայն հանրության կողմից ընկալվեց որպես թուլության նշան: Ստացվում է, որ Հայկ Մարությանն անկարող է պաշտպանվել, ներկայացնել իր դիրքորոշումները, հակափաստարկները, մինչդեռ նրա դերասանական տաղանդը հենց այդտեղ էր պետք գալու: Եղածն արդեն եղած է: Ամեն դեպքում, նրա կողմից դատարկ թողնված տաղավարը կնշանակի, որ Մարությանը, որ խոսում էր, թե իրեն արգելվել կամ խոչընդոտվել է իրականացնել ծրագրերը, որ շատ աշխատանքներ մնացել են կիսատ ոչ թե իր, այլ իշխանությունների մեղքով, այլեւս համոզիչ չի լինի: Նա, ի վերջո, կարող էր ողջ ճշմարտությունը իշխանության երեսով տալ հենց ուղիղ եթերում:
Արդարադատության նախարարությունը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել։ Երեկ նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո Արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել: Քննության արդյունքները դեռ չկան։ Իսկ ի՞նչ դեպքի մասին է խոսքը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Մասնավորապես, գրել էինք, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար: ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Ասել է թե՝ նախարարությունում ստուգում են, թե ինչպես է կալանքի տակ գտնվող նախկին նախարարը գնացել տուն։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Ատոմյանն ազատվեց Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15-ից։ Ի դեպ, դեռեւս ՔԿ ծառայության պետի պաշտոնը դատարկ է, ու չեն կարողանում թեկնածու գտնել։