ՏԻԳՐԱՆ ԱՐԶԱՔԱՆՑՅԱՆԸ՝ ՎԻՐԱՎՈՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին քարոզարշավի ժամանակ ընտրողը ոչխար էր անվանել, ինչին ի պատասխան՝ Արզաքանցյանն ասել էր. «Ոչխարը դու ես. ես քո չոբանն եմ»։ Այս միջադեպի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարց է ուղղել Տիգրան Արզաքանցյանին։

 

-Ձեր թույլտվությամբ, պարո՛ն Արզաքանցյան, կուզեմ խոսենք միջադեպի մասին, որը հայտնվեց համացանցում. ո՞վ Ձեր քարոզարշավի ժամանակ  վիրավորեց Ձեզ, որին տեղում պատասխանեցիք դուք: Պարզե՞լ եք՝ ով էր:

-Այո, պարզել ենք: Ուրեմն, ամեն ինչ այսպես սկսվեց. այդ օրը առավոտյան մենք շուկայում էինք, ինքը եկավ մեզ մոտ, ներկայացավ որպես «Դոգի զոմբի», ասաց՝ ես «Դոգի զոմբին եմ», պատասխանեցի, որ դա ձեր գործն է, Ձեր իրավունքը, ինչ ուզում եք, արեք: Դրանից հետո մենք Կոմիտաս փողոցի վրա բակային հանդիպումներ արեցինք, վերջացրինք , նստեցինք մեքենաները, որ գնանք, այդ ժամանակ էլ ինքը վիրավորեց: Դե ես էլ ի՞նչ պետք է անեի: Մարդիկ երբ վիրավորում են, անպատիվ խոսքեր են ասում, մոռանում են որ դա իրենց ներսի հայելին է, իրենց շողքն է, իրենք իրենց են դրանով ցույց տալիս: Երբ ինքն այդ կենդանու անունը տվեց, ես էլ պատասխանեցի, որ նման դեպքում ես էլ կարող եմ դառնալ հովիվը՝ տիրապետելով նման կենդանիներին:

Մեկ անգամ կարող ես լռել, երկրորդ անգամ, բայց մենք էլ ենք մարդ: Իհարկե, կարող ենք արհամարհել, բայց անընդհատ լսել նման մեկնաբանություններ անհնար է:

-Ձեզ չպատասխանե՞ց, երբ Դուք ասացիք, որ կարող եք իր հովիվը լինել, ամեն ինչ հենց այնպես սահմանափակվե՞ց:

-Այո, սահամանափակվեց:

-Պարո՛ն Արզաքանցյան, ամուսիններով եք քարոզարշավ անում՝ թանկարժեք մեքենայից չիջնելով: Կընտրե՞ն Ձեզ, ի՞նչ եք կարծում:

-Թանկարժեք մեքենայից իջնում ենք, ես դպրոցն ավարտելուց հետո ունեցել եմ մեքենա, բանակից հետո էլ եմ ունեցել, միշտ էլ ունեցել եմ տարբեր մեքենաներ: Հանրության մեջ մենք գալիս ենք, մեքենան կանգնեցնում ենք, ման ենք գալիս, ժողովրդի հետ շփվում ենք, հանդիպումներ ենք ունենում բակերում, տարբեր կազմակերպություններում, ընկերություններում: Երբ գնում ենք մի տեղից մյուսը, միայն այդ ժամանակ ենք մեքենայից իրազեկում տարբեր վարչական շրջաններում:

Մենք հա՛մ մեքենայով ենք քարոզարշավ անում, հա՛մ ոտքով:

-Պարո՛ն Արզաքանցյան, ի վերջո, ըստ Ձեզ, վստահության քվե կտա՞ն քաղաքացիները Ձեզ:

-Չգիտեմ: Ամենակարեւորը՝ քարոզարշավն ու ընտրությունները արդար ու թափանցիկ անցնեն, առանց վեճի, առանց վիրավորանքների, բայց տարբեր մարդկանց կողմից օգտագործված պետական լծակներն ու խախտելը կանոնները  հաճելի բան չէ:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 

ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն իր քարոզարշավի վերջին օրը կեզրափակի բակային այցով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Ազգային առաջընթաց»-ը քարոզարշավի վերջին օրը լինելու է Կենտրոն վարչական շրջանում:

Մարությանի նախընտրական շտաբի մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք՝ հնարավոր է արդյոք՝ իրենք էլ վաղը հանրահավաք անեն: «Ո՛չ, հանրահավաք չի լինելու, կսահմանափակվենք միայն բակային այցով»,-ասաց նա:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադիր չէ պահպանել ավագանու իր մանդատը եւ քաղաքապետ չընտրվելու պարագայում պատրաստվում է հրաժարվել դրանից ու անցնել իր սիրելի գործին՝ դերասանությամբ գումար աշխատելուն:

Կուբաթյանից փորձեցինք ճշտել նաեւ այս տեղեկությունը, սակայն նա հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ:

 

 

 

ՔՊ ՀԱՐՑՈՒՄՆԵՐ

Hraparak.am-ը գրում է. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարբերաբար ներքին հարցումներ է անցկացնում, նաեւ` ուժայինների միջոցով: Նման հարցումներ միշտ են անցկացվում. ԱԱԾ-ն հատուկ մեթոդոլոգիա ունի տարբեր թեմաներով հարցումներ անելու, որոնց մասին անգամ հարցվողները չեն իմանում: Ավելի հաճախ դրանք ռեյտինգներ չափելու համար են արվում, եւ դրանով իշխանությունը փորձում է հասկանալ, թե հասարակության որ մասի վստահությունն է վայելում: Ընտրությունների նախօրեին, բնականաբար, հարցումներն արվում են ընտրությունների հավանական արդյունքները գնահատելու նպատակով:

Վերջին հարցումներն ուղղված են Երեւանի ավագանու ընտրությունների հավանական արդյունքներին: Ըստ այդմ՝ այս անգամվա հարցումների արդյունքներով՝ չնայած առաջատարը ՔՊ-ն է, սակայն ուժային կառույցներն ահազանգել են, որ իշխող կուսակցության գործերն այնքան էլ լավ չեն, եւ աշխատելու դեռ շատ տեղ կա. պետք է վերջին օրերին քրտնաջան աշխատել, որ ցանկալի արդյունքին մոտենալու հույս ունենան: Ըստ այդ հարցումների՝ որեւէ ուժ չի կարողանալու հավաքել 50+ ձայն, որպեսզի քաղաքապետ ընտրի եւ Երեւանում իշխանություն ձեւավորի:

Ինչ վերաբերում է մյուս ուժերին, ապա մոտավոր պատկերն, ըստ իշխանական հարցումների, այսպիսին է. Տիգրան Ավինյան, Հայկ Մարության, Մանե Թանդիլյան, 4-րդ տեղում քվեաթերթիկի 4-րդ համար Վիկտոր Մնացականյանն է՝ «Հաղթանակ» կուսակցությունով։

Այնուհետեւ կրնկակոխ իրար հետեւից մի քանի ուժ են գալիս` «Հանրային ձայնը» եւ Անդրանիկ Թեւանյանի «Մայր Հայաստանը»»:

 

 

 

ՔԱՅԼԵՐԻՑ ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ

Իշխանության ներսում անտեղյակ են միմյանց քայլերից ու հայտարարություններից: Այն, որ Ադրբեջանի հետ բանակցությունները հայրենի իշխանությունները խիստ գաղտնի են վարում, միայն Նիկոլ Փաշինյանն ու արտգործնախարարն են բանակցային մանրամասներին տիրապետում, գաղտնիք չէ, բայց որ իշխանական ոլորտի պատասխանատու պատգամավորներն այսքան անտեղյակ են բանակցություններից, սա իսկապես, մեղմ ասած, տարօրինակ է: «Ժողովուրդ» օրաթերթն արձանագրել է, որ մեկ օրվա մեջ բանակցային գործընթացի համար պատասխանատու երկու անձինք՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Սարգիս Խանդանյանը, խիստ իրարամերժ հայտարարություններ են անում: Այսպիսով, դեռ նախորդ ամիս՝ օգոստոսի 25-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին է փոխանցել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր նոր առաջարկները։ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանն էլ իր հերթին երեկ լրագրողների հետ զրույցում, խոսելով հայկական կողմի փոխանցած առաջարկներից, հայտարարեց, թե Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի նոր առաջարկներին: Մինչդեռ, Խանդանյանի հայտարարությունից ընդամենը ժամեր անց՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արտգործնախարար Արարատ Միրզոյանը ամբողջովին հակառակը հայտարարեց: Միրզոյանի խոսքով՝ հայկական կողմն ընդամենը երկու օր առաջ ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները: «Գործընթաց կա, քննարկում կա։ Կրկին, դժբախտաբար, պետք է ասեմ, որ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից»,-հայտարարեց նա: ՔՊ-ականների այս իրարամերժ հայտարարությունները կրկին փաստում են, որ իրականում Նիկոլ Փաշինյանը բանակցային գործընթացի մանրամասները խիստ գաղտնի է պահում իր թիմակիցներից:

 

 

 

ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է:

«Ժողովուրդ» օրաթերթն առաջինն էր գրել, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը քարոզարշավը մտադիր է սահմանափակել մեծ հանրահավաքով, որին մասնակցելու է ողջ իշխանական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

Այսօր ՔՊ-ականներն իրենց աջակիցների հետ քայլերթ սկսեցին Էրեբունի թանգարանից դեպի Երեւանի քաղաքապետարան, որտեղ ամփոփիչ հանրահավաք տեղի կունենա: Իշխանությունն արդեն տեւական ժամանակ է՝ պատրաստվում է այդ հանրահավաքին, քաղաքապետարանի շենքի առջեւ մեծ բեմ են հավաքել, որպեսզի ելույթ ունենան: Հանրահավաքին երկար ելույթով հանդես է գալու նաեւ Նիկոլ Փաշինյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանականները ողջ պետական ռեսուրսը կենտրոնացնելու են այդ օրվա հանրահավաքին, ամեն ինչ անելու են, որ մարդաշատ լինի այն, որպեսզի ցույց տան, թե ինչքան բարձր ռեյտինգ ունեն իրենք մայրաքաղաքում:

Պետական ապարատներում աշխատողներն արդեն հրահանգներ են ստացել, որ երեկոյան՝ աշխատանքային ժամից հետո, պարտադիր գան քայլերթի, հետո՝ հանրահավաքի, ավելին՝ աշխատակիցներին հրահանգվել է, որ ոչ միայն իրենք գան, այլ նաեւ մարդիկ բերեն իրենց հետ:




Լրահոս