ԿԱՆԱՆՑ՝ ԲԱՆԱԿ ԶՈՐԱԿՈՉՎԵԼՈՒ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Կառավարությունը լրացումներ եւ փոփոխություններ է կատարել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» oրենքի դրույթներում զորակոչի անցկացման գործընթացում այդ քաղաքացիների մասով իրականացվող գործողությունները հստակեցնելու նպատակով:

 

Ըստ հիմնավորման՝ օրենքում կատարված լրացումների եւ փոփոխությունների արդյունքում սահմանվել են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների զորակոչի կազմակերպման գործընթացը, դիմումների ներկայացման ժամկետները, պարտադիր զինվորական ծառայության զորակոչման առանձնահատկությունները, զորակոչելու կամ պարտադիր զինվորական ծառայության ոչ ենթակա ճանաչելու պայմանները եւ նման որոշում կայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը, զորակոչված իգական սեռի զինծառայողների ծառայության կազմակերպման պայմանները, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան կարգավորումներ նախատեսել որոշման մեջ:

Թեմայի առնչությամբ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր ժամկետային վեց ամսվա ծառայության որոշում կայացնել եւ համապատասխան այդ որոշումը փաստաթղթավորել, բայց զորակոչվելուց հետո վեց ամսվա ծառայությունը դառնում է պարտադիր: Եվ սա կարեւոր սկզբունք է, որպեսզի եւ՛ որոշում կայացնողը որոշում կայացնելիս լրջորեն քննարկի, դիտարկի, եւ՛ նաեւ Պաշտպանության նախարարությունը կարողանա որոշակի հաշվարկներ անել, թե ինչ ռեսուրսներ են պետք այդ նպատակի համար:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաեւ, որ Պաշտպանության նախադրությունն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման աշխատանքները. «Մենք հասկանում ենք, որ սա բոլորովին նոր ինստիտուտ է Հայաստանի Հանրապետության համար, եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի բոլոր առումներով փորձենք այս ծառայությունը զրոյից ստեղծել՝ ցանկացած հնարավոր ամենապատշաճ մակարդակով: Իհարկե, առաջիկայում նաեւ տեղում կլինենք, աշխատանքների ընթացքին կծանոթանանք, որպեսզի ամեն ինչ մեր ուզածով ընթանա»:

Սուրեն Պապիկյանն էլ հայտնել է, որ կանանց առաջին զորակոչը նախատեսվում է 2024 թ. ձմռանը, բայց հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչը։

 

 

 

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՑԸ՝ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ

«Ս.թ. սեպտեմբերի 14-ից Ստեփանակերտ քաղաքում կմեկնարկի հացի կտրոնների տրամադրման 2-րդ փուլը, որը կտեւի երկու օր». այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից։

 

 

«Կտրոն ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի բնօրինակով եւ հանրային ծառայությունների համարանիշով ներկայանալ կտրոնների տրամադրման այն կետը, որտեղից առաջին փուլի ընթացքում տվյալ ընտանիքը ստացել է հացի կտրոնները»:

Ըստ աղբյուրի՝ յուրաքանչյուր ընտանիքից կարող է ներկայանալ մեկ չափահաս անձ՝ ստանալով ամբողջ ընտանիքի անդամների կտրոնները։ Ընտանիքի մյուս անդամների փաստաթղթերը ներկայացնելու անհրաժեշտություն չկա, բացառությամբ այն դեպքերի, եթե տեղի է ունեցել ընտանիքի անդամի ավելացում։

Այդ պարագայում ներկայացվում են նաեւ վերջինիս փաստաթղթերը։

«Կտրոնները կտրամադրվեն հետեւյալ կետերում՝ համապատասխան նշված ժամանակացույցի. համար 6, 7, 9, 12 դպրոցներ, ԱՀ բնակարանային հարցերի կոմիտե (Ազատամարտիկների փ. 39) եւ ԱՀ սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարության վարչական շենք (Ազատամարտիկների փ. 54)՝ ժամը՝ 09:30-18:30, համար 2, 5, 10 դպրոցներ՝ ժամը 12:00-18:30: Կտրոնների տրամադրման կետերը կաշխատեն՝ համաձայն տվյալ հասցեներում էլեկտրաէներգիայի հովհարային անջատման գրաֆիկի:

