ԵԽ Կոնգրեսի 9-հոգանոց դիտորդական պատվիրակությունը ավարտել է իր առաքելությունը կիրակի օրը՝ սեպտեմբերի 17-ին Հայաստանի մայրաքաղաքի 12 թաղամասերում կայացած Երեւանի ավագանու ընտրություններում։
«Ժողովուրդ» օրաթերթը Կոնգրեսի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից տեղեկանում է, որ ընտրությունների օրը Կոնգրեսի յոթ թիմ՝ Կառլա Դեժոնգեի (Բելգիա, ILDG) գլխավորությամբ, այցելել է Երեւանի բոլոր թաղամասերի՝ պատահականության սկզբունքով ընտրված մոտ 113 ընտրատեղամասեր՝ այտեղ գտնվելով բացման պահից մինչեւ փակում եւ հաշվարկ: Տեղում այս առաքելությանը նախորդել էին սեպտեմբերի 15-16-ը հանդիպումները ընտրական հիմնական շահագրգիռ կողմերի, դիվանագիտական կորպուսի, լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների թեկնածուների հետ:
Ընդհանուր առմամբ, պատվիրակությունն արձանագրել է հանգիստ, խաղաղ եւ լավ կազմակերպված ընտրություններ՝ առանց լուրջ միջադեպերի կամ անոմալիաների:
Պատվիրակությունը նշել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) ներկայացուցիչների աջակցությամբ ընտրողների իսկությունը հաստատող սարքերն ու տեսախցիկները անխափան գործել են քվեարկության ողջ օրվա ընթացքում՝ նվազեցնելով կեղծիքների հնարավորությունները եւ ամրապնդելով ընտրողների վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ:
Պատվիրակությունը ափսոսանք է հայտնել ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հատկապես երիտասարդ ընտրողների շրջանում հետաքրքրության պակասի համար, ինչը երեւում է Երեւանում երբեւէ գրանցված ամենացածր մասնակցությամբ:
«Ի լրումն՝ տեղական շահերին վերաբերող հարցերը երբեմն ստվերվում էին բազմաթիվ ընտրողների եւ մրցակիցների կողմից Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ հասկանալիորեն արտահայտված անվտանգության մտահոգությունների պատճառով: Մեզ մնում է միայն կիսել երեւանցիների մտահոգությունը եւ կոչ անել արագ կարգավորել այս իրավիճակը։
Քարոզարշավը բեւեռացված էր, այն գլխավորում էին քաղաքապետի թեկնածուները: Պատվիրակությանը զեկուցվել է իշխող կուսակցության օգտին վարչական ռեսուրսի չարաշահման եւ ԶԼՄ-ների կողմնակալության վերաբերյալ հայտարարությունների մասին։ Այդ առումով եւ հավասար մրցակցային պայմաններ ապահովելու նպատակով մենք հավատում ենք պաշտոնական քարոզարշավին նախորդող ժամանակաշրջանի վերաբերյալ լրացուցիչ երաշխիքների անհրաժեշտությանը, այդ թվում՝ քարոզարշավի եւ կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ»:
Ինչպես ավելի վաղ Կոնգրեսը առաջարկել էր, ընտրատեղամասերի հասանելիությունը մնում է կարեւոր խնդիր, որը պահանջում է հետագա հրատապ միջոցներ:
«Մենք նշեցինք, որ կային մի քանի ոլորտներ, որտեղ, թեեւ իրավական դաշտը համարժեք էր թվում, օրենքի ոգով որոշ դրույթների իրականացումը կարող էր ավելի բարելավվել:
Օրինակ՝ թեեւ բոլոր ցուցակներում պահպանվել է կին թեկնածուների 30% քվոտան, ցուցակների ղեկավարները շատ քիչ են եղել կանայք եւ, հետեւաբար, թերներկայացված են հանրային քննարկումներում»:
Կոնգրեսի առաքելությունից հետո հանձնարարականի նախագիծը կքննարկվի Կոնգրեսի հաջորդ նստաշրջանում՝ 2023 թվականի հոկտեմբերի 25-ին Ստրասբուրգում (Ֆրանսիա)»։
ՀԱՍԱՎ ԱՐՑԱԽ
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության մեկ բեռնատար եւ երկու մարդատար ավտոմեքենաներ Աղդամով շարժվել են Ստեփանակերտի ուղղությամբ եւ արդեն հասել են Ասկերան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշենք, որ Արցախի իշխանությունները հայտարարել են, որ ընդունում են Լաչինի միջանցքով եւ Աղդամի ճանապարհով բեռների համաժամանակյա տեղափոխումը։
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Հայտնի է սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած՝ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության ցուցանիշը: Այսպիսով, ընտրություններին մասնակցել է 234,553 քաղաքացի կամ ընտրողների միայն 28,46%-ը: Սա Երեւանի պատմության մեջ ամենացածր մասնակցության ցուցանիշն է:
Համեմատության համար նշենք, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կայացած Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ստացել էր 294 092 ձայն կամ 81,06 %: Այսինքն՝ այս ընտրություններին մասնակցել է ավելի քիչ մարդ, քան 2018-ին ընտրել էր նրանց:
ՔՊ-ԻՆ ՉԵՆ ԸՆՏՐՈՒՄ
Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին կայացած ընտրություններին ՔՊ-ն ստացել է 75 հազար 463 ձայն։
«Ժողովուրդ» օրաթերթը համեմատական է անցկացնում նախորդ տարիների հետ։
2018 թվականի Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքը ստացել է 294.092 քվե։
2018 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում Երեւան քաղաքում «Իմ քայլը» դաշինքը ստացել է 290.439:
2021 թվականի ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Երեւան քաղաքում ստացել է 181.180 քվե:
Այս թվերը ցույց են տալիս, թե տարեցտարի որքան է նվազում ՔՊ ընտրողների թիվը։
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՎԵՑԻՆ
Սեպտեմբերի 11-ին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդես էր եկել Արթուր Իվանի Հարությունյանի հրաժարականի մասին հայտարարությամբ:
Ավելի ուշ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 2 կետը՝ Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 18-ին ստորագրել է արձանագրություն՝ Ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի, «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավարի՝ Արթուր Իվանի Հարությունյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
«ԾԻԾԱՂԵ՛Ք ՈՒ ԱՆՑԵ՛Ք»
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Հանրապետություն» կուսակցության ավագանու թեկնածու Անի Խաչատրյանի հետ, որը ոչ միայն հերքեց լուրը, այլեւ հորդորեց նման լուրերի ընդհանրապես ուշադրություն չդարձնել, պարզապես ծիծաղել ու անցնել, որովհետեւ չեն համապատասխանում իրականությանը:
«Մամուլում նմանատիպ լուրերի հանդիպելիս պարզապես ծիծաղեցի ու անցա, բնականաբար չկա նման բան, ասեմ ավելին՝ աղանդավորական կազմակերպությունները չէին կարող քվեարկել «Հանրապետություն» կուսակցության օգտին, որովհետեւ «Հանրապետություն» կուսակցությունը, բացի հայ-առաքելական եկեղեցուց, բոլոր աղանդավորական կազմակերպություններին միշտ դեմ է եղել եւ դրա մասին բազմիցս բարձրաձայնել է»,-ասաց նա:
ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ
Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով ընդդիմադիր ուժերը կարող են միավորվել եւ քաղաքապետ ընտրել, ու այս միտքը հանգիստ չի տալիս Նիկոլ Փաշինյանի թիմին: Նրանք որոշել են վերահաշվարկի համար դիմել ԿԸՀ՝ հույսով, որ այդպես գոնե կկարողանան ձայներ ավելացնել: ՔՊ-ն նաեւ հույս ունի, որ մեկ մանդատ «կգողանա» ընդդիմադիրներից, որպեսզի անհրաժեշտ քվեներ ապահովի, եւ Տիգրան Ավինյանը քաղաքապետ դառնա: Կուսակցությունը երեկ քննարկել է տարբերակ. «Հանրային ձայն» կուսակցությունը, որը 7 մանդատ է ունենալու ավագանու կազմում, ունի կալանավորված 1 անդամ։ Այսինքն, փաստացի, քվեարկության կարող է մասնակցել 6 հոգի, եթե Արտակ Գալստյանը չհրաժարվի ավագանու իր մանդատից:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Ընտրական օրենսգրքում այդ մասով որեւէ հստակեցում առկա չէ, եւ կարող է լինել երկու սցենար. կա՛մ պետք է միջնորդություն ներկայացվի նախաքննական մարմնին կամ դատախազին, որ խափանման միջոցը վերանայեն, ավագանին ներկայանա նիստին, քաղաքապետ ընտրի, կա՛մ ընտրված ավագանին պետք է հրաժարվի մանդատից, որ հաջորդ համարն ընտրվի ու մասնակցի նիստերին։ Այսինքն, եթե Վարդան Ղուկասյանի ուժը ցանկանում է պահպանել այդ մեկ ձայնը, ինչը շատ կարեւոր է, ապա պետք է Արտակ Գալստյանը հրաժարվի իր մանդատից։ Եթե ոչ, կստացվի, որ ՔՊ եւ «Հանրապետություն» կուսակցությունները ունեն ճիշտ այնքան մանդատ, որքան Մարության-Թեւանյան-Գալստյան դաշինքը:
Այսպիսով՝ ՔՊ-ին պակասում է 1 մանդատ, որ Ավինյանին դարձնի քաղաքապետ:
Իսկ Հայկ Մարությանը ասում է՝ կամ ինքը պետք է քաղաքապետ դառնա, կամ նոր ընտրություններ լինեն: Սպասենք զարգացումներին: