ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ ԿԿԱՆԳՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«30 տարի առաջ գործընկերոջս հետ զեկույց ենք գրել, թե այդ օրերին ինչ էր տեղի ունենում Ղարաբաղում, 30 տարի անց, դժբախտաբար, իրավիճակը Ղարաբաղում չի բարելավվում»,-  սեպտեմբերի 15-ին՝ Երեւանում հրավիրված մամուլի ասուլիսին, հայտարարեց Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

 

«Ինձ միշտ ապշեցնում է այն միաձայնությունը, որով դուք կիսում եք մի ընդհանուր նպատակ, այն է՝ ապրել խաղաղ, արժանապատիվ եւ անվտանգ ձեր իսկ սեփական հողում։ Այդ բաղձանքը շարունակում է լցնել իմ սիրտը։ Հիշում ենք ղարաբաղյան առաջին պատերազմի սարսափները. ես այնտեղ եմ եղել անձամբ եւ տեսել Ադրբեջանի կողմից ձեր ժողովրդին հասցված հսկայական տառապանքը։ Անձամբ եմ ականատես եկել, թե ինչպես է Ադրբեջանի կողմից օրական 400 գրադ արձակվում Ստեափանակերտի վրա, տեսել եմ, թե ինչպես է 500 կգ-անոց ռումբ ընկնում քաղաքացիական տների վրա։

Մեծ ցավով եմ հիշում, երբ արցախցիները օգնություն կանչեցին, աշխարհին կանչեցին. աշխարհը նախընտրեց չլսել։ Շատ ազգեր իրենց ականջները փակեցին, այդպիսով է՛լ ավելի սատարեցին մեղավորներին՝ անպատիժ կերպով շարունակելու իրենց բռնություններն ու սպանությունները», – ասաց բարոնուհին:

Նա հավելեց, որ վշտացած է միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ:

«Արցախի բնիկ, հայ քրիստոնյա բնակչությունը կանգնած է իր պատմական հողում էթնիկ եւ կրոնական զտումների առջեւ: Այս իրավիճակը գնալով սրվում է: Մինչ օրս որեւէ ազգ կամ միջազգային կազմակերպություն չի արձագանքել հայ ժողովրդի աղաղակներին՝ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ ԵԱՀԿ-ն, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ ՆԱՏՕ-ն, ոչ ՀԱՊԿ-ը եւ ո՛չ էլ Ռուսաստանը: Ոչ մի ժողովուրդ չի դիմադրել Ստեփանակերտի նկատմամբ Բաքվի տարածքային հավակնություններին:

«Հարց է առաջանում՝ միջազգային հանրությունից ո՞վ դեմ կկանգնի, եթե Բաքուն տարածքային հավակնություներ ունենա Երեւանի, Սեւանի կամ Զանգեզուրի նկատմամբ։ Ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը չի թաքցրել իր ռազմավարական նպատակը, դա է՝ գրավել ձեր հայրենիքը», – ասաց բարոնուհին։

Նա նշեց, թե Ստեփանակերտի «Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնի» հիմնադիր Վարդան Թադեւոսյանը երկու օր առաջ իրեն ասել է հետեւյալը. «Սննդի պաշարները վերջանում են, մեկ ձվի արժեքը հիմա 800 դրամ է։ Հոգնել ենք նման պայմաններում ապրելուց, հոգեկան հիվանդ ենք դարձել, կարծես բանտում լինենք՝ չիմանալով, թե որքան ժամանակ պետք է մնանք այստեղ»։

Բարոնուհին ասուլիսի ընթացքում մեջբերեց Հայաստանում գտնվող արցախցիներից մեկի՝ իրեն փոխանցած խոսքերը. «Ամեն օր տեսնում եմ տատիկիս՝ հացի հերթում կանգնած նկարները. նա ամեն օր հերթից ձեռնունայն է տուն վերադառնում։ Եղբայրս ալերգիա ունի, քույրս՝ շաքարային դիաբետ, բայց դեղորայք չեն կարողանում ձեռք բերել։ Սիրտս կտոր-կտոր է լինում. միակ բանը, որ ուզում եմ՝ շրջափակումը վերջանա, որ կարողանանք միասին լինել»։

«Առանց հայկական Արցախի Հայաստանի Հանրապետության գոյությունն է՛լ ավելի կվտանգվի, քան վտանգված է այսօր»,- հայտարարեց Քոքսը։

Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի եւ առեւտրային համաձայնագրի դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն իրենց ինքնորոշման իրավունքից: Քոքսը վստահ է՝ այդպիսով ավելի քան 120.000 բնիկ հայ կդառնա հակահայկական ավտորիտար պետության քաղաքացի. նրանք ստիպված կլինեն զիջելու իրենց ազատությունն ու սեփական հողի նկատմամբ վերահսկողությունը:

 

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՈ՞ՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ վերջին օրերին ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ փորձում են ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից մի խումբ քաղաքացիների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն ներկայացնել որպես զինծառայողների տարհանում:

«Հարկ ենք համարում նշել, որ Արցախի Հանրապետությունում ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողներ չկան, որի մասին պաշտոնական Ստեփանակերտն ու Երեւանը հայտարարել են բազմիցս:

Արցախից ռուսական խաղաղապահների կողմից տեղափոխված անձինք հայաստանյան եւ արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներ են, ՌԴ քաղաքացիներ ու նրանց ընտանիքների անդամներ, ինչպես նաեւ հանրապետությունում շինարարության, հանքարդյունաբերության ոլորտներում ընդգրկված ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնագետներ եւ բանվորներ, որոնք Ադրբեջանի կողմից շրջափակման հետեւանքով կորցրել են աշխատանքն ու չեն կարողացել վերադառնալ մշտական բնակության վայր:

 

 

 

ԿԱՄՈՒՐՋ Է ՓԼՈՒԶՎԵԼ

Ադրբեջանի հյուսիսում գտնվող Խաչմազի շրջանում փլուզվել է Գուդիալչայ գետի կամուրջը: Այս մասին, հղում անելով հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարությանը, հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ Խաչմազ-Խուդաթ ճանապարհին կամրջի փլուզման հետեւանքով գետն է ընկել մարդատար ավտոմեքենա, տուժել է երեք մարդ: Նրանց տեղափոխել են Խաչմազի կենտրոնական շրջանային հիվանդանոց։

 

 

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ՍՊԱՌՆԱԼԻ՞Ք

«Ռուսաստանը ոչ ոքի համար սպառնալիք չի ստեղծում»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ոչ ոքի համար սպառնալիք չենք ստեղծում։ Ամենամեծ սպառնալիքը, որ այսօր ստեղծվում է աշխարհում,  ստեղծվում է այսօրվա իշխող էլիտաների կողմից, եւ նրանք, ի դեպ, իրենք են խոսում այդ մասին»,- ասել է Պուտինը Սոչիում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։

 

 

 

ՄԻԵԴ-Ը ՄԵՐԺԵՑ

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ողբերգական ավտովթարի հետեւանքով  զոհված արցախցի Հելեն Դադայանի աճյունն Արցախ տեղափոխելու հարցով դիմումը Եվրոպական դատարանը մերժել է: Այս մասին հայտնեց Հելենի մորեղբայրը՝ Մուշեղ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 12 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել են 6-ը։

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԿՆԱՐԿԸ

Ադրբեջանը ակնարկել է Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրման իրական նպատակների մասին:  «Ադրբեջանահայկական սահմանին Լաչինի անցակետի ստեղծումից եւ դրա գործունեությունը սկսելուց հետո աշխատանքներն արագացվել են շուրջ 400 հետախուզվողների ձերբակալման եւ հետաքննության տեղափոխման ուղղությամբ», – լրագրողներին ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիեւը։ Գլխավոր դատախազի խոսքով՝ «Ղարաբաղում ռազմական հանցագործություններ կատարած հայազգի մի քանի անձինք ձերբակալվել են»։ «Անցակետի տեղադրումից հետո արագացվել են մոտ 400 հետախուզվողների ձերբակալելու եւ հետաքննությանը փոխանցելու աշխատանքները։ Հուսով եմ, որ այս ուղղությամբ ապագայում մենք ավելի դրական արդյունքների կհասնենք»,- ասել է Քեմրան Ալիեւը։

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ խորհրդակցության օրակարգում Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետեւանքով հանրապետությունում ստեղծված իրավիճակն էր եւ դրա հաղթահարման մեխանիզմները։ Արծարծվել են նաեւ բնակչության պարենային խնդիրների լուծման, գյուղատնտեսական ապրանքների գնագոյացման, կենսական նշանակության ապրանքների բաշխման  հետ կապված եւ այլ հրատապ խնդիրներ: Նախագահ Շահրամանյանը նշել է, որ կառավարությունը պետք է օպերատիվ միջոցներ ձեռնարկի հանրապետությունում առկա պարենային ռեսուրսների կետրոնացման, բնակչությանը կենսական նշանակության ապրանքների տրամադրման գործընթացը կտրոնային համակարգի միջոցով կազմակերպելու ուղղությամբ:

«Մենք պետք է անհապաղ արձագանքենք բնակչության շրջանում  առկա դժգոհություններին, օգտագործեք բոլոր անհրաժեշտ միջոցները գյուղատնտեսական ապրանքների գնաճը կանխելու, գները կարգավորելու եւ առկա սուղ միջոցներն արդար բաշխելու համար», – ընդգծել է երկրի ղեկավարը:

Նշենք, որ խորհրդակցության ընթացքում նախագահն անդրադարձել է նաեւ ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստանի Հանրապետություն քաղաքացիական անձանց  տեղափոխման խնդիրներին: Սամվել Շահրամանյանը նշել է, որ այդ գործընթացը պետք է իրականացվի խիստ վերահսկողության պայմաններում, թափանցիկ ու գործող կարգերին համաձայն: Այդ համատեքստում երկրի ղեկավարն ընդգծել է տեղերում աշխատանքային խմբեր ստեղծելու անհրաժեշտությունը:

Հավելենք, որ նախագահը խորհրդակցության օրակարգային հարցերի վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ է տվել լիազոր  մարմինների ղեկավարներին:

 




Լրահոս