Ստացած կտրոններին անհրաժեշտ է վերաբերվել խնամքով, քանի որ կորցրած կամ վնասված կտրոնի դիմաց նոր կտրոն չի հատկացվի:

Հացի վաճառքի, ինչպես նաեւ տվյալ օրն իրացման ենթակա կտրոնների համարների վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Ստեփանակերտ քաղաքում փաստացի բնակվող յուրաքանչյուրի համար նախատեսված է կտրոն, այդ պատճառով մեր քաղաքացիներին հորդորում ենք հերթերում պահպանել արժանավայել կարգուկանոն՝ նպաստելով գործընթացի արագ կազմակերպմանը», – տեղեկացնում են Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությունից:

 

 

 

ՍՊԱՌՆՈՒՄ Է ՓԱԿԵԼ

Տավուշի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում՝ մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից անցկացված աշխատանքային նիստի վերաբերյալ հրապարակման տակ, «Բագրատաշեն, նոր կյանք» անունով օգտատերը, որպես նյութի մեկնաբանություն, վերջնագիր է ներկայացրել։ Նա մասնավորապես գրել է. «Որեւէ գումար մի՛ հատկացրեք, հատկապես` Տավուշի մարզպետին. նրանք գործ չեն անում։ Երկրորդ տարին է, ինչ խնդրում ենք Պտղավան գյուղի դպրոց տանող ճանապարհը գոնե շիբինապատեն։ Մեկն ասում է՝ դաշտամիջյան է, չենք անելու, այնինչ բնակելի նոր թաղամաս է, նշված փողոցով երեխաները դասերի են հաճախում  ցեխի ու փոշու միջոցով, ավելին՝ անձրեւների ժամանակ այն անանցանելի է, բազում մեքենաներ են թաղվում եւ փչանում։ Խոսքը Պտղավանի 15 փողոցի մասին է։ Եթե այն չսարքվի, ստիպված ենք լինելու փակել ե՛ւ այդ ճանապարհը, ե՛ւ դեպի Բագրատաշենի մաքսակետ տանող ճանապարհը։ Հարգելի՛ կառավարություն, դուք ժամանակ տվե՛ք եւ հետամուտ եղե՛ք եւ թույլ մի՛ տվեք մեր համբերությունը չարաշահել, հարգելով կառավարությանը՝ այս օրվանից 10 օր էլ կհամբերենք, հակառակ դեպքում մենք զերծ ենք պատասխանատվությունից»։

 

 

 

 

ԴԱՀԼԻՃԸ ՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ

Տավուշի մարզպետ  Հայկ Ղալումյանը սեպտեմբերի 5-ին որոշում է ընդունել, որով որոշել է «թույլատրել Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից «Մարզպետարանի շենքի դահլիճի վերանորոգման» աշխատանքների ձեռքբերումը կատարել մեկ անձից՝  «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ն մասի 2-րդ կետի հիման վրա»։  Բարվոք վիճակում գտնվող մարզպետարանի դահլիճի նորոգման ի՞նչ հրատապ անհրաժեշտություն առաջացավ սեպտեմբերին, ինչո՞ւ նախկինում  մարզպետարանի դահլիճի նորոգման աշխատանքների մրցույթ չի հայտարարվել։

 

 

 

 

ԳՐՔԵՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Դիլիջանի քաղաքային գրադարանը տեղակայված էր  Մշակույթի պալատի վերջին հարկում, տանիքի անձրեւաջրերն ու ձյան հալոցի ջրերը թափվում էին գրքերի վրա, անձրեւաջրերը լցվում էին գրադարանի մի հատվածը: Գրադարանի աշխատողները գրքերը ջրերից պաշտպանելու համար ծածկում էի պոլիէթիլենային տոպրակներով, ձմռանը խոնավ գրքերը չորացնում էին վառարանների մոտ, իսկ ամռանը՝ օդափոխում: Դիլիջանի մշակույթի պալատը  վերանորոգման մեջ է, հոկտեմբերին կլրանա նորոգման մեկ տարին։ Գրադարանի գրքերը, պարկերի մեջ լցված, գտնվում են Մշակույթի պալատի առաջին հարկում գտնվող դահլիճում։ Գրադարանի 13 աշխատողները 11 ամիս հարկադիր պարապուրդի մեջ են, որի  համար աշխատավարձի 2/3 մասն են ստանում։ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ Մշակույթի պալատը վերանորոգում է «Արտդիանշին» ՍՊԸ-ն։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս